66. ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ – ԼՈՒԾՎԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

QAJ NAZAR, TALKS WITH MAESTRO

Ճիշտն ասած, որոշել էի այս շաբաթ Մաեստրոյին հանգիստ թողնել, տեղյակ, որ նա զբաղված է անձնական կարգի խնդիրների լուծմամբ. նախորդ շաբաթվա հարցազրույցից արդեն գիտեի, որ նա որոշել է վաճառել քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող իր բնակարանը և տեղափոխվել կենտրոն: Իր ասելով, նա ձգտում է մտնել մարդամեջ: Ինչին մեծապես նպաստելու է այն հանգամանքը, որ նա վերջապես գտել է իր կյանքի ընկերուհուն՝ փոքր բիզնեսում մեծ հաջողության հասած մի կնոջ, որը և՛ գեղեցիկ է, և՛ աշխատասեր, և՛ արվեստասեր, եռամիսնություն, որը հազվադեպ է պատահում: Ահա այս կինը՝ տիկին Մարինեն, սիրահարվել է Մաեստրոյին, ավելի ճիշտ, նրա գրական-հասարակական  գործունեությանը և վերջնականապես որոշել է քաղաքի կենտրոնում գտնվող իր լայնածավալ բնակարան տեղափոխել Մաեստրոյին, շրջապատել նրան սիրով ու հոգոտարությամբ, երևույթներ, որոնց Մաեստրոն արժանանում է, ավաղ, միայն իր կյանքի մայրամուտին: Տեղյակ լինելով հանդերձ, որ Մաեստրոն խիստ զբաղված է սիրային և բնակարանային հրատապ խնդիրներով, այնուհանդերձ, որոշեցի հանդիպել նրան, որովհետև այս իրերին նախընտրական քարոզարշավն այնպիսի անսպասելի զարգացումներ ստացավ, որ առանց Մաեստրոյի մեկնաբանության ու միջամտության, իմաստուն և հեռահար խորհուրդների, չափազանց դժվար կլիներ կառավարել իրադրությունը:

Գրական-հասարակական մեծանուն գործչին գտա Մարտիրոս Սարյանի պուրակում, ու թեև եղանակը բավականին ցրտոտ էր, Մաեստրոն նստել էր վերարկուի կոճակներն արձակած, դեմքին՝ խաղաղ, հանգստավետ ժպիտ:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո՞,- նստելով նրա կողքին հարցրեցի:- Այս ի՞նչ եք անում այստեղ, ինձ էլ թվաց, հիմա վազքի մեջ եք… Տուն փոխել, ամուսնություն, հարսանիք, եռուզեռ, գնալ-գալ…

ՄԱԵՍՏՐՈ.- Այդ ամենը պրծավ, բալա ջան, հիմա նստել եմ այստեղ, իմ մեծ եղբոր կողքին,- Մաեստրոն մատնացույց արեց Սարյանի արձանը,- վայելում եմ կյանքիս վերջին խաղաղ վայրկյանները…

ԹՂԹԱԿԻՑ.- Ճիշտն ասած, Մաեստրո, ինձ թվաց, թե Դուք երջանկություն եթ գտել, հրաշալի կին… Իսկ հիմա ինձ պարզապես զարմացնում եք:

ՄԱԵՍՏՐՈ.- Չէ, չէ, այդ առումով ամեն ինչ հրաշալի է: Կինս՝ տիկին Մարինեն, իսկապես մեծ երջանկություն է ինձ համար, տունն էլ հրեն՝ դիմացի շենքում. առանձին աշխատասենյակ, լոգասենյակ, հյուրասենյակ… բայց դե գիտե՞ք, ամուսնությունն ի վերջո մնում է ամուսնություն, եկող-գնացողները կշատանան, հոգսեր, երեխաներ…

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո՞,- խորամանկ ժպտաց թղթակիցը,- ի՞նչ է, որոշել եք երեխա՞ ունենալ:

ՄԱԵՍՏՐՈ.- Չէ, ջանմ, օր ծերությանը ի՞նչ երեխա… Դու՝ լեյտենանտ Շմիդտի երեխաների պատմությունը գիտե՞ս:

ԹՂԹԱԿԻՑ.- Բա չգիտե՞մ:

ՄԱԵՍՏՐՈ.- Նման մի պատմություն էլ ինձ է սպասվում: Ես, բալա ջան, մինչ այս, մի քանի անգամ ամուսնացել եմ, բոլորն էլ անհաջող, հոգսերն ու վեճերն առատ, երեխաները՝ նույնպես…

ԹՂԹԱԿԻՑ.- Դուք երեխանե՞ր եք ունեցել, բա ո՞ւր էին մինչև հիմա:

ՄԱԵՍՏՐՈ.- Նրանք բոլորն էլ ինձանից երես էին թեքել, ես նրանց ինչի՞ն էի պետք, գրպաններս դատարկ, տունս դատարկ… Իսկ հիմա հենց իմանան, որ հարուստ կին եմ ճարել, գրպաններս լիքը փող է, ես էլ «Մերսեդես»-ով եմ ֆռֆռում, չորս կողմից սոված գայլերի նման վրա կտան:

ԹՂԹԱԿԻՑ.- Էհ, Դուք էլ դռները փակեք, ոչ մեկին մի՛ ընդունեք:

ՄԱԵՍՏՐՈ.- Այդպես էլ որոշել եմ… Լավ, այդ բոլորը մի կողմ, տեսնում եմ կարևոր հարցեր ունես ինձ տալու:

ԹՂԹԱԿԻՑ.- Արտաշատի դեպքերին տեղյա՞կ եք, կրակոցներ, աղմուկ-աղաղակ, դանակահարություն, հարայ-հրոց…

ՄԱԵՍՏՐՈ.- Տեղն է իրենց, բոլոր թեկնածուներին մեկ-մեկ զգուշացրել եմ՝ հարուստ տեղեր մի՛ գնացեք, չլսեցին… Հիմա տես, մինչ սա այդպիսի բաներ պատահե՞լ էին, չէին պատահել, ասա ինչո՞ւ…

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչո՞ւ:

ՄԱԵՍՏՐՈ.- Բա դա հա՞րց է, որ դու տալիս ես:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, Դուք ասացիք, որ հարցնեմ՝ ինչո՞ւ:

ՄԱԵՍՏՐՈ.- Այ բալա, մի՛ նեղացիր, դա ոճական հնար է, որը պիտի ապացուցի, թե պատասխանը շատ պարզ է: Մինչ այս, այդպիսի դեպք չէր գրանցվել, ճի՞շտ է, ճիշտ է: Որովհետև ո՞ւր էին գնում հանդիպումների ու հավաքների՝ լեռնային գյուղեր, ծայրամասային բնակավայրեր, աղետի գոտի… Այսինքն չոր ու ցամաք տեղեր, ուր մարդիկ քար ու քռայի հետ կռիվ տալով մի կերպ չոր հացի փող են վաստակում: Դու թեկնածուների հետ գնացել ես այդ միտինգներին, տեսնում էիր, չէ՞, մարդիկ ոնց քին հավաքվում՝ իրար ուս-ուսի տված, իրար հենված, մի կերպ ոտները քարշ տալով, իրար գլուխ-գլխի հավաքվում էին, սուսուփուս լսում էին ճառերն ու ուռռաները, այդպես սուսուփուս էլ հեռանում՝ իրար ուս-ուսի տված, իրար հենված, ոտները մի կերպ քարշ տալով: Բա այդպիսի վայրերում կռիվ ու վեճ, ղալաբալաղ, տուրուդմփոց կլինի՞, չի լինի: Ինչո՞ւ, որովհետև այդ խեղճերի մեջ հարաքյաթ չկա, հազիվ ոտի վրա են մնում… Բա դրա համար էի ասում՝ գնացեք միայն այդ կողմերը, չլսեցին, գնացին հարուստ տեղ, կուշտ ու կուռ կերած ժողովուրդ, եռանդը տեղը, սնունդը տեղը, բա գեղի սիրուն աղջիկների մոտ իրենց ցույց չտայի՞ն:

ԹՂԹԱԿԻՑ.- Լավ, Մաեստրո, հարցի լուծումը, նախընտրական քարոզարշավի խաղաղ անցկացման ելքը Դուք տեսնում եք հարուստ բնակավայրերից խուսափելու մեջ: Բարեբախտավար, այդպիսի տեղեր Հայաստանում քիչ կան: Այնպես որ, հուսանք, որ այսպիսի դեպքեր այլևս չեն կրկնվի… Անցնենք մյուս կարևոր հարցին: Մեր ընտրություններին աջակցելու նպատակով գերմանացիներն իրենց երկրում, իրենց միջոցներով պատրաստել են քսան հազար թափանցիկ ընտրատուփ, որը շուտով կտեղափոխեն Հայաստան: Ասել է, թեայդ ընտրատուփերի շնորհիվ կապահովվի ընտրությունների թափանցիկությունը:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, պետք է շնորհակալություն հայտնել գերմանացիներին՝ օգնության համար:

ԹՂԹԱԿԻՑ.- Իսկ Մաեստրո, ի՞նչ պետք է անել, որպեսզի ընրտությունները լինեն ոչ միայն թափանցիկ, այլև արդար:

ՄԱԵՍՏՐՈ.- Ճիշտ է, միայն թափանցիկ տուփով արդար ընտրություններ չես ապահով: Քանի՞ ընտրող ունենք Հայաստանում:

ԹՂԹԱԿԻՑ.- Մոտավորապես 2 մլն:

ՄԱԵՍՏՐՈ.- Այ, եթե գերմանացիները հազար թափանցիկ ընտրատուփերի հետ միասին մեր ընտրողներին փոխարինող 2 մլն գերմանացի էլ ուղարկեին, միայն այդ ժամանակ ընտրությունները կլինեին և՛ արդար, և՛ թափանցիկ… Դե ինչ, առայժմ բավարարվենք թափանցիկով:

[sharify]