12. ԴՈՒՔ ԵՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

(Բազմակնությունն ազգի փրկության միակ ելքն է)

 

Ահա այսպիսի երկարաշունչ, բայց բովանդակալի վերնագրով հրապարակ է իջել գենդերային շարժման առաջամարտիկ, գրականագետ-լեզվաբան-իրավաբան Ան. Դադարյանի նոր մենագրությունը նվիրված կանանց տոնական միամսյակին՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ: Գիրքն իրենից առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում և ընդհանրապես չէինք էլ անդրադառնա, եթե չմիջամտեր Մաեստրոն, որի խիստ արժեքավոր առաջաբանով է գիրքը լույս տեսել: Աշխատության երկրորդ արժանիքն այն է, որ գրահրատարակչության պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել մի գիրք, որն ունի խիստ օգտակար և գործնական նշանակություն մեր պանծալի կանանց և աղջիկների համար. – բանն այն է, որ գիրքը տպագրված է հատուկ մշակված, քիմիական նուրբ և բարդ բաղադրություն ունեցող թղթի վրա, այնպես որ, սիրելի կանայք, կարդալուց հետո գրքի էջերը կարող եք օգտագործել որպես միջադիր՝ ձեր հերոսական-կրիտիկական օրերին: Ահա այսպիսի նվեր տոնի կապակցությամբ Ան. Դադարյանի կողմից: Եվ որպեսզի ձեր տրամադրությունն էլ ավելի բարձրանա՝ ներկայացնում ենք հատվածներ Մաեստրոյի առաջաբանից:

 

ՄԱԵՍՏՐՈ

ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵ՞Ս ԿՓՐԿԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Կան փաստեր, որոնց կողքով, առավել ևս՝ միջով կամ վրայով, հնարավոր չէ անցնել: Դրացից է մեր ժողովրդի բացահայտ նվազման ցավալի փաստը: Հիրավի, վերջին տասը տարիներին շեշտակիորեն նվազել են նորակազմ ընտանիքները, հետևաբար՝ նաև երեխաների ծնունդը և զարմանալիորեն աճել է մահացությունների թիվը: Իմ կարճ հաշվումներով, եթե այս տեմպով շարունակվի, ապա մի տասնամյակից հետո հայ ժողովրդից կմնա միայն սփյուռքահայ հատվածը՝ հին ուղղագրությամբ:

Ահա, այս տագնապահարույց իրադրության մեջ ազգի փրկության իր տարբերակն է առաջ քաշում իմ հին բարեկամ Ան. Դադարյանը: Նշանավոր լեզվաբանը, այդ դեպքում նաև մարդաբանը, գտնում է, որ ազգը (խոսքը հայ ազգի մասին է – ծ.հ.), կարելի է փրկել միայն բազմակնության օգնությամբ: Ճիշտն այն է, որ սա փրկության նոր ուղի չէ, բայց ինչպես իմաստուններից մեկն է ասել՝ յուրաքանչյուր նոր շալվար, դա լավ մոռացված հինն է, պարզապես մաքուր լվացած և կարկատած…

Ո՞րն է այս առաջարկի էությունը. երկարատև ուսումնասիրությունների արդյունքում Ան. Դադրյանը պարզել է, որ հրաշալի աղջիկների մի ստվար զանգված չի կարողանում ամուսնանալ անհրաժեշտ հումքի (խոսքը տղամարդկանց մասին է – ծ.հ.) բացակայության պատճառով: Ուրեմն, ո՞րն է ելքը՝ պարզապես հարկավոր է արդյունավետ օգտագործել մեր ունեցած հումքը, այսինքն՝ օրենսդրորեն թույլատրել հայ տղամարդկանց կազմել մի քանի ընտանիք: Այս դեպքում ինչպե՞ս վարվել հասարակական կարծիքի հետ, որը դատապարտում, հակաքրիստոնեական է համարում բազմակնությունը: Տևական բարեխիղճ և մանրազնին հետազոտությունների արդյունքում Ան. Դադարյանը հանգել է գիտական բարձր ճշգրտությամբ հիմնավորված, հստակ հետևության. այն է՝ թքել հասարակական կարծիքի վրա… Իսկ հավատի առումով գիտնականն առաջարկում է մեր քրիստոնեական կարգավիճակը սառեցնել մի քանի տասնամյակով, այսինքն այնքան, մինչև որ բնակչության թվով հասնենք գոնե Բանգլադեշին…

Հետաքրքիրն այն է, նշում է Ան. Դադարյանը, որ այս թեմայով հարցման ենթարկված կանանց  ճնշող մեծամասնությունը խանդավառությամբ է ընդունել բազմակնության փրկարար գաղափարը: Ափսոսանք ու տարակուսանք է առաջացրել հայ տղամարդկանց մեծամասնության կարծիքը. «Հանուն ժողովրդի փրկության,- ասել են նրանք,- մենք կարող ենք գիշեր-ցերեկ աշխատելով, տանջանք-չարչարանքով նույնիսկ տասը կին պահել, բայց հաշտվել մեկից ավելի զոքանչ ունենալու մտքի հետ… ԵՐԲԵՔ»:

Դե արի այսպիսի տղամարդկանցով մտածիր ազգի փրկության մասին: Այնպես որ, սիրելի կանայք, դուք եք մեր վերջին հույսը: Փորձեք համոզել տղամարդկանց, թե չէ կորած ենք:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ԿԱՆԱՆՑ

Անիծեք, խորհուրդ է տալիս Մաեստրոն, բայց տեղին ու չափավոր

Հայտնի է, թե ինչ կարևոր դեր է խաղում անեծքը հայ կանանց առօրյայում, բառապաշարի մեջ, մարդկային պարզ հարաբերություններում: Ի ուրախություն նրանց հայտնենք, որ Տոկիոյի լեզվաբանության գիտահետազոտական ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ, կենսաբանների հետ միասին գրեթե ֆանտաստիկ գյուտ են արել: Նրանք եկել են այն եզրակացության, որ անեծքը նման է յուրօրինակ վարակի հարուցիչի, որը կարող է փոխել նույնիսկ ջրի կառուցվածքը՝ նրա մոլեկուլները ձեռք են բերում թույնին բնորոշ հատկանիշներ: Սակայն գիտնականները պարզել են նաև, որ անեծքի՝ չար խոսքի թույնը հակառակորդին կործանելու հետ միաժամանակ գրեթե նույն ուժով կործանում է նաև անիծողին: Այնպես որ սիրելի կանայք, անիծեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

[sharify]