Զարմանալի զուգադիպությամբ մամուլում ինքնակենսագրական վեպիս շարունակական տպագրությունը համընկավ մի հրաշալի միջոցառման. խոսքս վերաբերում է հայ գրողների համահայկական հավաքին, որին, ավա՜ղ, ելնելով իմ՝ սփյուռքահայ գրողիս ծանր կարգավիճակից, կարող էի մասնակցել միայն մտովի:
Չեմ թաքցնում, այսօր շատերին են հետաքրքրում կենսագրությանս մանրամասները, ինչպես նաև, բնականաբար, հայրենական գրողից սփյուռքահայի վերածվելուս հանգամանքները: Օգտվելով առիթից, որ Երևանում էին հավաքվել աշխարհի գրեթե բոլոր հայ գրողները՝ թե՛ սփյուռքահայերը և թե՛ հայաստանյանները, և անպայմանորեն հարց էր ծագելու՝ ո՞ւր է Մաեստրոն, ինչո՞ւ իր պատկառելի ներկայությամբ չի զարդարում սույն համագումարը, հարմար գտա նամակի տեսքով նրանց ներկայացնել ինքնակենսագրական վեպիս այն հատվածը, որը լավագույնս պարունակում է այդ հրատապ հարցի սպառիչ պատասխանը:
ՄԱԵՍՏՐՈ
ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂ
Ինչպես արդեն նշել եմ ինքնակենսագրական վեպիս նախորդ գլուխներում՝ ծնվել եմ երկրորդ հազարամյակի վերջին հարյուրամյակի առաջին հիսնամյակի վերջին տասնամյակի կեսին, աղետի գոտում, Լենինական անունով մի սևազգեստ քաղաքում, որը վաղուց վերացել է քարտեզի վրայից և նրա փոխարեն նույն տեղում իր գոյությունն է քարշ տալիս Գյումրի անունով մի բնակավայր: Վերջին տասնամյակում երկու մասի բաժանված կենսագիրներս բուռն ու կրքոտ բանավեճ են բացել այն խնդրի շուրջ, թե՝ իրավունք ո՞ւնի Գյումրի կոչվող այս բնակավայրը համարվելու Մաեստրոյի ծննդավայրը, թո՞ ոչ: Ես լիովին կիսում եմ կենսագիրների այն հատվածի տեակետը, որը գտնում և ապացուցում է, որ՝ ոչ, իրավունք չունի: Եվ ահա թե ինչու.- երկրաշարժի հենց առաջին հարվածից հողի երեսից ջնջվեցին ծննդատունը, ուր ծնվել եմ վերոհիշյալ թվականին, մանկապարտեզը, ուր հաճախել եմ մի կարճ ժամանակահատված, դպրոցը, ուր անցել է կյանոիս լավագույն շրջանը, դպրոցը, որի մասին իմ «ՖԱՈՒՍՏ-2» անտիպ պոեմում նշել եմ.
Սիրելի դպրոց, անմոռանալի,
Քեզ միշտ հիշել եմ խոսքերով բարի,
Սիրով անհատակ…
Գրող կդառնայի՞ ես հրաշալի,
Թե չսովորեի ես 15 տարի
Կամարներիդ տակ…
Ահա, այսպես վերացան այս տեղանքի հետ ինձ կապող ամենակարևոր օղակները: Ծննդատան տեղում՝ չենջի կետ է աշխատում, մանկապարտեզի՝ առևտրի սրահ, դպրոցի՝ հանրախանութ… Վերադառնանք պոեմումս նշած տասնհինգ թվին, որը կարծում եմ մեծ աղմուկ կհարուցի կենսագիրներիս շրջանում, որոնք իրենց բոլոր մենագրություններում ընդամենը տասը տարի են հատկացրել դպրոցական ուսումնասիրությանս՝ տարբեր ենթադրություններ անելով հավելյալ հինգ տարվա մասին: Ահա, իմ շնորհիվ գրականագիտության մեջ կարևոր ճշտում է կատարվում՝ հայտնի է դառնում, թե ուր եմ անցկացրել այն հինգ տարին, որը բաց ու անհայտ էր մնում ինձ նվիրված աշատություններում.- Այո, ես մեծ դժվարությամբ եմ բաժանվել իմ սիրելի դպրոցից՝ ինձ համար սիրելի ու կարևոր դասընթացները կրկնելով մի քանի անգամ…
Ինչևէ: Մանկությունից ու պատանեկությունից զրկվելով, տեղափոխվեցի մայրաքաղաք և բնակարան վարձեցի ծայրամասային գաղթօջախներից մեկի բարձրահարկ շենքի վերջին՝ 14-րդ հարկում: Սկզբնական շրջանում տրանսպորտի բացակայությունն էր խանգարում կապվելու մայր հայրենիքի հետ, իսկ երբ վերելակը դադարեց աշխատել՝ այդ կապը խզվեց վերջնականապես: Տարին մեկ-երկու անգամ, երբ մեծ գրողներից անբաժան հոդացավս փոքրիշատե մեղմանում է, դուրս եմ գալիս երկարատև ու տառապալի ճանապարհորդության՝ մեծագույն դժվարությամբ հաղթահարելով 14 հարկ ձգվող ու մի քանի շաբաթ տևող վայրէջքն ու ապա՝ վերելքը… Այս աներևակայելի տանջանքը, ինչ խոսք, մեծավ փոխհատուցվում է հարազատ շողովրդի հետ առնչվելու, մայրենի լեզվի քաղցր կարկաչը վայելելու, մայրաքաղաքում իրականացվող բարեփոխություններով հիանալու հրճվանքով… Հիմա արդեն դժվարանում եմ ասել, թե ո՞ր պահից սկսվեց և երբ հասավ իր ավարտին սփյուռքահայ գրող դառնալուս գործընթացը… Երևի այն օրվանից, երբ երազումս տեսա սուրբ Մեսրոպ Մաշտոցին, որը ձեռքը դնելով գլխիս, ասաց. «Մաեստրո, իջել ես հայոց լեռներեն, ինչո՞ւ չես խոսում արևմտահայերեն…»: Կամ գուցե այն պահից, երբ հոգիս սկսեց կրծել հայրենի եզերքի կարոտը… Մի քանի օր առաջ ներքևիս հարևանը բարեբախտաբար բարձրաձայն միացրել էր հեռուստացույցը և ես վերջին լուրերով լսեցի, որ համագումարի մասնակից սփյուռքահայ գրողները հիացել են լճի համայնքապատկերով… Սիրտս կարոտից ճմլվեց. Քանի՜ տարի առաջ եմ վերջին անգամ եղել Ծաղկաձորում, դեռևս այն ժամանակ, երբ այնտեղ ծաղիկներ կային, անտառ ու ծառեր կային… Իսկ Սևանում… ի՞նչ ասաց, թերակղզի՞… իմ տեսածն, ախր, կղզի էր… Է՜հ, ինչ արագ են անցնում տարիները… Գրիչս դնում եմ մի կողմ, սիրելի բարեկամներ, այլևս ուժ չունեմ շարունակելու, արցունքներս խեղդում են կոկորդս…