67. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՍՈՑԻԱԼԻԶՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵԿ, ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Проза > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Ճիշտ է, Մաեստրոն այս շաբաթ իր կյանքի երջանիկ շրջանն էր վայելում՝ ամուսնական մեղրամիսը, սակայն դա չխանգարեց, որ նա կիսվի մեզ հետ նախընտրական շրջանի ամենակարևոր օրերի մասին իր տպավորություններով: Նա դարձյալ նստած էր Մարտիրոս Սարյանի պուրակում և զրուցում էր ինչ-որ մի մորուքավոր երիտասարդի հետ:

ՄԱԵՍՏՐՈ.- Ծանոթացեք, երիտասարդը նկարիչ է: Հիմնականում մրգեղեն է նկարում, սակայն չի խուսափում նաև բանջարաբոստանային կուլտուրաներից: Ես նրան մի քանի կարևոր խորհուրդներ տվեցի, որոնք, կարծում եմ, շատ պետք կգան նրա՝ որպես քաղաքացի և նկարիչ ձևավորվելուն և կխթանեն նրա կայացման ու հասունացման գործընթացը:

ԹՂԹԱԿԻՑ.- Հետաքրքիր է, թե ինչ խորհուրդներ եք տվել, Մաեստրո, կիսվեք մեզ հետ, չէ՞ որ այդ դեպքում Ձեր խորհուրդները կհասնեն հանրապետության, ինչու չէ, նաև մեր սփյուռքահայ նկարիչներին… Ի վերջո, նրանք էլ Ձեզանից սովորելու շատ բաներ ունեն:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, ես գտնում եմ, որ բոլոր արվեստագետները և մեր դեպքում՝ նկարիչները, պետք է բազմակողմանի զարգացած անհատականություններ լինեն, այլ կերպ դժվար է հաջողության հասնել և, ընդհանրապես, տեղ ապահովել նկարիչներով բերնեբերան լցված մեր փոքրիկ հանրապետությունում: Օրինակ, այս տարի ես ուշադրությամբ հետևում է Վերնիսաժում ընթացող նկարների առևտրին և նկատեցի, որ շատ հաջող ու արագ վաճառվում էին ծիրան պատկերող կտավները:

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչո՞վ եք բացատրում այդ երևույթը, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.- Պատճառը շատ պարզ է՝ եթե հիշում եք անցյալ տարի գարնանը ծառերի ծաղկման շրջանում ուժեղ կարկուտներ եղան, և դրանից մեծապես տուժեցին հատկապես ծիրանի ծառերը: Այս բնական աղետին տեղյակ նկարիչներն անմիջապես արձագանքեցին շուկայի պահանջներին և թափով սկսեցին ծիրան նկարել, էհ, ժողովուրդն էլ վրա տվեց ու խլխլեց բոլոր նկարները: Ճիշտ է, նկարած ծիրանն ուտել չէին կարող, բայց ինչքան ուզես, կնայես… Ախր, ասում են, չէ՞. «Մարդու աչքը պիտի կուշտ լինի…»:

ԹՂԹԱԿԻՑ.- Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիք այս տարվա համար:

ՄԱԵՍՏՐՈ.- Նախքան այս տարվան հասնելը ուզում եմ մի քանի դիտողություններ անել՝ կապված անցյալ տարեվերջի հետ: Այո, նախատոնական իրադարձությունները ցույց տվին, որ մեր նկարիչները բացարձակապես հեռու են մեր իշխանության աշխատանքներից, պարզապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ: Եթե տեղյակ լինեին, ապա կիմանային, որ նախարարի հրամանով արգելվել էր մեր անտառներից նոր տարվա համար եղևնիներ հատելը: Եթե իմանային, ի՞նչ կանեին: Պարզ է, որ եղևնիներ կնկարեին՝ համոզված լինելով, որ այդ շրջանում եղևնիների դեֆիցիտ է լինելու: Եվ նրանք եղևնիներ կնկարեին, իմանալով, որ այդ նկարները մեծ պահանջարկ կունենան: Չէ՞ որ մեր բնակչության մեծամասնությունն այս տարի ամանորն անցկացրեց առանց եղևնու: Իսկականը չկա՞ր, գոնե նկարը կառնեին, կդնեին սենյակի կենտրոնում, երեխաները պար կբռնեին շուրջբոլորը…

Ինչ վերավերում է այս տարվան, խորապես համոզված եմ, որ շատ լավ կվաճառվեն դեղձն ու, հատկապես, խաղողը:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ինչո՞ւ հատկապես դեղձն ու խաղողը:

ՄԱԵՍՏՐՈ.- Էհ, բալա ջան, նկարիչները չգիտեն՝ դեռ ոչինչ, ներելի է, մեծ մասը ոչ թերթ է կարդում, ոչ հեռուստացույց է նայում, ոչ էլ ռադիո լսում, դու ախր, լրագրող ես, պիտի որ անպայման իմանայիր, չէ՞, որ այս ձմեռ մեր «հեռատես» երկրագործներն այգեթաղ չէին արել, և ցուրտն ամբողջ խաղողը տարել է, դեղձն էլ հետը… Դա նշանակում է, որ այս տարի ծիրանի հետ միասին խաղողի ու դեղձի համն էլ չենք տեսնի… Ուրեմն պատկերացրու, եթե նկարներն էլ չլինեն, կարող է այդ մրգերը լրիվ մոռանանք: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ հենց հիմա շատ լավ կվաճառվեին կարտոֆիլն ու սոխը: Ձմեռվա համար բնակչության առածը լրիվ ցրտահարվեց, և մարդիկ ձմեռվա կեսին մնացին առանց կարտոֆիլի ու սոխի, գոնե նկարներով մխիթարվեն:

ԹՂԹԱԿԻՑ.- Ես հիացած եմ Ձեր համակողմանի գիտելիքներով, սակայն անդրադառնանք այսօրվա հրատապ խնդիրներին, ասել է թե՝ ընտրություններին: Մեր ընթերցողներից շատերը, որոնք մասնակցել են սոցիալիստական-կոմունիստական թևի թեկնածուների միտինգներին, մեզ բազմաթիվ նամակներ են հղում՝ խնդրելով իմանալ Ձեր կարծիքը, թե արդյո՞ք ճիշտ են ասում թեկնածուները, թե ընտրվելու դեպքում կարող են սոցիալիզմ կառուցել մեկ, առանձին վերցրած, Հայաստանում:

ՄԱԵՍՏՐՈ.- Հնարավորը հնարավոր է, բայց մեծ ու ավելորդ ծախսերի հետ է կապված, պիտի բոլոր փողոցների անունները փոխել, պիտի քանդել «Լինսի» հիմնադրամի հաշվին կառուցած փողոցները, վերանորոգված մշակութային օջախները, ո՞ր մեկն ասեմ, դեսպանատները պիտի հանենք… Էդ ամեն ինչը փող է, չէ՞: Բայց ամենամեծ ծախսը կապված է Լենինի արձանների հետ, երևի թե մի երկու-երեք հազար արձան սարքելու ու տեղադրելու կարիք զգացվի, իսկ գիտե՞ս ինչ արժե մի արձանը, գնա գերեզմանոց, մասնագետներին հարցրու, ինչքա՞ն փող են վերցնում հանգուցյալների արձանների համար… Մեծ փողեր են: Հետո էլ, բալա ջան, ի՞նչ իմաստ ունի… Սոցիալի՞զմ եք ուզում, լիքը սոցիալիստական արդեն կառուցված երկրներ կան, գնացեք, վայելեք ձեր սոցիալիզմը: Զարմանալի ժողովուրդ ենք, տապակվում ենք սոցիալիզմի կարոտով, բայց երկրից փախչելիս կապիտալիստական Ամերիկայի ճամփեն ենք բռնում: Չտեսանք, որ մեկը, նույնիսկ ամենաթունդ սոցիալիստն ու կոմունիստը, ընտանիքով սոցիալիստական Կորեա գաղթեր, կամ գոնե Կուբա… Էն խեղճ Ֆիդել Կաստրոյի աչքերը ջուր կտրեցին հայ սոցիալիստներին ու կոմունիստներին սպասելով…

ԹՂԹԱԿԻՑ.- Լավ, Մաեստրո, իսկ Դուք ո՞ւմ եք Ձեր ձայնը տալու:

ՄԱԵՍՏՐՈ.- Էհ, վայ թե չկարողանամ որևէ մեկին ձայն տալ…

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչո՞ւ:

ՄԱԵՍՏՐՈ.- Երեկ սառը գարեջուր խմեցի և զգում եմ, որ ձայնս խզվում է, հազիվ եմ խոսում, վախենամ՝ մինչև ընտրության օրը ձայնս լրիվ կտրվի: Էդպիսի ձայնն ո՞ւմ է պետք:

[sharify]