9. ՄԱԵՍՏՐՈՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ, Ի ՎԵՐՋՈ, ՎԵՐԱԾՎԵՑ ՍՐՏԱՌՈՒՉ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ՝ ՆՈՅ ՆԱՀԱՊԵՏԻ ՀԵՏ՝ ՆՎԻՐՎԱԾ՝ ՈՒՇԱՑՈՂ ՋՐՀԵՂԵՂԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Դժվար է պատկերացնել համաշխարհային գրականության լավագույն երկերն առանց մենախոսությունների, օրինակ, ասենք, առանց Համլետի մենախոսության: Հայ գրականության մեջ ամենահայտնին Պեպոյի մենախոսությունն է՝

  Գնա, Պեպո, գետինը լիզեԽալխի ոտները պաչ արա

  Մեր դեպքում «Լինսի» հիմնադրամի պատճառով Երևանի գետինը լիզելը խիստ վտանգավոր է: Ահա թե ինչու Մաեստրոյի մենախոսությունը բոլորովին այլ նյութի է նվիրված:

 

ՄԱԵՍՏՐՈՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Վերնագիրն, ինչ խոսք, չափազանց երկարաշունչ, բայց միաժամանակ խիստ տարողունակ ու ծանրակշիռ ստացվեց: Բայց մի՞թե կարելի էր այլ բան ակնկալել մենախոսությունից, որն առնչվում է մեծ ու փոքր հանցանքներով իրեն վերջնականապես արատավորած  աշխարհի բնակչության անփառունակ վախճանին: Այո, սիրելիներս, ինչպես գիտեք, վերևներում, խոսքս շատ վերևների մասին է, արդեն վաղուց ծրագրված էր երկրորդ հազարամյակը մեկընդմիշտ ավարտել հանդիսավոր, շքեղ ու փառավոր ջրհեղեղով, որի անհրաժեշտությունը, մեր բոլորիս համոզմամբ, վաղուց է հասունացել  – մարդկությունը, ինչպես վերևում արդեն նշեցինք, որ կողմ նայես՝ թաղված է մեղքերի ու խոցերի մեջ… Այստեղ տեղին կլիներ հրատապ ու ծավալուն մեջբերում կատարել անցյալի որևէ դասական հեղինակից, գերադասելի է՝ Դանթեից, որն իր նշանավոր ստեղծագործության մեջ կոնկրետ փաստերի վրա նկարագրում է մեղավոր հոգիների տառապանքը, մանրամասնորեն ցուցադրելով, թե երկրային որ հանցանքին ու զանցանքին ինչ զարհուրելի ու անխուսափելի պատիժ է նախատեսված այնկողմյան աշխարհում… Սակայն այս անգամ ես որոշել եմ յոլա գնալ առանց Դանթեի օգնության՝ երկու հիմնավոր պատճառով: Նախ, որ մեջբերումների առատությունը սեփական խոսքի անլիարժեքության ամենահավաստի և կարկառուն ապացույցն է: Դանթեական մեջբերումներից հրաժարվելուս երկրորդ և հիմնական պատճառն այն է, որ ներկա սերունդը, ցավոք սրտի, լիովին կորցրել է հետաքրքրությունը թե՛ Դրախտի երանելի գորշ միապաղաղության և թե՛ Դժոխքի սարսափների նկատմամբ, վերջինս, և հատկապես Քավարանը, նրանց համար Դիսնեյլենդի նման մի բան է, ընդ որում, շատերի համոզմամբ, Դիսնեյլենդի ատրակցիոն խաղերի մեջ կան շատ ավելի զարհուրելի փորձություններ, քան մեծ իտալացու պատկերած դժոխային պարունակներում… Եվ հետո, վերջին տասնամյակի հատկապես առաջին տարիներին, մեր ժողովուրդն, օրինակ, այնպիսի անօրինակ տառապանքների միջով անցավ, որոնք ստիպում են կառուցվածքային հրատապ փոփոխություններ անցկացնել Դժոխքի հատկապես այն պարունակներում, որոնք պատկերում են ջեռուցվող կաթսաներ ու եռման ջրեր… Ձմռան սառնամանիքներից սահմռկած, տաք ջրից ու լողանալուց վաղուց զրկված հայ նույնիսկ ամենաարդար մարդն անգամ կարող է հանցագործության  դիմել հենց միայն դժոխք ընկնելու, հավերժորեն ջեռուցվող կարասներում տաքանալու, եռման ջրերում լողանալու գաղափարով ու հեռանկարով գայթակղված… Այո, անզեն աչքով էլ դժվար չէ նկատել, որ Դրախտ-Դժոխք ինստիտուտներով մարդկանց վերափոխելու, մեղքից հեռու պահելու և Ուղիղ ճանապարհ հանելու մեխանիզմները  վաղուց չեն գործում, այնպես որ, Աստծո փոխարեն ով էլ լիներ, պիտի մտածեր մարդկության ներկա սերունդը պարզապես վերացնելու, նոր, անմեղ ու արդար սերունդ աճեցնելու մասին: Կարճ ասած, առանց համաժողովրդական ռեֆերենդումի էլ հասկանալի ու պարզ է, որ այս համընդհանուր կաշառակերության, ալան-թալանի, մարմնավաճառության և հոգեվաճառության դեմ միայն ջրհեղեղով է հնարավոր պայքարել:

Այս ամենը լավ… բայց երկրորդ հազարամյակը վաղուց է ավարտվել և վաղուց արդեն սկսվել է երրորդ հազարամյակը, իսկ ջրհեղեղը չկա ու չկա: Ես ինքս հույսս արդեն լրիվ կտրել էի, երբ լուրեր տարածվեցին, որ Կենդանաբանական այգուց քիչ վերև Ջրաշխարհ է բացվել: Շնչակտուր նետվեցի այդ ուղղությամբ՝ ենթադրելով, թե երևի Նոյ նահապետը նոր ջրհեղեղին (վերևների հետ, անշուշտ, խորհրդակցելով), Ջրաշխարհ ծածկանունն է դրել, ըստ երևույթին, մեղավոր ժողովրդին հանկարծակիի բերելով՝ փաստի առաջ կանգնեցնելու նպատակով: Այս ենթադրությունն առավել հավանական էր թվում գազանանոցի հարևանության պատճառով՝ հայտնի է թե Աստծո հրահանգով Նոյն ինչքան գազան փրկեց՝ զույգ առ զույգ տեղավորելով իր փոքրիկ տապանում… Մի խոսքով, քրտնմխած տեղ հասա, և մեծ եղան զարմանքս ու հիասթափությունս, երբ ջրհեղեղի փոխարեն տեսա մի արտակարգ գեղեցիկ զվարճավայր, ուր ամռան տապից փախած կիսամերկ մարդկանց մի հոծ բազմություն վայելում էր լճակների զովությունն ու սրճարանների բարիքները:

[sharify]