ՔԱՐԵՐ ՆԵՏԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Ջղային, խառնափնթոր ժամանակներ են, և կան թեմաներ, որոնցից աշխատում ես խուսափել` քո ներսում արդեն կուտակված ջղայնությունն ու խառնափնթորությունն էլ ավելի չսրելու համար: Եվ այդ թեմաներից ամենացավոտը երկրաշարժն է, եթե կարելի է երկրաշարժը թեմա համարել: Ցավոտ` ոչ միայն մարդկային և նյութական կորուստների առումով:

   Հետևելով «աղետի գոտի» կոչվող հիվանդության` գրեթե խրոնիկականի վերածվող գործընթացին` դժվար չէ կռահել, որ այդ հիվանդությունը արհեստականորեն ձգձգվել է Արևմուտքից, Արևելքից ու սփյուռքահայությունից փողեր ու խոշոր վարկեր պոկելու ետին նպատակով: Այդ տեսակետից հատկապես առանձնանում է Գյումրիին բաշխված դերակատարությունը, ուր երկրաշարժի հետևանքները կոնսերվացվել էին` որպես «ողբերգություն բաց երկնքի տակ»` դրսից եկածներին դուդուկի նվագակցությամբ լացացնելու և սրտերը փափկացնելու նպատակով… Տպավորության հուզականությունն աշխատեց ավելի քան տասը տարի: Օտարերկրացիների շրջագայության համար նախատեսված և գրեթե անխաթար պահպանված ավերակներով երթուղիների ազդեցությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ ամենակծծի ու քարսիրտ բանկիրն ու բիզնեսմենն անգամ, էլ չեմ խոսում սփյուռքահայության մասին, արցունքոտված աչքերով լայնորեն բացում էին իրենց գրպաններն ու քսակները… Խոստովանեմ, որ կարելի էր այս ոչ այնքան բարոյական մեթոդն արդարացնել, եթե կորզված միջոցները ծառայեին աղետի գոտին վերակենդանացնելու նպատակին: Ավաղ, ինչպես Օստապ Բենդերը կասեր, ուսումնասիրելով այդ վարկերի օգտագործման հետագա պատմությունը, ես կորցրեցի հավատս մարդկության նկատմամբ…

   Արտառոց չպետք է համարել նաև այն փաստը, որ այդ վարկերի հատուցումը դարձյալ ժողովրդի հաշվին է. ուրիշ էլ ի՞նչ կերպ կարելի է ընկալել «գույք պարտքի դիմաց» ձևակերպումը, ուր այդ «գույք» կոչվածը  նախորդ հասարակարգից ձրի ժառանգած ինստիտուտներն են, գործարաններն ու ջերմաէլեկտրակայանները… Բա հո վերոհիշյալ վարկերով կառուցած դղյակներն ու միջնաբերդե՞րը չէին տալու կամ ջիփերն ու մերսեդեսները…

   Ինչպես ասում են, խեղդվողը փրփուրից էլ է կառչում: Եվ հավատս լիովին կորցնելու եզրին` վերջին ճիգով փորձում եմ կառչել հանրապետության նախագահի` վերջերս շրջանառության մեջ մտցրած` աղետի գոտին զարգացման գոտու վերածման ծրագրից, մանավանդ որ վերջին մեկ-երկու տարում բնակելի շենքերի կառուցման տեմպերն այդպիսի հույս են ներշնչում: Սակայն եթե  այդ շենքերի կառուցմանը  զուգընթաց չվերականգնվեն այդ տարածքի արտադրական կարողությունները, ապա կարճ ժամանակ անց այդ շենքերի բնակիչները դեռևս նորամուտ չտոնած, իրենց բնակարանները կփոխանակեն Հայաստանից որևէ ուղղությամբ թռչող ինքնաթիռի տոմսի հետ…

   Եվ այլևս չի կարելի զարմանալ, որ այդ արտադրական կարողությունների վերականգնմանը ո՛չ մեր թշնամի թուրքերն են խանգարում և ո՛չ էլ բարեկամ ռուսները, այլ սովորականի պես ինքներս մեզ: Ինչո՞ւ չիրականացավ Սպիտակի շաքարի գործարանի վերականգնման ծրագիրը, որը, հիրավի, կարող էր ամբողջ Շիրակի զարգացման իրական սկիզբը հանդիսանալ: Ովքե՞ր խանգարեցին. անշուշտ նրանք, ովքեր դրսից անորակ ու էժան շաքար են ներկրում Հայաստան և բազմապատիկ թանկ ծախում: Ովքե՞ր են խանգարում, որ վերականգնվի Գյումրվա ապակու գործարանը: Դարձյալ նրանք, ովքեր դրսից ապակի են ներկրում… Կարճ ասած, մեր սիրելի հայրենակիցները, ովքեր նախորդ հասարակարգում փորձած սպեկուլյանտական հարաբերությունները համառորեն չեն ուզում զիջել շուկայականին: Իսկ ինչպե՞ս են խանգարում. դարձյալ նախորդ հասարակարգից փոխանցված կաշառքով:

   Դե, ուրեմն եկեք սթափ հայացքով գնահատենք իրադրությունն ու խոստովանենք, որ «կաշառակերության գոտին» ոչ միայն Շիրակը, այլև մեր ամբողջ հանրապետությունն է աղետյալ տարածքի վերածել, և այս` իսկապես հեռանկարային ծրագիրն էլ չիրականացած երազանքի կվերածվի, եթե մեր վիզը չազատենք կախաղանի թոկի նման մեզ արդեն խեղդամահ անող այդ գոտուց…

                                               «Գրական թերթ», 2002, 6 դեկտեմբերի

[sharify]