— Տե՞ր ես, որդյակս,- հարցրեց քահանան, մինչ ես
կամրջի եզրին կանգնած մտածում էի` հանե՞մ պիջակս
նետվելուց առաջ, միգուցե վերնաշապիկս էլ հանե՞մ…
— Տեր եմ, հայր սուրբ, անշուշտ տեր եմ,- մտախոհ պատասխանեցի,
վերջնականապես որոշելով հանել ինչ կա, չկա հագիս
և մորեմերկ հեռանալ այս աշխարհից,
այնպես, ինչպես որ մի օր լույս աշխարհ եմ եկել:
— Տե՞ր ես, որդյակս,- շնչակտուր հարցրեց քահանան,
որն ինձ հետ միասին սուրում էր կամրջից ներքև
մենդելսոնյան հանդիսավոր մեղեդու ուղեկցությամբ,
և վայրկյաններ անց բախվելու էինք ասֆալտին,
որը նոր էին փռել ճանապարհին` Լինսի հիմնադրամի միջոցներով:
— Տեր էր,- ուրախացած շշնջաց վերջին պահին
ետ դարձած քահանան ականջին հարսնացուիս,
որն այս էլ քանի տարի է կամրջի վրա կանգնած
սպասում է վերադարձիս: