Երեխան լալիս է,- ասում էր հայրս:
Եվ մայրս շտապ կանչում էր ինձ տուն,
որպեսզի հայրս համոզվեր, որ
ոչինչ չի պատահել որդուն: Իսկ
ընդհանրապես, նրա լսողությունը ծանրացել էր
պատերազմից հետո, գրեթե ոչինչ չէր լսում`
իմ լացից բացի: Եվ հաճախ կտրում էր հայացքը
լրագրից, լարված նայում էր լուսամուտից դուրս.
— Երեխան լալիս է,- ասում էր ու անհանգիստ
մի կերպ կանգնում էր ցավող ոտների վրա,
գնում-գալիս էր սենյակի անկյունից-անկյուն…
Եվ մայրս վազում էր փողոց, կտրում էր ինձ խաղից
ու բերում էր տուն, որպեսզի հայրս համոզվեր, որ
ոչինչ չի պատահել որդուն: Թեև, ինչպես
հետագայում խոստովանեց մայրս զարմանքով,
հայրս հաճախ ճիշտ էր դուրս գալիս և հարյուրից
իննսունինը դեպքում մայրս ինձ գտնում էր աղիողորմ
ողբալիս` ծնկներս արյունած կամ գնդակս կորցրած…
… Իսկ երբ հետո, տարիներ անց հայրս մահացավ
և նրա դագաղի կողքին լալիս էի բարձրաձայն, մայրս
մշուշված նայելով ցավերից հանդարտված հորս դեմքին,
դառը կշտամբանքով ու տարակուսած ասում էր.
— Այս ինչքաˉն հեռու ես հիմա դու, այ մարդ,
որ երեխան կողքիդ լալիս է աշխարհով մեկ,
իսկ դու չես լսում բոլորովին…