ՔԱՂՑՐ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ, ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Վերջին երկու-երեք ամիսների իրադարձություններն իրենց անակնկալ զիգզագներով, վերելքներով ու վայրէջքներով, վստահ եմ, դեռևս երկար կուղղորդեն մեր մտածումները` կանգնեցնելով հաճախ հարցականների առաջ, որոնք սովորաբար դժվար են տրվում մեկնաբանության և կամ բոլորովին չեն տրվում: Նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում ինչ-որ մի հերթական հեռուստահարցման հետևելիս` իմ մեջ, օրինակ, անզուսպ ցանկություն առաջացավ նորից ու նորից կենտրոնանալու մեր առասպելների և առաջին հերթին «Արա Գեղեցիկի» պատմության մանրամասների վրա: Հայոց թագավորի զարմանալի ճակատագիր, որի աստվածային շնորհը` գեղեցկությունն անգամ պատճառ է դարձել, որ երկիրն ավերվի թշնամական հրոսակների ոտքերի տակ: «Նինոսի վախճանվելուց կամ Կրետե փախչելուց հետո,- պատմում է Խորենացին,- Շամիրամն Արա Գեղեցիկի մոտ պատգամավորներ է ուղարկում ընծաներով ու նվերներով և շատ աղաչանքներով ու պարգևների խոստումով խնդրում է գալ Նինվե` իր մոտ, և կամ իրեն կին առնել և բոլորի վրա թագավորել, կամ նրա ցանկության կամքը կատարել ու մեծամեծ նվերներով խաղաղությամբ իր տեղը դառնալ…»:

   Շարունակությունը բոլորիս հայտնի է. Արան չի համաձայնում, և Շամիրամը, սաստիկ չարանալով, վիթխարի զորք վերցնելով, արշավում է Արայի վրա: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, իսկ ինքը` զոհվում: Այս անփառունակ պարտությամբ, պիտի ենթադրել, որ սկիզբ է առնում մեր բարոյական «հաղթանակներով» լեցուն պատմությունը: Մինչդեռ եթե Աստված մեր հեթանոս արքային գեղեցկության հետ միասին դիվանագիտական հեռազգացություն շնորհած լիներ, ապա մեր պատմությունը, թերևս, այլ ընթացք կստանար, և բարոյականների փոխարեն մարդավարի հաղթանակներ կտոնեինք և երևանյան փոքրիկ թաղամասերի փոխարեն կունենայինք, ավելի ճիշտ` չէինք կորցնի նույնանուն նահանգները` Արարատ լեռը կենտրոնում…

   Այս ֆոնի վրա դժվար չէ հասկանալ, թե ինչու է XXI դար անկորուստ հասել, ասենք, Ֆրանսիան, որովհետև դժվար չէ հասկանալ նաև, թե ինչպիսի «փոխըմբռնման» կհասներ Շամիրամը, եթե նմանօրինակ խնդրանքով դիմեր ֆրանսիական վավաշոտ լյուդովիկոսներից մեկն ու մեկին, որը, չեմ կասկածում, իր չունեցած առաքինությունը մեծագույն հաճույքով կզոհեր հանուն սեփական երկրի զորության…

   Սակայն պետք է ենթադրել, որ «գինեվետ Գողթան գավառի» երգիչները բոլորովին այլ երանգներով պիտի որ համեմած լինեին այս առասպելի պատումը: Ամենայն հավանականությամբ նրանք Շամիրամի համար նույնպես կգտնեին արդարացուցիչ փաստարկներ և չէին լինի մեր խստաշունչ քրիստոնյա պատմիչի հանգվույն միակողմանի: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ մյուս պատմիչների, օրինակ` Եզնիկի և Փավստոս Բուզանդի մոտ այս առասպելի սյուժեն ունի նշանակալից շեղումներ, և ճիշտն ասած, հենց դրանք արթնացան իմ մեջ հիշատակածս հեռուստահաղորդմանը հետևելիս: Ըստ նրանց` Արան հարություն է առնում արալեզների շնորհիվ: «Այս հավատալիքը, ինչպես երևում է, շատ հին պիտի լինի,- գրում է Մանուկ Աբեղյանը,- քանի որ Պլատոնի «Հասարակապետության» մեջ բերված «Էր» անունով հայի հարություն առնելը, թեպետև առանց արալեզների, մեր այս հավատքի հետ նույն ընդհանուր գծերն ունի: Այստեղ ևս Էրը քաջասիրտ է և սպանվում է պատերազմի մեջ: Տասն օրից հետո, մինչ ուրիշների դիակները նեխած էին, Էրինն անխախտ և ամբողջ են գտնում: Բերում են տուն և տասներկուերորդ օրը, երբ խարույկի վրա էր բարձրացած, կենդանանում է Էրը:

   Այս հավատքն այնքան զորեղ է եղել, որ նույնիսկ քրիստոնեության ժամանակ Դ դարում, ըստ Փավստոս Բուզանդի, չնայելով որ Մուշեղ Մամիկոնյանի գլուխը մարմնից կտրված էր, բայց ընտանիքը չէր հավատում նրա մահվանը: Այս պատճառով  գլուխը կպցնում են մարմնին և դնում մի աշտարակի տանիքում, կարծելով, թե «վասն զի այր քաջ էր, Առլեզք իջանեն և յարուցանեն զդա»»:

   Ուզում եմ վստահեցնել Աբեղյանին, որ դարերի խորքից եկող այդ հավատքն իր զորությունը չի կորցրել նաև այսօր: Ես դա շոշափելիորեն զգացի հենց այն հեռուստահարցմանը հետևելիս, որի մասին  նշեցի վերևում: Երբ հարցման ենթարկվածներից  մեկն ասաց, որ իր ձայնը տալիս է Կարեն Դեմիրճյանին, ես առանձնապես ուշադրություն չդարձրի` մտածելով, որ մարդը պարզապես սխալվել է և տվել չորս տարի առաջ եղերական մահով զոհված, համաժողովրդական սեր ու ճանաչում վայելող ղեկավարի անունը: Սակայն երբ այդ «սխալը» սկսեց կրկնվել նորից ու նորից, ամբողջ քարոզարշավի ընթացքում, հասկացա, որ սովորական սխալմունքով հնարավոր չէ մեկնաբանել այդ զարմանալի երևույթը. մարդիկ պարզապես չեն համակերպվում իրենց սիրելի ղեկավարի մահվան անուրանալի փաստի հետ, և միգուցե հոգեբաններն ինձ օգնեն մեկնաբանելու, թե այդ ի՞նչ մոգական հավատք է դարեդար գործում մեր ժողովրդի մի ստվար զանգվածի ենթագիտակցության մեջ, որը մղում է նրանց ընտրել որդուն` ձայն տալով հանգուցյալ հորը…

   Կրկնում եմ` խոսքն այստեղ ամենևին չի վերաբերում այնպիսի նվիրական անունների, ինչպիսիք Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն են, որոնք երկրին մատուցած բարձր ու անգնահատելի ծառայությունների համար մնայուն տեղ են գրավել մեր պատմության մեջ, խոսքն այստեղ մեր ժողովրդին է վերաբերում, իմ միակ, հարազատ ու խեղճ ժողովրդին, որն այսօր թշվառ գոյություն է քարշ տալիս, և այդ թշվառությունը երկար կտևի, քանի դեռ նա խորությամբ չի ըմբռնել Քրիստոսի հայտնի պատգամն իր աշակերտներից մեկին, որը դիմել է նրան` խնդրելով` Տեր, ինձ հրաման տուր գնամ առաջ և իմ հորը թաղեմ: Եվ Հիսուսը նրան ասաց` դու իմ ետևից եկ, և թող մեռելները թաղեն իրենց մեռելներին…

                                                                      «Գրական թերթ», 2003,14 մարտի

[sharify]