Երազի պես հայտնվում էր թիթեռը,
նստում աչոնիկի մատին,
դառնալով մի կաթիլ մեղր,
դառնալով ցողի կաթիլ:
Եվ չքանում էր մեկեն հանկարծ,
դառնալով քաղցր հուշ անդարձ,
հրճվանքից ծնված արցունք
և նորից երազ հանգած…
Եվ գալիս,
անընդհատ գալիս է թիթեռը,
թևում է մատների շուրջ աղջկա,
չգիտես՝ կա, թե չկա,
այնքան գեղեցիկ ու թեթև է,
այնքան թավշյա է հպումը
և քաղցր է հպումը այնքան…
Կարծես հնչում է սրինգը,
և թիթեռը պարում էր, պարում,
նստում էր փոքրիկի մատներին,
նստում էր մազերին, շոյում էր,
այտերն ու աչքերը համբուրում…
— Վերադարձիր, վերադարձիր, թիթեռ,- կանչում էր
փոքրիկը հուսահատ,
բայց թիթեռը հեռանում էր, վերանում:
Որտե՞ղ է՝ երկնքո՞ւմ, ամպերո՞ւմ…
Աչոնիկի աչքերը փնտրում են,
աչքերը՝ կկոցած լույսից,
աչքերը՝ ծաղկի թերթիկներ,
թերթիկներին՝ արցունքներ հույսի…
Եվ թիթեռը երևաց վերջապես…
— Մի լքիր,- խնդրում էր աչոնիկը:- Մի լքիր դու ինձ:
Թիթեռը պարում էր, չէր լսում կարծես,
և ծաղկի բույր էր գալիս նրանից,
քամու, տերևի,
երկնքի բույր կա նրա թևերին…