Երջանկությունը այն է,
ինչ մենք կորցնում ենք ամեն օր
և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,
երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ
անհրաժեշտ բառեր ես որոնում
արցունքներդ մեկնաբանելու համար:
Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.
անմոռանալի թափառումներ
երաժշտության փողոցներում,
և քրտինք,
որ հեղեղի նման հոսում է ներքև,
և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,
արև ու անապատ ու չվերջացող քայլեր…
Երջանկությունը…
դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,
որովհետև երջանկությունը հենց այն է,
ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,
որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում
և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,
պիտի մոռանանք արևի տակ շուռումուռ գալով,
ցատկոտելով ջրի մեջ,
հիանալով փողոցների անթերիությամբ,
աղջիկների հետևից նետելով կոպիտ ու
աններելի բառեր
և խոսելով, անվերջ խոսելով:
Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,
գուցե անձրև լինի, և դու կծկվես շենքի մուտքի մոտ,
և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,
ինձ մոտենալիս — թրջված ու ողբալի,
կիմանաս, որ երջանկությունը այն է,
ինչ հեռվից մոտենում է քեզ
և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,
անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր
մեկի պատմած
ձանձրալի ու տխուր մի իրողություն:
Օ՜, ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ
կենտրոնում,
բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն
դնելով
աղավնիներից ազատ տարածության վրա:
Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ
և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,
բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն
գտնելու հույսով, որտեղ կարելի է նստել
մենակ ու հանգիստ,
ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի
կյանքի մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`
հանկարծակի հայտնված արցունքներդ
մեկնաբանելու համար…