ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՇՔԸ ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄԸ / ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Reviews >

Եթե պահանջ ծագեր Հովհ. Գրիգորյանի նոր գիրքը երկու բառով գրախոսելու, ապա նույն գրքի «Մանկություն» բանաստեղծության առաջին երկու տողը հրաշալի բնորոշում-գրախոսություն կդառնային.

Եվ միայն մարդկանց դեմքերն են փոխվում,

Իսկ հայացքը`  երբեք:

Բանաստեղծի համար հայացքը շատ իմաստներ ունի. տեսնել, զգալ, նույնիսկ հաղորդել… մի խոսքով, տվյալ դեպքում, հայացքը աշխարհը բանաստեղծորեն դիտելն է, գուցե և՝ նույն բանաստեղծությունը: Եվ այս բնորոշումն իսկապես ճիշտ է, քանի որ «Բոլորովին ուրիշ աշուն»-ը կազմված է բանաստեղծ մոտ 20 տարվա ստեղծագործություններից (1961-1980), որոնք հնարավորություն են տալիս համոզվելու, թե ինչպես Հովհ. Գրիգորյանը, հավատարիմ մնալով ինքն իրեն, աշխարհը տեսնելու իր կերպին, կարողացել է ավելի հեռուն տանել բանաստեղծական իր տարածքները:

Հովհ. Գրիգորյանի առաջին ժոզովածուն՝ «Երգեր առանց երաժշտության», ոճական մի արտաքին ամբողջականություն ուներ, որը հնարավորություն չէր տալիս տեսնելու, թե որտեղից է գալիս բանաստեղծը և դեպի ուր կարող է գնալ: Պատճառը թերևս այն էր, որ հեղինակն իր առաջին գրքում հավաքել է սեղմ ժամանակահատվածի մեջ (3-4 տարի), գրված գործերը, ուստի և աչք զարնող միասնականություն կար, մինչդեռ ՝«Բոլորովին ուրիշ աշունը»-ը ասես հեղինակի շուրջ 20 տարվա հաշվետվությունը լինի և, իհարկե, առիթ է տալիս բանաստեղծի անցած ամբողջ ուղու մասին խոսելու:

 Ահա 1961-1963 թվականներին գրված երեք բանաստեղծություն՝ «Ամենառառջինը», «Լինում է կյանքում մի բարդ ժամանակ…», «Ստվերները»: Գործեր, որ վկայում են բանաստեղծի առաջին քայլերի մասին: Ճիշտ է, սրանց զուգահեռ, նույն թվականներին Հովհ. Գրիգորյանը «Պիոներ կանչում» լույս է ընծայել մանակական մի շարք սրամիտ և հասուն բանաստեղծություններ, որոնք նույնպես կարող են ստեղծագործկան կենսագրության սկիզբը վկայել, սակայն թվարկված երեք բանաստեղծությունները ոչ միայն ստեղծագործական սկզբունքների արմատներն են բացահայտում, այլև հաջողությամբ դիմանում են 10-12 տարի հետո գրված բնաստեղծությունենրի մրցակցությանը, և, ինչպես հատուկ է պատանեկան տարիներին գրված բանաստեղծություններին (իսկ այս երեքը Հովհ. Գրիգորյանը գրելէ 16-17 տարեկանում), դեռևս անաղարտ, անփորձ և ամեն ինչ կապույտ երկնքի ու վառման արևի լույսով նայող բանաստեղծն շտապում է տեսնել հեռուն, գուշակել ապագան, մտածել ապառնի ժամանակով: Նա շտապում է հասունանալ, թափանցել կյանքի գաղտնիքների մեջ: Թերևս սա է պատճառը, որ բոլոր իսկական բանաստեղծների պատանեկան գործերն առաջին հերթին զարմացնում են հասունությամբ: Այս երեք բանաստեղծություններում նկատվում են ոչ միայն անցյալից եկող, նոր կերպարանք առնող և ապագայի մասին հուշող ազգային բանաստեղծական ժառանգականությունը, այլև պոեզիայի ներկան (ըստ 60-ական թվականների համապատկերի) և, իհարկե, գրական արժեքների վերագնահատման, վերաիմաստավորման մեջ իր ապագան կանխագուշակող սկսնակ հեղինակը, ապա գրապայքարի հնարավոր դրսևորումները:

 Կարող է թվալ, թե չափից ավելի շատ բան ենք ուզում տեսնել պատանեկան տարիներին գրված բանաստեղծություների մեջ, թե դրանք կանխագուշակումներ չեն, այլ պատահական զուգադիպություններ, թե բանաստեղծն ավելի շատ ենթադրել է զգայականորեն, քան կռահել բանականությամբ և այլն, և այլն: Եվ իսկապես, դրանցից յուրաքանչյուրը կհնչեր լոկ որպես լավ բանաստեղծություն, եթե դուրս բերվեր իր օրերի միջից, բայց երբ իր առաջին քայլերն անող, աշխարհ անցուդարձին իր բոլոր զգայարաններով «լայն բացված» բանաստեծը գրում է.

Լինում է կյանքում մի բարդ ժամանակ

երբ խառնվում է ամեն ինչ իրար,

չգիտես վե՞րջ է, սկիզբ է հստակ,

առո՞ւ է, թե մի հեղեղ է վարար: 

Կա մի պահ կյանքում,- աշնանը հաճախ

ծառերը հանկարծ կանաչ են հագնում,

և հանց բնության հզոր ձեռքի խաղ՝

գարունն է կարծես կրկին ետ դառնում,-

ապա անհնար է չնշմարել 60-ական թվականների եռուն մթնոլորտը, երբ պարադոքսներն իսկապես շատացել էին կյանքում և բանաստեղծական տողերում, երբ իսկապես դժվար էր որոշել (այն էլ 15-16-ամյա բանաստեղծի համար) «վե՞րջ, թե սկիզբ է հստակ», երբ նահանջող պոետական գեղարվեստական արժեքների որոտը փորձում է լռեցնել բանաստեղծական քիչ թե շատ նոր խոսքի չնչին հնարավորությունները, աննշան ծիլերը: Այս բանաստեղծությունը և «սկզբի» տրամադրությունները միայն ներքին մղումների արդյունք կարող էին լինել, քանզի դեռևս երկու-երեք տարի կար, մինչև Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գրքի լույս տեսնելը, որն իրոք շրջեց հայ բանաստեղծությունը դեպի արդիականություն: Նորի սպասումներն, անշուշտ, շրջում էին գրական մթնոլորտում, որից դեռ հեռու էր պատանի սկսնակը:

Գրականության պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ անգամ օժտված բանաստեղծները, առանց որևէ դժվարության կարողանում են դյուրաթեքորեն հարմարվել ժամանակի, օրվա, նույնիսկ պահի թելադրանքին, պատահում է, որ ստեղծում են արժեքավոր գործեր, սակայն օրվա պահանջին տուրք տալուց հետո, տարիների հետ նրանցում նոր, երբեմն էլ հակադիր, անսապսելի որակներ են ի հայտ գալիս: Գուցե սա ևս բանաստեղծի ներքին հարստության, բազմակողմանիության ապացույց է, սական, կարծում ենք, որ ժամանակի մեջ ավելի ծանրակշիռ հետք են թողնում այն բանաստեղծները, որոնցում առաջին քայլերի համահնչությունը երևում է ոչ միայն տվյալ օրվա, այլ հետագա տարիների հետ: Երբ ծրագրավորվում է, թեկուզ չգիտակցված, տարերայնորեն, հետագա ստեղծագործական ուղին: Այդպիսի բանաստեղծությունները կարծես ընթերցվում են ժամանակի տարբեր հատվածների մեջ, նրանք պատասխանում են թե՛ օրվա պահանջին, թե՛ վաղվա սպասումներին:

Կարող է թվալ, թե չնայած շուրջ 20 տարվա ընթացքում գրված բազմաթիվ և բազմազան բանաստեղծություններին, դեռ վաղ է վերջնականապես դասակարգել Հովհ. Գրիգորյան բանաստեղծի նկարագիրը ըստ վերը բերված օրինակների: Բայց «Բոլորովին ուրիշ աշուն»-ը իսկապես հնարավորություն է տալիս ստեղծագործական հետևողականություն, հայացքի միասնություն, ոչ մի տեղ չկտրվող ու չանհետացող կարմիր թելը տեսնել երեկվա և այսօրվա հեղինակի մեջ, ներկայիս ճյուղերը և տերևները նկատել երեկվա հունդի մեջ:

Իսկապես, չափազանց կարևոր է պարզել, թե որտեղի՞ց և ինչպե՞ս սկսվեց բանաստեղծը՝ հասկանու համար ներկա ժողովածուն և գուցե սերնդի հոգեբանության ու ստեղծագործական կենսագրության մի քանի հարցերը: Հովհ. Գրիգորյանը իր սերնդակիցների մեջ թերևս ամենից շուտ զգաց բանաստեղծության անելիքները և հետագա ճանապարհը: Էպատաժի հասցնող «Աշունի»-ից առաջ 1963 թ. «Ստվերներ» բանաստեղծության մեջ նա գրում էր.

Ես ատում եմ ստվերները,

որոնք ծնվում են այն պահին,

երբ որ լույսը մի կողմից է

մարդուն նայում,

երբ որ լույսը մեկն է միայն,

և տես, արագ,

սնկի նման դուրս են գալիս ստվերները

ու պահվելով քո թիկունքում լույսի աչքից

կապկում են քեզ

և հեշտ ապրում…

«Ստվերները» նախկինում էլ, հիմա էլ և գուցե ընդմիշտ ուղեկցելու են բանաստեղծական «լույսերին»: Որտեղ լույս, այնտեղ ստվեր: Էպիգոններն անբաժան են պոեզիայից, չնայած բանաստեղծությունն ավարտվում է ուտոպիստական տենչագին լավատեսությամբ. բանաստեղծը ապագայի վարդագույն մշուշում տեսնում է հարյուր, հազար արև, որ մարդուն առել են իրենց գրկի մեջ և ազատել «կապկողներից» ու «հեշտ ապրողներից»: Կարևորն, անշուշտ, այս ռոմանտիկ հույսը չէ, այլ ժխտումն այն մթնոլորտի, այն բանաստեղծության, որտեղ «լույսը մեկն է միայն» և հազարավոր արևները (կարդա՛ անհտականություները) կարևոր կլինեն ոչ այնքան «ստվերներ» վերացման, որքան իսկական բանաստեղծության համար: Իր հետագա բանաստեղծություններում՝ 60-ական թվականների վերջից, Հովհ. Գրիգորյանն արդեն սարկազմի և պարոդիայի միջոցով պիտի ցույց տար «ստվերի» փուչ առատությունը գրականության մեջ, հագեցած և փակուղի մտած բանաստեղծական լեզուն ու ոճը, ոչինչ չասելու աստիճանին հասած պատկերներն ու նախադասությունները, որ անփոփոխ քոչում էին հեղինակից հեղինակ, բանաստեղծությունից բանաստեղծություն: Սակայն առայժմ նա ճշտում էր գրական իրադրությունը, ուր մեկ արևի կողքին երազում էր տեսնել հարյուրներն ու հազարները: Ուստի և բանաստեղծը սպասելիքներն ավելի շատ կապում էր պոեզիայում եզակի անհատականությունների հայտնության հետ: «Ամենաառաջինը» բանաստեղծության մեջ նա գրում էր.

…թող որ այսօրից

Մեզ այնպես թվա,

որ մեզանից է սկսվում կյանքը:

Պարզվում է, որ «հարյուր հազար արև» գոյությունն այնքան էլ անիրագործելի չէ, քանզի յուրաքանչյուր անհատականությամբ կյանքն իսկապես սկսվելու է նորից: Սա հերքումը կամ վերանայում չէր ավանդներ, այլ նորի ինքնահաստատում, եղածի հարստացում: Եթե յուրաքանչյուր բանաստեղծ Կոլումբոսի առաքելությամբ չի գալու գրական աշխարհ, ապա պիտի ապրի ուրիշի ստեղծած բառերի և օրերի մեջ, մինչդեռ նոր անհատականության ծնունդով ժամանակը նորից է սկսվում: «Նոր մարդու համար աշխարհը իր պատկերացումն է,- գրում էր Ապոլիները Պիկասսոյի մասին:- Դա մի նորածին է, որը տիեզերքում կարգուկանոն է հաստատում սեփական օգտագործման համար, նաև դյուրացնելու համար իր հարաբերությունները մյուսների հետ»:

Թվում է տարօրինակ. նոր անհատականությունը մյուսներին հասկանալի լինելու համար պիտի ստեղծի իր «կարգուկանոնը», իր լեզուն, իր բառերը, այլապես նոր երկխոսություն չի ծնվի բանաստեղծի և ընթերցողի միջև, քանզի ուրիշ բառերով խոսողը կընկալվի որպես դիմակ, ոչ որպես անհատականություն: «Մեզանից է սկսվում կյանքը» նշանաբանը դառնում է Հովհ. Գրիգորյանի առաջին և հետագա քայլերն արդարացնող սկզբունքը: Սա, իհարկե, կապ չունի այն եսակենտրոն զգացումի հետ, թե աշխարհն սկսվում և վերջանում է մեզնով, այլ ամեն մարդու հետ աշխարհը որպես առաջին և չկրկնված հրաշք տեսնելու ձիրքը: Որ սա քաղքենիական ինքնաբավ հիացմունքը չէ սեփական գոյությամբ, ասում են հետևյալ տողերը.

Ինչ կպատահեր, հասկանում եք դուք,

թե չծնվեի…

Այս տողերը «Սա քո մասին է, մայր…» բանաստեղծությունից են, որտեղ հեղինակը սեփական անձի դեմ ուղղված հեգնանքի մի զգալի չափով, այնուամենայնիվ հաստատում է յուրաքանչյուր նոր «հայացքի» կենսական կարևորությունը:

Անահատի անկրկնելիության գաղափարը նորություն չէ գրականության մեջ: Դրա արմատները հասնում են մինչև Վերածնունդ: Սա բանաստեղծության և կյանքի կենսատու աղբյուրն է, ու ամեն անգամ ճշմարիտ չափանիշներ և սկզբուքններ որոնելիս բանաստեղծները վերադառնում են գտնելու իրենց և որոշելու հետագա անելքիները:

Բանաստեղծի անհատականության թելադրությունը և առաջնությունը դառնում է 60-70-ական թվականնների սովետական պոեզիայի բնորոշ կողմերից մեկը: Ստեղծագործական գրեթե միևնույն սկզբունքների անունից հանդես գալով, 60-ական թվականների տարբեր հանրապետությունների մի շարք բանաստեղծներ (Վիտալի Կորոտիչ, Մարիս Չակլայս, Գրիգորե Վիերսու, Պյոտր Վեգին) այսօր գնալով, կարծես ավելի շաը ընդգծում են միմյանց միջև եղած տարբերությունները, շեշտն ավելի շատ դնելով նոր որակներով դրսևորովող բանաստեղծական անհատականության վրա: Բանաստեղծական տողը, խնդիրը, լեզուն և ոճը արժեքավորվում և կենդանություն են ստանում միայն կենդանի զուգորդումով բանաստեղծական այս կամ այն եզակի նկարագրի հետ: Այս թվականներն առավել քան կարոտ էին ընդգծված, շեշտված, հարուստ երբեմն էլ խելառ անհատականությունների: Հովհ. Գրիգորյանն իր ստեղծագործական կենսագրության լավագույն տարիները թերևս պետք է կապի այս շրջանի հետ: Բանաստեղծական նոր, ավելի շուտ՝ սեփական «հայացքի» հայտնությունը, որ նա այդ տարիներին կատարեց իր և ընթերցողների համար, անսպասելի էր, գրավող, ինչ-որ չափով էր շշմեցնող ու գրգռող: Նայած ով ինչ սպասումներով էր կարդում նրա բանաստեղծությունները: Հովհ. Գրիգորյանը գուցե գիտակցաբար էր դիմում էպատաժին, և եթե «Աշուն» բանաստեղծության մի քնաի տողեր անսպասելի էին և ոմանց համար նույնիսկ զայրացուցիչ, ապա մյուս գործերը, որ գրվում էին այդ տարիներին, առաջ էին քաշում եզակի անհատականություն, սկզբունք դարձրած բանաստեղծի գեղարվեստական ծրագրի մյուս կարևոր կետը՝

Որովհետև գարնանը

այլ կերպ չի լինում:

«Գարնանը» բառն այս տեքստում զուտ պայմանական է, քանզի ներկա է այնքանով, որքանով բանաստեղծությունը կոչվում է «Գարնանային թեթև ներկայացումներ»:

Տվյալ դեպքում կարևորը, «որովհետև…այլ կերպ չի լինում» սկզբունքն է: Եթե բացվել է բանաստեղծության եղանակը, ապա պետք է կատարվի ամենամյա զարթոնքի անխուսափելի ցիկլը, իսկ «ծառերից կախված բանաստեղծները» աշնանա դեղին տերևների պես, ուզեն թե չուզեն, պիտի թափվեն և անհետանան:

Իհարկե, կյանքի այս անվիճելի անհրաժեշտությունը (հատկապես այս կերպ) յուրաքանչյուր բանաստեղծ յուրովի է զգում և իրագործում: Հովհ. Գրիգորյանի պոեզիայում սա առնչվում, է իրականության բանաստեղծկան ընկալման մի էական առանձնահատկության հետ, այն է՝ առօրյան, կյանքն իբրև ամենամեծ հրաշք ընկալելը, սովորական հայտնագործումը՝

Այս հրաշքը մի քիչ ուրիշ է

Սովորական հրաշքից,

որովհետև թռչունները

Թռչուններն են սովորական….

«Սովորական հրաշքը» պետք է հասկանալ որպես նուրբ հեգնանք դեպի «սովորականի» կանանոցված, էսթետացված, ածանցված իմաստը: Սա այն «հրաշքն» է, որը չափից ավելի շատ և անդեմ կիրառումներից ու միապաղաղ մատուցումներից կորցրել է իր հրաշապատում հատկությունները, այն արդեն պարպված է և նույնիսկ ծիծաղելի: Նույն բառը, երկու տող հետո, միևնույն իմաստով գործածվում է հակառակ գաղափարը հաղորդելու համար. «թռչուններ են սովորական»: Սրանք հրաշքի պես արժեզրկված չեն, սրանք զերծ են ամեն տեսակի գրականացումից, միֆականացումից և իսկապես սովորական են, քանզի «հեքիաթներ չեն պատմում…»:

 Կյանքի սովորական առօրյան որպես ամենամեծ հրաշքը դիտելը մոտիկ է արևելյան «պոեզիան ամենուր է» դավանանքին: Բայց հենց նույն բանաստեղծության մեջ Հովհաննես Գրիգորյանը, կամա թե ակամ ապացուցում է, որ կյանքի հարուստ ընթացքը որպես մի մաքուր տախտակ դիտելը, որպես ամեն տեսակ ավելորդություններից ազատ մի նախանյութ դարձնելը որքան է հակասական և նույնիսկ վտանգավոր: Կյանքի արտացոլման «չեզոքությունը» անհնար է պահպանել, բանաստեղծի հայացքը դառնում է այն բանաստեղծականությունը, որը տողն անջատում է կյանքի չմիջամտված նյութից: Ահա բանաստեղծության վերջին տողերը՝

…ամենամեծ հրաշքը,

երբ թռչունները ներս են մտնում

քո պատուհանից

թափահարում են թևերը

և երգում իրենց երգերը

աշխարհի ամենահրաշալի լեզվով:

Այսպիսով, առօրյան դուրս է գալիս իր մաքուր վիճակից և բառի մեջ բանտվում՝ «աշխարհի ամենահրաշալի լեզվով»: Սա նշանակում է, որ բանաստեղծը վաղ թե ուշ, պիտի ստիպված լինի պայքարելու ինքն իր դեմ, և միայն Հովհ. Գրիգորյանի մշտական հեգնանքն է, որ կարծես նրան հեռու է պահում հնարավոր բախումներից սեփական իսկ տողերի հետ: Եվ գուցե սա է պատճառը, որ բանաստեղծը մի այլ տեղ գրում է՝

Բառերն ատելի բարեկամներս են,

անտանելի են դարձել ինձ համար:

Բայց առանց նրանց չեմ կարող ապրել…

Բանաստեղծն ինչից խուսափում է, կարող է դրան էլ հանգել: Պրևերի բանաստեղծություններում բնությունը շարունակ հակադարձ ընթացքով է շարժվում, ամեն ինչ վերադառնում իր նախնական վիճակին, ուստի և նա պոեզիային տալիս է պայմանականության, կեղծիքի կապանքներից ազատագրողի առաքելություն:

Հովհ՚ Գրիգորյանը նախնականաության կամ անաղարտության նման որոնումներ չունի: Նա, իհարկե, ինչպես տեսանք, դեմ չէ նման վիճակներին, բայց «սովորականը» հաստատելու համար նա քանոնը ծառ չի դարձնում, իսկ կավիճը՝ ժայռ, այսինքն՝ աշխարհի վերստեղծում չի կատարվում բանաստեղծության մեջ: Նա իրականությունն ընդունում է ամեն կերպ՝ և ածանցյալ, և մաքուր: Մի խոսքով, աշխարհը տեսնում է այնպես, ինչպես կա, սակայն տարբերակված վերաբերմուքն է ցուցաբերում իրականության յուրաքնչյուր դրսևորման դեմ, ավելին, եթե ուշադիր նայենք, կնկատենք, որ Հովհ. Գրիգորյանը մի հասկանալի ձգտում ունի դեպի ամեն տեսակ պայմանական-սենտիմենտալ ծիծաղառիթ վիճակները: Նա բանաստեղծին տեսնում է , որպես մի հասարակ, սովորական մահկանացու, որը հայտնվել է այդ վիճակների մեջ, դարձել գործող անձ, խճճվել ու գլուխը կորցրել: Դրանք այն վիճակներն էին, որոնք ստեղծվել էին այդ անանուն բանաստեղծի մերժելի գեղագիտությամբ, նրա «մարդասեր» հուզառատությամբ, և ահա գործողության վերածվելով, դարձել են բավական ծիծաղելի, նույնիսկ անհեթեթ: Այլ խոսքով, սա պարոդիկ միջավայր է՝ կառուցված «ստվերների» սկզբուքնների համաձայն և ծիծաղը ցույց է տվել այդ ամենի կատարյալ խեղճությունը, սուտը և անպետքությունը: Ահա թե ինչու բանաստեղծի հասարակ մահկանացու լինելը շարունակ շեշտվում է Հովհ. Գրիգորյանի բանաստեղծություններում. «Երբ լրացավ քո երեսուն տարին» բանաստեղծության մեջ պոետի կյանքն անվանում է «ցավերի մի չնչին տարեգրություն՝ //գրանցված երկրորդ կարգի// դեղնած ու անպետք թղթի վրա»: Իհարկե, անհրաժեշտության դեպքում այդ բանաստեղծ պերսոնաժը ձեռք է բերում հերոսական գծեր, գոնե դադարումէ ծիծաղելի վիճակներում հանդես գալ: Հիշենք «Ապրելու մեկ օրը» պոեմի վերջին տողերը. թռչնի թև առած մարդիկ հեռանում են երկրագնդից, մինչդեռ բանաստեղծը մնում է.

…այստեղ

սիրելու, երգելու և մեռնելու համար:

Հովհ. Գրիգորյանի պոեզիայում ճշմարիտի մշտական մի չափանիշ կա՝ հեգնանքը, որը տեղ-տեղ սարկազմի երանգներ է ընդունում: Նրա բանաստեղծությունենրում հեգնանքը հայտնվումէ անսպասելի, բոլոր այն պահերին, երբ մազ է մնում բնական զգացմուքնը վերածվի թաց սենտիմենտալության: Երկրորդ գրքում հաճախ կարելի է հանդիպել երկու վիճակների հարևանությանը. Այն պահին, երբ թվում է՝ ուր որ է արցունքը պիտի հոսի, անմիջապես հայտնվում է ծիծաղը: Եվ այս շրջադարձն առավել կտրուկ է լինում հատկապես, երբ արցուքնի հետ դուրս է հորդում կեղծիքը.

….լույսի աղբյուրի ինչ-որ ժամանակավոր

բացակայության հատվածում

ենք դառնում ենք սենտիմենտալ:

Կամ՝

…իսկ արցունքի համար

     ձեր օրգանիզմը աղ չի գտնի,

                        և անհամ, շատ անհամ դուք լաց կլինեք:

Բանաստեղծի կերպարը Հովհ. Գրիգորյանի նոր գրքում գերազանցապես երգիծական գույներով է ներկայացված: Նա «ուզում է լինել անհամեմատ բարի», նա «սիրում է աշունը»:

Այս նույն բանաստեղծի՝ «անշահախնդիր ողբերգակի» պայմանական աշխարհն ենք տեսնում. Անթերի պատրաստված թատերական դեկորացիաներ, որոնց մեջ տեղի է ունենում մի կատարյալ ֆարս, մի վերաբարձ մասխարա, որի գլխծավոր և միակ գորևծող անձը համանուն բանաստեղծն է:

Թամաշայի՝ թատերականացված հանդեսի, մասխարայի տարրերը նկատելի էին դեռևս Հովհ. Գրիգորյանի առաջին գրքում, իսկ այս ժողովածուի մեջ մի շքար բանաստեղծություններ կան, որոնցում առկա է թատերականացված սյուժեն, ըստ որում դրանցից մի քանիսը ծրագրային գործեր են: Հեգնելով «աշունը սիրող» բանաստեղծին, հեղինակն, իրենից անկախ, բանաստեղծական մի այլ, հակադիր ծրագիր է առաջարկում, որը եթե չի շարադրվում, ապա ենթադրվում է, կարդացվում: Օրինակ՝ «Կորած նամակներ»-ում այս բանաստեղծ-ողբերգակը «բեմի» վրա չէ, հանդիսատես չունի, շպարը և կեղծամը ահնված են, նա այն է, ինչ կա իրականում՝ ժամանակից և աշխարհից մեկուսացած անդեմ մարմին:

Ես հիմա

ընդամենը մի հոգնած ու ձանձրացած մարդ եմ,

որը հազվադեպ է տանից դուրս գալիս,

և որի հաճույքը միակ

իր հին ու բազմաթիվ ժամացույցներն են,

որոնք բոլորն էլ

 տարբեր ժամեր են ցույց տալիս

և ինձ պահում են հավերժական անդորրի,

հավերժական անշաչժության մեջ:

Վերնագրիը նույնպես բազմանշանակալից է: Հովհ. Գրիգորյանը բանաստեղծությունը որոշ դեպքերում նույնացնում է նամակի հետ: Հիշենք՝ «Նամակ, որ քեզ չի հասնելու» բանաստեղծությունը առաջին գրքից: «Կորած նամակներ»-ն այս դեպքում դառնում են կորած, իրենց նպատակին չծառայած բանաստեղծություններ, քանզի Օբլոմովյան անդորրի մեջ ապրող բանաստեղծը ոչ թե լսում և զննում է ժամանակը, այլ ինքն է այն «ճշտում» և հարմարեցնում իր պահանջներին: Մի՞թե այսօր քիչ են բանաստեղծներ, արձակագիրներ և հատկապես քննադատներ, որոնց համար անցած և ներկա դարերի միջև բացարձակապես ոչ մի տարբերություն չկա: Ավելին, նրանք կարծես ծանր դրամա են ապրում, որ ժամանակը հոսում է և իր հետ բերում խնդիրներ, որոնց պետք է պատասխանել: Իհարկե, ամենահեշտը ժամացույցը «ետ գցելն է»: Թամաշա-պատկերներից մեկում այդ «բանաստեղծը» պահարանում կծկված ծխում էր, իսկ այստեղ նա փնտրում է իր բազմաթիվ ժամացույցներից մեկը՝ գիշեր ցույց տվողը՝

և բացելով փեղկը,

պառկեցի նրա պատյանի մեջ

քնելու:

Ժամանակի մեջ իր անելիքներից խուսափող բանաստեղծի կերպարը հավանաբար դեռ շատ կմտահոգի Հովհ. Գրիգորյանին: Գիրքն ավարտող «Ապրելու մեկ օրը» պոեմը ժամացույցի մեջ քնող բանաստեղծին հակադրում է բանաստեղծի մեկ այլ տեսակ, որը բառեր է հասունացնում «մեծ ցավի և մեծ ուրախության համար»: Ծիծաղելիին հակադրվում է հերոսականը: Աշխարհի հանդեպ ունեցած երկու հակադիր հայացքի, երկու մոտեցման , բանաստեղծ-քաղաքացու և բանաստեղծ-քաղքենու, ստեղծողի, արարողի և կապկողի ու մսխողի հակադրումը տեսանք դեռևս «Ստվերներում»: Այս երկու սկզբունքների բախումը մշտապես ներկա է Հովհ. Գրիգորյանի բանաստեղծություններում, յուրաքանչյուր խնդրին դիպչելիս բանաստեղծը մեջտեղ է բերում այս հակադրությունը՝ ճշմարիտ և իրական կյանքի, ստեղծումի իդեալները հադարվում են կեղծիքին: Նրա հեգնանքը միայն ժխտող պոետի կեցվածք չէ, այլև ստեղծողի անհանգստություն.

…Ճշմարտությունը նա է տեսնում միայն,

ով նրա մեջ ապրելու հույս է տեսնում:

«Ապրելու հույսը» ճշմարտության ստեղծումն է և կեղծիքի մերկացումը, Հովհ. Գրիգորյանի յուրաքանչյուր բանաստեղծության կենսական դրդապատճառն, այն բաց, շարունակ պրպտող հայացքն է, որ տեսանք նրա առաջին բանաստեղծություններում, որը տարիների հետ գնալով ավելի խորաթափանց է դարձել, սակայն չի փոխվել: Անփոփոխ է մնացել բանաստեղծի հիմնական տարերքը՝ յուրաքանչյուր բանաստեղծության հիմքում դնել ճշմարտությունը՝ «ապրելու հույսը»:

1980թ., մայիս

[sharify]