Զրույց երիտասարդ գրողների հետ

Շաբաթվա մեջ կան օրեր, որ կրոնավորները հավաքվում են «լացի պատ» կոչվող պատի տակ ու բառիս բուն իմաստով լաց լինում: Երբ կանգնում ես պատի տակ, էներգիան փոխանցվում է քեզ: Ամբողջ պատը ծածկված է գրություններով: Գրում ես ցանկությունդ (ինչ լեզվով ուզում ես) ու հրաշքով գտնվում է ինչ-որ տեղ, որ այդ թղթի կտորը կպնի: Ու չես զգում՝ ինչպես ես սկսում հեկեկալ… բոլորի հետ միասին:

Անկեղծ խոսքերի եմ սպասում և ոչ թե ինձ ասված, այլ ինքներդ ձեզ: Տաճարն ինչի՞ց է կազմված. առանձին քարերից: Բայց հեռվից նայելիս այդ տաճարը միաձույլ բան է թվում: Մոտենալուց հետո ես տեսնում, որ դրանք առանձին-առանձին քարեր են, երբեմն անտաշ քարեր, երբեմն շատ անհրապույր… Ճարտարապետի վարպետությունը այդ քարերը ճիշտ դասավորելու մեջ է, այնպես, որ ոչ մի ճեղք, ոչ մի թերություն չերևա, հեռվից նայելիս տաճարը ամբողջական է, ու հենց այդպես էլ տեղավորվում է քո սրտի մեջ, ու հազար տարի էլ անցնի, այդպիսին ես հիշում, այդպիսին է մնում…

…Հետաքրքիր էներգետիկա է գալիս տողերի տակից: Ասում են՝ տարիներ պիտի անցնեն, որ որոշես՝ տաղանդավոր է թե ոչ: Մեծագույն ստերից մեկն է: Կարճ ժամանակում որոշվում է՝ իրական է հեղինակը, թե ոչ:

Մենակ ձեր ասածները լսելու համար արժեր ապրել: Մեծագույն հիմարություն կլիներ թողնել այս ամենը ու գնալ, պառկել ինչ-որ մի հողի տակ: Չլիներ այդ ամենը, իրոք, ի՞նչ իմաստ ուներ դիմանալ այս փոշուն, կեղտին… Ապրեք: Ասում եմ՝ ապրեք, որովհետև երբ դուք ապրում եք, ես էլ ձեզ հետ եմ ապրում, եթե դուք լավ եք ապրում, ես էլ եմ լավ ապրում, եթե դուք լավ եք գրում, ես էլ եմ լավ գրում… Ես հիմա շատ լավ բաներ լսեցի, և շատ ամոթ կլինի, եթե այդ ամեն ինչը թողնեմ, գնամ…

Տաղանդը Հին Հռոմում ոսկու միավոր էր, մեկ տաղանդը բավականին մեծ գումար էր: Հիմա, թարսի պես, տաղանդավոր մարդիկ այդ ոսկին չունեն: Բայց, միևնույն է, ինձ համար աշխարհի ամենահարուստ մարդիկ այստեղ են հավաքված: Այ այսպես է ստեղծվում գրականությունը: Առանձին տաղանդավոր մարդիկ դեռ ուժ չեն: Շատ կարևոր է, երբ բոլոր տաղանդավոր մարդիկ մի տեղ են հավաքվում: Ճառագայթումը միանում է, ուղղվում է մի կետի վրա: Երբ առանձին, մի անկյունում նստած ստեղծագործում են, դրանք փոքրիկ կայծեր են, շատ հեշտ հանգչում են, բայց երբ որ բոլորը միասին են, երբ որ բոլորը մի տեղից են գալիս, երբ որ բոլորը մի տեղ են կրակը վառում, այդ կրակը հանգցնել հնարավոր չէ, անգամ եթե ցանկանաս: Այ եթե վաղվանից որոշես՝ վերջ, էլ չեմ գրելու, չես կարող: Կողքիդ նստածները թույլ չեն տա, որ դու չգրես: Նրանք քեզ կստիպեն: Եվ այդ նույն կերպ դուք ինձ թույլ չեք տալիս այսօր, որ հեռանամ:

Մոտավորապես այսպիսին էլ պատկերացնում էի ինձ համար վաղուց սպասված հանդիպումը: Արտաքնապես ոչինչ չի փոխվել, մի քիչ ավելի եք պատանեկացել: Զարմանալի է՝ Իսրայելում երիտասարդներ քիչ կան, փողոցները հիմնականոմ լցված են տարեց մարդկանցով՝ ինձնից էլ մեծ: Մեր ժողովուրդը շատ ավելի գեղեցիկ է, շատ գեղեցիկ: Նրանց մեջ աչքի ընկնող ինչ-որ բան չնկատեցի: Երևի շատ հին են իբրև ժողովուրդ, արյունը հոգնել է: Մեզ մոտ էլ է դա նկատվում, բայց, բարեբախտաբար, այնպես նկատելի չէ, որ տանի դեպի ավարտ: Անմիջապես կարոտն ես քաշում հայ ժողովրդի, ուզում ես շտապ վերադառնալ: Առաջին բանը, որ փնտրում ես օդանավակայանում, հայն է, հայ մարդը:

Սղագրեց Ռուզաննա Ոսկանյանը

[sharify]