57. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Ընթացիկ իրադարձությունների գնահատականն ու վերլուծականը ստանալու ակնկալիքով սովորականի նման այցելել էի Մաեստրոյին, որն արդեն ետճաշյա հանգիստն վայելում Ներքին Զեյթունի բարեգործական ճաշարանի մերձակա պուրակում:

 

ՄԱԵՍՏՐՈ

Իրադարձություններին կանդրադառնամ ոչ թե ըստ կարևորության, այլ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում, ըստ ժամանակագրության:

Սկսեմ նրանից, որ չդիմանալով զարմանալիորեն միասնականացած հայ  ժողովրդի ճնշմանը, քաղաքապետարանը հեղինակին վերադարձրեց մեծ երաժշտահան Առնո Բաբաջանյանի քանդակը՝ ինչ-ինչ փոփոխությունների առաջարկ-պահանջարկով: Եվ շատ իզուր: Քանդակը լիովին համապատասխանում է այն ավանդույթներին, որոնք արդեն ձևավորվել են հայ արձանագրության ասպարեզում: Չխորանալով մանրամասների մեջ, նշեմ միայն մեկը, բայց ամենակարևորն այդ ավանդույթներից. շրջեք մեր քաղաքը, ուշի-ուշով զննեք մեր բոլոր մեծերի արձանները և ի՞նչ ընդհանուր բան կգտնեք, որն արդեն ավանդույթի է վերածվել- այո, դուք շատ շուտով կհամոզվեք, որ նրանք բոլորն էլ նստած են, ոմանք՝ ձիերի վրա, շատերն՝ աթոռներին, իսկ մեծն Կոմիտասը՝ պարզապես ծառի ճյուղին… Առնո Բաբաջանյանը ևս հաջողությամբ է անցել այդ քննությունը, նա նույնպես նստած է:  Եվ սա է կարևորը: Մնացածը երկրորդական բաներ են:

Ես ընդամենը մի դիտողություն ունեմ, որը թելադրված է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր կացությունից:  Խոսքս վերաբերում է դաշնամուրին, որը դրված է երաժշտահանի առջև: Հանրապետության այս նեղ վիճակում իմաստ ունե՞ր ահագին ծախս անել և բրոնզից դաշնամուր քանդակել, երբ կարելի էր անհամեմատ էժան գնով (թեկուղ և մի քիչ հին) դաշնամուր ճարել վերնիսաժից և դնել Բաբաջանյանի դիմաց: Ինչպես ասում են՝ հա՛մ էժան է, հա՛մ էլ նման…

Վերադառնանք ընտրություններին, որոնց մասին այս օրերին դրական խոսքեր շատ են ասվել, և ես էլ պետք է իմ անթաքույց  գոհունակությունն արտահայտեմ այդ կապակցությամբ: Իրենց թափանցիկությամբ և արգասավորությամբ այս ընտրությունները խոշոր առաջընթաց քայլ էին նախորդ ընտրությունների համեմատությամբ, որոնց ժամանակ շարքային ընտրողներս ի՞նչ շահեցինք, գրեթե ոչինչ՝ ընդամենը 2կգ ալյուր, 1լ ձեթ, 1,5կգ  բրինձ և ուրիշ ոչինչ: Իսկ այս ընտրությունները քեֆս բերեցին: Նայիր վերարկուիս, ընդամենը երկու անգամ է հագած, համայնքապետի թեկնածուներից մեկի նվերն է, շալվարս իսկական բուրդ է, անգլիական: Չե՞ս հավատում, կարող եմ պիտակը ցույց տալ: Սա էլ մյուս թեկնածուի նվերն է, իսկ երրորդ թեկնածուն… իտալական ընտիր կոշիկներ, չես հավատա, իր ոտքերից հանեց, տվեց ինձ: Խեղճ մարդու հագին էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ բաժանել էր…  Հարցնում ես՝ ո՞ւմ տվեցի ձայնս: Ճիշտն ասած, սկզբում որոշել էի վերարկուին տալ, բայց հետո մտածեցի, որ աստառը մաշված է, շալվարին էլ ձայն չտվեցի, որովհետև վրաս մի քիչ մեծ էր… Մի խոսքով՝  չերկարացնեմ, ձայնս տվեցի կոշիկներին. երկու, ի՞նչ եմ ասում, երեք սեզոն կհագնեմ, մինչև մյուս ընտրությունները:

[sharify]