ՆՈՐ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ ԱՅՍ ՏԱՐՎԱ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ,
ԻՆՉԻ ՇՆՈՐՀԻՎ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԲԱՑՎԵՆ
ԲՈՒՀԵՐԻ ԴՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՏԵՆՉ
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ
ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԱՆՑԱԾ
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Նախարարությանը մոտ կանգնած պատասխանատուներից մեկը, որը խնդրեց առայժմ անհայտ մնալ, հայտնում է, որ այս նոր քննաշրջանում բարձրագույն կրթական օջախներ ընդունվել և սովորել կարող են բոլորը՝ առանց դիրքային, պաշտոնական և տարիքային խտրականության, կարևոր չէ նույնիսկ ավարտե՞լ եք դպրոցը, թե՝ ոչ, ցուցաբերե՞լ եք ցածր առաջադիմություն, թե ընդհանրապես ոչինչ չեք ցուցաբերել: Էքսպերիմենտն առայժմ տարածվում է միայն հումանիտար կողմնորոշում ունեցող բուհերի վրա:
Առաջնություն է տրվում.
ա) երկտարեցներին և հատկապես նրանց, որոնց նույն դասարանում մնալու պատճառները եղել են մայրենի լեզուն և գրականությունը:
բ) ովքեր յուրաքանչյուր պարզ նախադասության մեջ թույլ են տալիս առնվազն հինգ (5) կոպիտ, վեց (6) կիսակոպիտ և ութ (8) բավականին քնքուշ սխալ, ցանկալի է, որ դիմորդը ոչ մի պատկերացում չունենա կետադրության մասին:
գ) նրանց, ովքեր դպրոցում սովորելու տարիներին, ինչպես նաև ավարտելուց հետո մեծ ցանկություն են ունեցել ծանոթանալ դասական և ժամանակակից գրականության լավագույն նմուշներին, սակայն չեն կարողացել տառերի մի մասը չիմանալու պատճառով:
Դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- Տեղեկանք բժշկից առ այն, որ ուսանելու տարիներին ձեր պատճառով առնվազն հինգ (5) ուսուցիչ նյարդային խանգարում է ստացել, իսկ մայրենի լեզվի և գրականության ուսուցիչը ստացիոնար բուժվել է հոգեբուժարանում:
- Միջնորդագիր ոստիկանության թաղային հենակետից առ այն, թե քանի անգամ եք բերման ենթարկվել ոստիկանություն, դպրոցին պարբերաբար հասցրած նյութական վնասների պատճառով:
Էքսպերիմենտի հիմնական նորություններից մեկն այն է, որ հենց առաջին իսկ քննությունից երկու ստացած դիմորդն անմիջապես ազատվում է մյուս քննություններից և դառնում ուսանող, անշուշտ, եթե ներկայացրել է 1.2. կետերում նշված փաստաթղթերը: Բացի այդ, էքսպերիմենտով անցած դիմորդները ռեկտորատ են ներկայացնում.
- 18×32 չափի լուսանկար (գունավոր), ուր պատկերված է դիմորդը սեփական ավտոմեքենայի դռանը հենված, դեմքով դեպի ավտոտնակը, մի ձեռքին բջջային հեռախոսը, մյուսին՝ ամառանոցի բանալին:
- 32×44 չափի լուսանկար (գունավոր), ուր դիմորդը պատկերված է բնության գրկում ընկեր-տղերքի հետ քեֆ անելիս:
- Փաստաթուղթ, ուր մանրամասն նշված են դիմորդի և նրա ծնողների կողմնակի եկամուտները:
- Լուսաննկարները ներկայացնել համապատասխան շրջանակներով:
P.S. Ծանոթություն հաստատելու, միջնորդ գտնելու և գործերը դասավորելու համար դիմել նախարարության մոտ կանգնած պատասխանատուին (կապույտ վերնաշապիկ, սև ակնոցներ): Նշանաբանը՝ «Դռնակը բաց ներս գամ ես», պատասխանը՝ «Անուշ, անուշ կաթ տամ քեզ»: