Մի օր, մի ամպամած երկուշաբթի առավոտ,
երբ ես կհոգնեմ քեզ սպասելուց,
կնստեմ առաջին իսկ պատահած նավն ու
կհեռանամ այս ամպամած աշխարհից,
ուր ինձ այլևս ոչ ոք չի սիրում: Մի օր,
հատկապես երկուշաբթի վաղ առավոտյան,
կնստեմ առաջին իսկ պատահած գնացքն ու
կհեռանամ, հուսահատված, որ բոլոր կիրակիներին
անխտիր հաջորդում է երկուշաբթին, իր գորշ
ու վաղ առավոտներով, երբ պատուհանի առաջ
կանգնած մտածում ես` ի՞նչ իմաստ ունի
սափրվելը, չէ՞ որ դու հեռանալու ես
առաջին իսկ պատահած ինքնաթիռով,
երկուշաբթիներով բերնեբերան լցված
այս աշխարհից,
ուր այլևս ոչ ոք քեզ չի սիրում: