ՄԻ-ՄԻ ԲԱԺԱԿ ՕՂԻ ԽՄԵՑԻՆՔ…

Poetry > NEVER DIE -THIS IS WHAT I HAVE TO SAY

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,

հետո էլի խմեցինք,

որովհետև լացը պիտի լիներ երկար,

հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին

մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս

գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու

և երեխաների համար, ինքը, հասկանալի է,

չէր կարող` իˉնչ կնոջ գործ է

գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը

քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,

և ոչ էլ դուդուկը; – Չէ, – հանկարծ ասաց կինը,- մի փոսը

հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,

թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,

չվախենան հանկարծ…

… Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը

շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած

սրտերով կանգնել էինք նրա կողքին

և առանց ամաչելու

բարձրաձայն լալիս էինք մեր լացը,

որը պիտի շատ երկար լիներ…

[sharify]