Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ
այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք
անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից:
Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք,
որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից.
թող առատ ձյուն տեղա, և անհուսորեն փակվեն
ավտոմայրուղիները, և դադարեցվեն թռիչքները
ինքնաթիռների, և գնացքները կանգնեն
անորոշ ժամանակով…
Ի՞նչ մի դժվար բան է՝ արգելափակոցներ դրեք,
որ ես չհեռանամ այս փոքրիկ փողոցից,
հայտարարեք համաճարակ՝ խոզի կամ այծի գրիպի,
զգուշացրեք, որ կվտանգեմ ձեր և այլոց կյանքերը,
եթե մի ոտք անգամ դուրս դնեմ
այս փոքրիկ փողոցից, որի բոլոր ծառերին, թփերին
և մայթեզրի քարերին և նույնիսկ անտեր շներին
վարժվել եմ անդառնալիորեն:
Եվ ո՞վ ասաց, որ չի կարելի օրենք ընդունել
և կտրականապես թույլ չտալ գոնե մեկ մարդու՝
այսինքն գոնե ինձ, — դուրս չգալ իր փոքրիկ տանից,
ասենք՝ երթևեկությունը խցանումներից
ազատելու նպատակով:
Ոստիկան կկարգեք հենց դռանս առաջ,
և նա թող բամբակ խցկի ականջների մեջ,
որպեսզի չլսի իմ աղաչանք-պաղատանքը
և չբացի դուռը, ինչքան էլ խնդրեմ ու համոզեմ…
Ահա արդեն քանի օր է
ես ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել արթնանալու համար: