ԳԻՏԵԻ, ՈՐ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ԿԼՈՐ Է…

Poetry > NEVER DIE -THIS IS WHAT I HAVE TO SAY

…Գիտեի, որ երկրագունդը կլոր է,- ասաց

հորեղբայրս գրենական պիտույքների խանութում,

գորովանքով շոյելով գլոբուսը, որը սիրով

պտտվում էր իր առանցքի շուրջ,- գիտեի,

որ կլոր է, բայց որ այսքաˉն կլոր…- շարունակում էր

գլոբուսը շոյել հորեղբայրս գորովանքով

նայելով վաճառողուհու թմբլիկ կրծքերին,

որոնք թեև գլոբուսին զիջում էին իրենց չափսերով,

բայց նրանից ոչ պակաս էին հավաստում

կլորությունը երկրագնդի…

… Ու թեև հորեղբայրս քաղաքի ամենակենսուրախ ու

ամենասրամիտ մարդկանցից մեկն էր ու նաև ճանաչված

հաշվապահ, ինչպես և հայրս`նրա ավագ եղբայրը,

այնուհանդերձ նա էլ մեռավ, բայց ի տարբերություն

իր եղբոր, երկրաշարժից տարիներ հետո, երբ քաղաքի մի կեսը

հողի տակ էր, իսկ մյուս կեսը` քաղաքից ու երկրից հեռու…

Ու թեև խորը աշնանային հուղարկավորության

այդ օրը զարմանալիորեն անձրև չեկավ,

սակայն Ամերիկայից

զանգահարեց նրա միակ որդին և հեռախոսով կարդաց

այդ ցավալի առիթով գրած իր լալահառաչ

բանաստեղծությունը,որի մեջ սկզբից մինչև վերջ

անձրև էր գալիս,

իսկ կարճատև ընդմիջումներին նշվում էին  համաշխարհային

տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները, ավիատոմսերի

օրըստօրե թանկացող գները,

երկու երկրների միջև ընկած հեռավորությունը,

որը գնալով ավելի է հեռանում

և իր անսահման խորը վիշտը, որը գնալով

ավելի է խորանում…

… Լսելով նրան, արտասվում ու մտածում էի ես դառնորեն,-

հիրավի, այս կլոր երկրագնդի վրա ցավը ոչ միայն խորը,

այլև տափակ է լինում,

բայց որ այսքաˉն տափակ…

[sharify]