Հեռվում կան ուրիշ քաղաքներ, համոզվեցի ես, երբ ինքնաթիռը
բարձրացավ երկինք, իսկ երկինքը բարձրացավ ավելի վեր:
Ներքևում ամպեր են ճերմակ, տեղ-տեղ թուխ
երանգավորումներով և ես երկնքի ու ամպերի արանքում
անհանգիստ շուռումուռ եմ գալիս փափուկ բազկաթոռի մեջ
ընկղմված: Ծանր է բաժանումը հողից, և առավել ծանր է
թռչել` երկնքի և երկրի արանքով, երբ քեզ հետ չէ Աստված:
Եվ ես որոնեցի աստղերը և տեսա, որ բոլորն էլ իրենց
տեղերում են` ահա Ցիցերոնը պայծառ շողերի մեջ: Թևերը
հանդիսավոր տարածելով աջ ու ահյակ` խոսում էր ծերության,
բարեկամության, բայց հիմնականում պարտավորությունների մասին:
Զարմանալիորեն ուրախ էր Ջոն Կիտսը – մեզ
տեսնելով ձեռքը վեր պարզեց և կանչեց` ողջույն ցնծություն,
տխրություն ողջույն, սակայն ողբերգական էր Էսքիլեսի տեսքը,
կանաչ ճաճանչների մեջ էր Բորխեսը, որը երազում էր
Նոբելյան մրցանակ ստանալ, ինչից համառորեն հրաժարվում էր
Սարտրը, իսկ Բունյուելը առիթը չէր կորցնում չարախնդալ
այդ առիթով, և չկար միայն Նիցշեն — ամենաջերմեռանդը
հավատացյալներից` զի չես կռվի նրա հետ, ում չես տեսնում,
զի չես ատի նրան, ում չես սիրել երբևէ,
զի չես կորցնի այն, ինչը չես ունեցել բնավ…
Հեռվում կան ուրիշ քաղաքներ` համոզվեցի ես, երբ ինքնաթիռը
բարեհաջող վայրէջք կատարեց Կահիրեում, և օդակայանի
բարձրախոսը կանացի ձայնով խոսեց
անտարբեր ու անծանոթ լեզվով: Եվ անցավ ևս մի օր: