Երևի նորից գարուն է,- մտածեցի
նայելով պատուհանից դուրս,
ծառին, որի ճյուղերին փոքրիկ
տերևներ էին հայտնվել,
թռչուններին, որոնք ջանասիրաբար
թափահարում էին թևերը, հավանաբար
օդում մնալու համար:
Երևի պայծառ օր է,- մտածեցի
նայելով ծայրեծայր կապույտ
երկնքին և արևին, որը բարեխղճորեն
լուսավորում ու տաքացնում էր բոլորին:
Երևի դու դեռ սիրում ես ինձ,- մտածեցի,
նայելով պատուհանից դուրս, աշնանը,
երբ մանր անձրև էր գալիս: