Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո այդ կազմակերպության անդամ-երկրների առևտրականների շրջանում բնական և լայն հետաքրքրություն առաջացավ մինչ այդ իրենց բացարձակապես անծանոթ Հայաստանի նկատմամբ: Այդ կապակցությամբ դեսից և հատկապես դենից հնչեցին հարցեր, թե ինչպիսի մարդիկ են հայերը, ծառերի վրա՞ են ապրում, թե գետնին, շոր հագնո՞ւմ են, թե ոչ, ի՞նչ են ուտում, հո կանիբալ չե՞ն, խոսել գիտե՞ն, թե՞ ձեռով-ոտով են մտքեր փոխանակում և այլն… Այս հարցերի պատասխանն ստանալու համար ԱՀԿ-ի հաշվին հանձնարարվեց Հայաստան գործուղել հանրահայտ ճանապարհորդ և մարդաբան Հայնրիխ Գոթֆիլդ Ֆոն Բորման Կրտսերին, որի ղեկավարած արշավախումբն անցել է երկրագնդի դժվարամատչելի և կուսական ուղիներով: Անհաշիվ անակնկալներով և վտանգներով առլեցուն այդ ուղևորությունների ընթացքում ծնվել են նրա գրքերը՝ նվիրված զուլուսների, պիգմեյների, նենեցների, էսկիմոսների և չուկչաների՝ մարդկությանը մինչ այդ անհայտ բարքերի, կենցաղի, ծագման մանրամասներին և առանձնահատկություններին: Հայաստանից վերադառնալուց հետո նա ավստրո-գերմանական Դիե Ախթունգ Հալֆ Հենդե Հոխ ամսագրում հրապարակել է այս հոդվածը, որը Մաեստրոյի թարգմանությամբ ներկայացնում ենք հայ ընթերցողին: Հոդվածի նախաբանում Ֆոն Բորման Կրտսերը հայտնել է, որ մինչև տարեվերջ լույս է տեսնելու իր նոր գիրքը՝ նվիրված հայերին և Հայաստանին:
ՀԱՅՆՐԻԽ ԳՈԹՖԻԼԴ ՖՈՆ ԲՈՐՄԱՆ ԿՐՏՍԵՐ
ՀԱՅԵՐԸ ՄԱՐԴԱԿԵՐ ՉԵՆ
Զարմանալի է, բայց լուսանալու հետ ցուրտը սաստկացավ: Տեղանքն ուսումնասիրելուց և մեր քարտեզի հետ համեմատելուց հետո հասկացանք, որ վերջապես մտել ենք Հայաստան կոչված երկրի տարածքը: Չորսդին ամայի, քարքարոտ տարածություն էր՝ դեսուդեն ցրված գաճաճ թփուտներով: Հետո հանդիպեցին բազում հատված ծառաբներ, ինչը հաստատ վկայություն էր այն փաստի, որ տեղի բնիկներն արդեն վերջնականապես իջել են ծառերից և հասկանալի է, որ ծառերը հատել են գետնի վրա տուն կառուցելու և կամ այլ նպատակների, օրինակ, բինգոներ ու կազինոներ, նետ ու աղեղ, արոր ու գութան սարքելու համար:
…Առաջին հայը, որին հանդիպեցինք Երևան կոչվող նրանց հնագույն և կենտրոնական բնակատեղի տանող ճանապարհին, հուրախություն մեզ, չխուսափեց մեզանից և չփորձեց թաքնվել թփուտների մեջ կամ քարաժայռերի ետևում, ինչը հաճախ են անում բնիկներն օտարների հանդիպելիս՝ խիստ դժվարացնելով ուսումնասիրողների գործը՝ տեղացիներին առնչվելու, նրանց հետ հարաբերություններ հաստատելու ասպարեզում: Նա անմիջապես համարձակորեն մոտեցավ, մեկնեց մազմզոտ ձեռքը մտերմաբար ժպտալով, ուշադիր զննելով և հոտոտելով մեզ ոտից գլուխ: Նրա վերնաշապկի գրպանից դուրս ցցված ծխախոտի փայլփլուն տուփը սառը ջուր լցրեց գլխիս. «Մեզ կանխել են, ոմանք առաջ են ընկել մեզանից և այստեղ արդեն եղել են»: Կասկածներս ցրելու վերջին հույսով մատով ցույց տվի նրա ծխախոտատուփն ու հարցրեցի.
-Ամերիգո Վեսպո՞ւչի, Մարկո Պոլո՞…
-Նո, նո, Մարլբորո,- պատասխանեց հայն ու հանեց տուփը, առաջարկեց: Քաղաքավարությամբ, որպեսզի չվիրավորենք նրան, հրաժարվեցինք, հասկացնելով, որ չենք ծխում: Հետո հայն ինքը հարց տվեց, մատը տնկելով գրպանիս ուղղությամբ.
-Դոլա՞ր…
-Նո, նո, եվրո,- պատասխանեցի ես:- Ես գերմանացի եմ, Դոյչե:
Ի զարմանս ինձ, հայը խիստ ուրախացավ և կատարվեց անսպասելին՝ նա ձեռքը վեր տնկեց և բացականչեց.
-Ախթունգ, ախթունգ, աուսվսյս, հայլ Հիտլեր:
Անհարմար լռություն իջավ. Անակնկալի եկած, շփոթված սկսեցինք անձնագրերս որոնել գրպաններումս, իսկ ես թարգմանչուհուն, որը թեև բնիկ էր, բայց կիրթ աղջիկ էր, զգուշորեն հարցրեցի, թե արդյո՞ք երիտասարդ հայը նացիոնալ-սոցիալիստ է: Թարգմանչուհին սրտանց ծիծաղեց ու բացատրեց մեզ, որ հայը գերմաներեն այդ մի քանի բառը սովորել է կինոնկարներից և դրանք արտասանելով, իր համակրանքն է ուզում արտահայտել ձեր նկատմամբ… Այդ համակրանքը հաստատվեց առավել կոնկրետ առաջարկով՝ հայը մեզ հրավիրեց իր տուն, ինչը մենք ուրախությամբ ընդունեցինք: Էլ որտե՞ղ կարող էինք առավել մոտիկից ուսումնասիրել բնիկների բարքերն ու սովորությունները: Տեղի հանքերից բերված քարերով շարված բավականին մեծ տուն էր, ուր ապրում էր իր վիթխարի ընտանիքով: Բակում խարույկ էր վառվում, ամբողջ ընտանիքը խմբված էր շուրջը, և բոլորը կլանված նայում էին խարույկի վրա քլթքլթացող ահռելի կաթսային: Երիտասարդ հայը մեզ ներկայացրեց տոհմի նահապետին: Սկսեցինք թարգմանչուհու օգնությամբ զրուցել:
-Գերմանացի ենք, եկել ենք ձեր երկրին ծանոթանալու,- ասացի ես:
-Հա,- ասաց նահապետը մազակոլոլ դեմքը շոյելով,- գերմանացին հարուստ, աշխատասեր ժողովուրդ է, իսկը ուտելու ժողովուրդ, ցավը տանեմ…
«Ուտելու ժողովուրդ» արտահայտությունից սարսափեցի և սկսեցի թաքուն ու կասկածանքով ուսումնասիրել կաթսան, որից կիսաեփ մսի հոտ էր գալիս… Եվ երբ կարողացա աչք նետել ներսը և տեսնել խոշոր, ճերմակ ոսկորները, մարմինս փշաքաղվեց…
Վախս սքողելու համար փորձեցի զրույցի բռնվել նահապետի հետ, հարցրի՝ ինչպես է կազմակերպվում տոհմի ներքին կյանքը, աշխատանքի բաժանում, ղեկավարներ կա՞ն…
-Կան, կան,- մռայլվեց նահապետը,- շնից շատ ղեկավար կա, առավոտից իրիկուն իրար միս են ուտում:
Լեզուս կապ ընկավ, այլևս ոչ միկասկած… Թարգմանչուհուն հասկացրի, որ վատ եմ զգում, և ինձ անհրաժեշտ է դեղ ընդունել ու անմիջապես անկողին մտնել, և բանի տեղ չդնելով նահապետի ու երիտասարդ հայի խնդրանքները, ոտի ելա… Արդեն ճանապարհին թարգմանչուհուն հայտնեցի կասկածներս, սրտնեղած՝ որ նա նախապես չի զգուշացրել ինձ… Թարգմանչուհին սկսեց քրքջալ. պարզվում է, կաթսայի մեջ ընդամենը կովի ոտքեր էին եփվում, և այդ կերակուրը խաշ է կոչվում, իսկ «իրար միս ուտելը» և «ուտելու ժողովուրդը» դարձվածքներ են, որոնք լեզվի մեջ են մտել անհիշելի ժամանակներից և ոչ մի կապ չունեն կանիբալիզմի հետ…
Հետագա օրերին ինքս էլ դրանում համոզվեցի, երբ շրջեցի նրանց բնակավայրերով, տեսա նրանց նախնիների թողած քաղաքակրթության հետքերը, տեսա նրանց արհեստանոցները, ուր նրանք նավթավառ, մոմ, պատրույգ, երկրագործական պարզագույն գործիքներ են արտադրում, և հիմա, ի լուր աշխարհի կարող եմ հայտարարել, որ հայերը ոչ միայն մարդակեր չեն, այլև արտակարգ բարի են և աշխատասեր: Եվ ճիշտ են վարվել նրանց ընդունելով առևտրի համաշխարհային կազմակերպություն: