56. ԿԲԱՑՎԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՄԱԵՍՏՐՈՅԻ «ԻՄ ԿՅԱՆՔԸ» ՎԵՊԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՍԿՍՎԵԼ. Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՄԱԵՍՏՐՈՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 

  Ահա, այս կարևոր հարցերի պատասխաններն ստանալու ակնկալությամբ շտապեցի Սարյան պուրակ և իր մշտական տեղում չգտնելով Մաեստրոյին, խիստ անհանգստացա: Տեղյակ, որ հասարակական-քաղաքական-գրական նշանավոր գործիչն ապրում է դիմացի շենքում, անորոշ տագնապով մոտեցա այն մուտքին, որի երրորդ հարկում բնակվում էր Մաեստրոն: Մեծ եղավ զարմանքս, երբ մի հոծ բազմություն տեսա մուտքի առաջ.

-Այս ի՞նչ է կատարվում այստեղ,- բնականաբար հետաքրքրվեցի,- հո պատահաբար Մաեստրոն չի՞ մեռել:

-Բերանդ խերով բաց արա, ախմախ,- կոպտորեն շշպռեց ինձ բավականին նորաձև հագնված մի երիտասարդ,- բա էդպիսի հիմար բա՞ն կասեն, մի՞թե չգիտես, որ Մաեստրոն անմահ է…

-Իհարկե, գիտեմ,- փորձեցի արդարանալ:- Այդ դեպքում ինչո՞ւ է այսքան մարդ հավաքվել նրա տան առաջ:

-Այ տղա, չե՞ս տեսնում, կինո ենք նկարում Մաեստրոյի մասին: Գնա վերև, տես, թե ինչ է կատարվում…

Մի կերպ ճեղքելով հենց այնպես հավաքված մարդկանց, նկարահանող խմբի ամբոխը, բարձրացա երրորդ հարկ, մի կերպ խցկվեցի օպերատորների արանքից և մտա բնակարան… և զարմանքից քար կտրեցի՝ տեսնելով բոլորովին մերկ Մաեստրոյին, որը չորեքթաթ էր անում գորգի վրայով, գլորում էր գույնզգույն գնդակը, ինքն էլ գլորվում էր գնդակի նման և զվարթ ճիչեր էր արձակում…

-Հրաշալի՜ է,- լսվեց ռեժիսորի հուզումնալից ծղրտոցը,- այսօրվա համար այսքանը հերիք է, շնորհակալություն, Մաեստրո, նկարահանումները կշարունակենք վաղը: Ո՞վ էր մայրիկի դերակատարը, Անթառա՜մ, առավոտ շուտ այստեղ կլինես, կրծքով կերակրելու ես Մաեստրոյին, ուրեմն հասկանում ես, թե ինչերդ լավ կլվանաս… Եղա՞վ…

Քիչ անց նկարահանող խումբը ցրվեց, մնացինք ես ու Մաեստրոն, որը մերկ մարմնի վրա մի թեթև խալաթ գցած նստել էր բազմոցին՝ երջանիկ ժպիտը դեմքին…

-Ի՞նչ է կատարվում այստեղ, Մաեստրո, այս ի՜նչ խայտառակություն է…

-Ի՜նչ խայտառակություն, ա՛յ տղա, իրականացել է վաղեմի երազանքս, սկսվել են «Իմ կյանքը» կենսագրական վեպիս նկարահանումները, իսկ դու շնորհավորելու փոխարեն կռռում ես ագռավի նման:

-Բայց, Մաեստրո, ախր, բոլորովին մերկ, չորեքթաթ… այդ ի՞նչ ֆիլմ է…

-Այո, այո, սիրելիս… այսօր նկարահանում էին իմ մանկության վաղ շրջանը, երբ ես դեռ նոր-նոր էի բոլորել իմ մեկ տարին, քայլել չէի կարող, բայց չորեքթաթ էի անում գորգի վրայով: Այօրվա պես հիշում եմ, բոլորովին մերկ էի, ի՜նչ երջանիկ օրեր էին… իսկ դու տեսա՞ր այն ջահել դերասանուհուն, Անթառամ է անունը, տեսա՞ր ինչ հրաշալի կրծքեր ուներ, վաղն այդ կրծքերը մերկացնելու է և տալու է իմ բերանը…

-Մաեստրո, ի՞նչ է, որոշել ես օր ծերության պոռնոֆի՞լմ նկարահանել:

-Այ տղա, ի՞նչ պոռնոֆիլմ, վաղը նկարելու ենք այն տեսարանը, ուր մայրս, որի դերը կատարելու է այդ Անթառամը, ինձ ծիծ է տալու, այսինքն՝ կերակրելու է կրծքի կաթով, թող իմ բազմահազար երկրպագուները տեսնեն և իմանան, որ իրենց Մաեստրոն դեռ մանկուց մայրական հալալ կաթով է սնվել և ոչ թե այսօրվա նման՝ կաթի փոշով:

-Լավ, Մաեստրո, շատ ուրախ եմ ֆիլմիդ համար, բայց բոլորովին ուրիշ գործով էի Ձեզ մոտ եկել:

-Ասա, տեսնեմ:- Ասաց Մաեստրոն, կաթի շշի վրա անցկացնելով ծծակն ու դնելով բերանը,- դու խոսիր, իսկ ես հիմա վաղվա դերիս մեջ եմ մտնում…

-Մաեստրո, այս օրերի մամուլը խոսում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին, ի՞նչ եք մտածում սահմանները բացելու խոստումների հեռանկարի առումով:

-Ես կտրականապես դեմ եմ,- կնճռոտվեց Մաեստրոն և կաթի շիշը ջղայնացած հեռացրեց բերանից:

-Ինչո՞ւ եք դեմ, Մաեստրո: Թուրքիայի փակ սահմանները մեր զարգացմանը միշտ խանգարել են: Պատկերացրեք տուն՝ չորս կողմից փակ դռներով… Վատ է, չէ՞:

-Ի՞նչն է վատ,- թղթակցին կտրուկ ընդհատեց Մաեստրոն:- Դռներ բացելը երկու երես ունի. մի կողմից լավ է՝ հատկապես ամռանը, քամի կխաղա և Երևանում համեմատաբար հով կլինի, բայց պատկերացնո՞ւմ ես, բաց դռներով ի՜նչ խայտառակ ցրտեր կլինեն ձմռանը: Ա՛յ, եթե նորմալ ջեռուցում տան, կարելի է բացել, այն էլ կարճ ժամանակով: Եվ հետո, թուրքերը գող են, աչքի սուրմա թռցնող, բաց դուռ տեսան, ձեռքերն ինչ ընկնի՝ կցրեն… Չէ, ախպե՛ր, դուռդ փակ պահիր, հարևանիդ էլ գող մի հանիր… Կարճ ասած՝ թուրքի պես հարևան ունեցողը պիտի դռներն ամուր փակի, բայց լուսամուտներից մեկը կարելի է մի թեթև կիսաբաց անել… Գնա՛, հենց էդպես էլ ասա ղեկավարությանը, բայց ժողովրդին բան չասես:

-Ինչո՞ւ, Մաեստրո, ժողովուրդն անհամբեր սպասում է Ձեր խոսքին:

-Հենց դրանից եմ վախենում: Չորս կողմից դռները փակ՝ ժողովրդի կեսն էլի կարողացավ արանքը ճեղքել, բա որ իմանան բաց լուսամուտ կա՞, մի-երկու ընթերցող-հանդիսատես է մնացել, դրանք էլ լուսամուտից կցրվեն: Բա էս ֆիլմն էլ ո՞ւմ համար եմ նկարահանում…

[sharify]