54. ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ – ԶԲԱՂՎԵՔ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՄԲ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Եթե նկատել եք, Եվրախորհրդին անդամակցելուց հետո նույնիսկ տարվա մեր եղանակներն են սկսել խստիվ համապատասխանել եվրաչափանիշներին: Իսկ  ի՞նչ վիճակ է տիրում մեր հանրապետության մյուս ասպարեզներում, ասենք՝ հուղարկավորության և ֆինանսների աշխարհում: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմեցի Մաեստրոյին, որը Ներքին Զեյթունի բարեգործական ճաշարանում թունդ վեճի մեջ էր մտել իր սեղանակցի հետ՝ վերջինս խորապես համոզված էր , որ Մաեստրոն բացի իր հասանելիքից, թաքուն խմել է նաև իր կոմպոտը…

 

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ժամանակը չէ՞, որ ընդհատեք Ձեր այս անպտուղ վեճն ու պատասխանեք իմ հարցերին. Ի՞նչ եք կարծում՝  մեր եղանակների փոփոխությունը կապ ունի՞ Եվրախորհուրդ մտնելու հետ:

ՄԱԵՍՏՐՈ.- Իհարկե, վերցնենք թեկուզ աշունը, որը մինչև իր օրացույցային վերջին օրը մեղմ էր, տաք ու… խիստ աշնանային: Այ մարդ, իսկապես ոսկե աշուն էր: Տեսեք, թե ինչ եմ գրել այդ ոսկու կապակցությամբ:

ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ ՈՍԿՈՒ ԲԱԶԱՐՈՒՄ

                                        Կապված է մեծ ռիսկի հետ,

                                       Պոետներ իմ սիրելի,

                                       Պետք չէ ասել՝ ոսկի է՝

                                       Աշնան մասին գրելիս.

                                       Վրա կտա արդարև

                                       Ժողովուրդն այս մազալու,

                                       Աշնան վերջին տերևն էլ

                                       Կծախծխի բազարում…

Ինչ վերաբերում է մյուս ասպարեզներին, փոփոխություններն ակնհայտ են՝ մուրացկաններն սկսել են լավ հագնվել, իսկ այն ծերունիներն ու հիվանդները, որոնք մի քանի տարի առաջ վախենում էին մեռնել, հոգս դառնալ հարազատների գլխին, հիմա ազատ-անկաշկանդ մեռնում են… Չե՞ք հավատում, գնացեք գերեզմանոցներ, տեսեք՝ ինչ աշխույժ եռուզեռ է այնտեղ, գիտե՞ք գերեզմանափորների, տապանաքար տաշողների քանի նոր աշխատատեղ է բացվել…

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, մի կողմից ուրախալի է, որ նոր աշխատատեղեր են բացվում, սակայն նկատած կլինեք անպայման, որ մյուս կողմից՝ շատ շուտով ամբողջ հանրապետությունում ոչ միայն մեռելներին թաղելու, այլև ողջերին՝ ապրելու տեղ չի ճարվի… Գերեզմանոցներն անվերջ ծավալվում են, մեր փոքրիկ, հողազուրկ հանրապետությանհամար ծանր խնդիր է հասունանում:

ՄԱԵՍՏՐՈ.- Մի՛ վհատնեք, երիտասարդ, մեր իշխանություններն այդ մասին էլ են մտածել. Արդեն ճշտված է առաջին դիակիզարանի հիմնադրման տեղը, այնպես որ շուտով կսկսենք մեր հանգուցյալներին վառել, համ տաք կլինի, համ էլ տարածք կխնայենք:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, մեր ժողովուրդը դժվար թե հաշտվի իրենց հարազատներին վառելու մտքի հետ: Դուք, օրինակ, կհամաձայնե՞ք, որ Ձեր հարազատին վառեն:

ՄԱԵՍՏՐՈ.- Ինչո՞ւ չէ: Խնդրեմ, իմ հարազատին՝ զոքանչիս կարող եք հենց հիմա էլ վառել:

ԹՂԹԱԿԻՑ.- Բայց Մաեստրո, եթե չեմ սխալվում, Ձեր զոքանչը կենդանի է…

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, նա հասարակական կենդանի է:

ԹՂԹԱԿԻՑ.- Ուզում էի ասել՝ ողջ է:

ՄԱԵՍՏՐՈ.- Շատ էլ թե ողջ է: Ամբողջ կյանքում իր սիրելի աղջկա հետ ինքն է ինձ ողջ-ողջ վառել, հիմա էլ թող ինքը վառվի… Չէ, ինչ ուզում ես ասա, ես երկու ձեեռքով կողմ եմ դիակիզարաններին…

ԹՂԹԱԿԻՑ.- Խոսեցինք մեռնելու, մի քիչ էլ խոսենք ապրելու մասին: Մաեստրո, ի՞նչ ելք եք առաջարկում, ինչպե՞ս բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը, աշխատավարձը, ախր, շատ ցածր են…

ՄԱԵՍՏՐՈ.- Ուզո՞ւմ եք բարձրացնել աշխատավարձերը՝ դրա միակ ճանապարհը կաշառակերությամբ զբաղվելն է… Հիմա, եթե նկատել եք, կառավարությունը բարձրացնում է միայն կաշառակերների աշխատավարձը՝ նրանց դեմ պայքարելու նպատակով: Դե ինչ, ճանապարհը նշված է, զարկ տվեք կաշառակերությանը, և թող կառավարությունը պայքարի ձեր դեմ՝ աշխատավարձը բարձրացնելով…

[sharify]