55. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱՆ. ԴԱԴԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ԱՅՈ, ԻՍԿ ԵԹԵ ՈՉ, ԻՆՉՈ՞Ւ ԱՅՈ… » ՉԱՓԱԶԱՆՑ ԽՈՍՈՒՆ ՎԵՐՆԱԳՐՈՎ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 

  Մենք չփորձեցինք կարդալ աշխատությունը, վստահ, որ ոչինչ չենք հասկանա հանցագործ ընթերցողների լայն զանգվածներին հասցեագրված այդ մենագրությունից: Դիմեցինք առավել փորձված մեթոդի՝ չխամրող հիացմունքով պարզապես դիմեցինք Ան. Դադարյանի աշխատություննների առաջաբանների մշտական հեղինակի օգնությանը, այսինքն՝  ընթերցեցինք առաջաբանը, ինչը խորհուրդ կտայինք անել նաև ոչ հանցագործ ընթերցողներին:

 

ՄԱԵՍՏՐՈ

ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ԱՅՈ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ՝ ՈՉ

Նախքան այս հաստաբեստ գրքի բուն բովանդակությանը անցնելը, ես կուզենայի խոսել, ավելի ճիշտ՝ Եվրախորհրդի ուշադրությունը հրավիրել մի երևույթի վրա, որը սերտորեն առնչվելով մահապատժի հետ, այնուհանդերձ, առ այսօր  մնացել է ստվերում:  Խոսքս հայաստանցիներիս բնակարանների ջեռուցման մասին է: Ավելի ճիշտ՝ ջեռուցման բացակայության: Հայաստանի զարհուրելի ձմռան պայմաններում, սիրելի Եվրոստան-ույուտի, ավելի ճիշտ՝ Եվրախորհրդի անդամներ, մահապատիժներից ամենասարսափելին ոչ թե կախաղանն է կամ գնդակահարությունը, ոչ թե թույնի ներարկումն է կամ գազախեղդ անելը, այլ՝ ձմեռը բնակարաններում անցկացնելը… առանց ջեռուցման: Մահապատժի վերոհիշյալ ձևերը մեծ առավելություն ունեն և խորը հումանիստական բովանդակություն են պարունակում՝  վերջինի, այսինքն՝ ջեռուցման բացակայության համեմատությամբ: Ինչո՞ւ: Բացատրեմ: Որովհետև կախաղանի , գնդակահարության, էլեկտրական աթոռի, թույնի ներարկման կամ գազախեղդման դատապարտված՝ մահապարտի կյանքին հրաժեշտ տալու տառապանքը ընդամենը մի քանի վայրկյան է տևում: Մինչդեռ չջեռուցվող բնակարանի դատապարտված մահապարտը տառապում է երբեմն երկար տարներ: Եվ ամենասարսափելին այն է, սիրելի եվրախորհրդցիներ, որ այս կարգի մահապարտների դատական գործերի հետագա վերաքննությունը ցույց է տվել, որ նրանք գրեթե գլխովին անմեղ մարդիկ են եղել, դեռ ավելին՝ ինքնազոհ հայրենասերներ, և չեն լքել իրենց աղքատ ու խեղճ երկիրը, այլ փորձել են ազնվորեն ծառայել նրան՝ իրենց աչքի առաջ ունենալով իմ, այսինքն՝ Մաեստրոյիս, հայրենանվեր փորձը:  Ավա՜ղ, այդ ամենը, այդ կործանված հոգիների ազնվությունն ու արդարությունը ջրի երես են դուրս եկել սառույցի հալվելուց, այսինքն՝ մահապատժի իրականացումից հետո միայն…

Ահա թե ինչու, միանալով Եվրախորհրդի անդամ երկրների քաղաքակիրթ բնակչությանը, ես ևս կտրականապես պահանջում եմ  արգելել այս սադիստական մահապատիժը, ինչ խոսք, թողնելով նրա մյուս, առավել մեղմ ու հումանիստական ձևերը՝ կախաղանը, գնդակահարությունը, էլեկտրական աթոռը, թույներն ու գազերը…

[sharify]