Տեղեկանալով, որ Մաեստրոն ինչ-ինչ պատճառներով փոխել է իր կարծիքը հարազատ ժողովրդի մասին, շտապեցի Սարյանի պուրակ, ուր իր մշտական տեղում նստած էր մեծանուն հասարակական-քաղաքական գործիչը՝ թաղված խորը մտքերի և արևածաղկի կճեպների մեջ: Շարունակելով չրթելը՝ նայեց զարմացած, խոհուն հայացքով:
ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանն այն լուրը, որ Դուք վերջերս փոխել եք ձեր կարծիքը հարազատ ժողովրդի մասին:
ՄԱԵՍՏՐՈ.- Այո, նախքան ընտրությունները ես բոլորովին ուրիշ կարծիք ունեի, ընտրություններից հետո՝ մեկ այլ, իսկ ալյուրի և հացի թանկացումից հետո ես մնացի համակարծիք իմ կարծիքի հետ:
ԹՂԹԱԿԻՑ.- Խնդրում եմ մանրամասնել Ձեր կարծիքը, որի հետ Դուք համակարծիք եք:
ՄԱԵՍՏՐՈ.- Ինչպես հայտնի է, մինչ ընտրություններն ընկած ժամանակաշրջանում ինչ անուն ասես, որ չեն կպցրել մեր ժողովրդին՝ է՛լ բազմադարյան ու տաղանդավոր, է՛լ աշխատասեր ու ուսումնատենչ…
ԹՂԹԱԿԻՑ.- Ինչպիսի՞ փոփոխություններ է կրել Ձեր կարծիքն ընտրություններից հետո:
ՄԱԵՍՏՐՈ.- Ընտրություններից հետո, երկար մտածելով եկա այն համոզման, որ վերը նշածս պատկերացումը մեր ժողովրդի մասին ծայրեծայր սուտ է: Ընտրությունները ցույց տվեցին, որ մենք պարզապես մեր լավն ու վատը, խերն ու շառը չիմացող ժողովուրդ ենք: Ապացույցների ետևից շատ հեռու չգնանք, վերցնենք հենց թեկուզ վերջին ընտրությունների օրինակը, որ եթե մի քիչ էլ շարունակեին, ապա վնասները կգերազանցեին մեր գլխովն անցած բոլոր երկրաշարժների ու պատերազմների վնասներից՝ միասին վերցրած:
ԹՂԹԱԿԻՑ.- Խնդրում եմ կոնկրետ օրինակ, եթե հնարավոր է:
ՄԱԵՍՏՐՈ.- Նախ, որ շատ կոպիտ խախտումներ եղան, հենց թեկուզ մեր ընտրատարածքում, ուր իր թեկնածությունն էր առաջադրել մեր թաղամասի և հարակից տարածքների ահ ու սարսափ գող Վալոդը, որն իր հերթական բանտարկությունից ազատվեց նախընտրական քարոզարշավից մի քանի շաբաթ առաջ: Մարդը հավաքեց բոլորիս և ի լուր ամենքի հայտարարեց, որ պատգամավոր ընտրվելու դեպքում ոչ միայն պլանքյաշությունն ու սրսկվելն է թարկելու, այլև, ինչն ամենակարևորն է՝ բնակարանային գողությունը… և վստահեցնում էր, որ մինչև մյուս ընտրություններ իր ընտրատարածքի ժողովուրդը կարող է դռները բաց քնել: Բոլորս մեկ մարդու նման ձայներս տվեցինք նրան… և ինչ՝ ձայների մեծ առավելությամբ անցավ մեզ բոլորիս անհայտ մի մարդ… Հետևանքն այն է, որ հիմա գիշերն էլ ենք սարսափ մեջ, ցերեկն էլ… Մենք հո գիտե՞նք, որ գող Վալոդի դեմ խաղ չկա:
Եվ հետո, ի՞նչ իմաստ ուներ ժողովրդին խառնել իրար, առևտրից, նարդուց կտրել, ժամերով կանգնեցնել արևի ու անձրևի տակ, ճառեր արտասանել, սուտ խոստումներ տալ, տոննաներով բենզին ծախսել, պտտվել գեղից-գեղ, պաչպչվել անլվա պառավների հետ, փոշիացնել ազգային հարստությունը՝ ընտրակաշառք բաժանելով մեծից փոքրի… Այսքանից հետո պարզ չէ՞, թե ինչու ենք վատ ապրում, բյուջե չունենք: Ախր, չէ՞ որ բոլորին է հայտնի, որ այս մանր-մունր ծախսերից զատ, մարդիկ ահռելի գումարներ են մուծվել՝ Ազգային ժողովում, իրենց պատգամավորական տեղն ապահովելու համար, մինչդեռ այդ գումարներից և ոչ մի լումա բյուջե չի մտել: Հետևանքը՝ գների օրինաչափ բարձրացումը: Հատկապես հացի և ալյուրի, ինչի պատճառով ես ստիպված եղա իմ կարծիքը փոխել մի պարկ ալյուրի հետ:
ԹՂԹԱԿԻՑ.- Հասկանալի է, որ այս իրադրությունում Դուք ձեր տեղը հանգիստ նստողը չեք: Ի՞նչ նոր առաջարկ է հղանում Ձեր հանճարեղ ուղեղում:
ՄԱԵՍՏՐՈ.- Ի՞նչ եմ առաջարկում: Նախ, հանգիստ թողնել ժողովրդին և հայտարարել արդար ու թափանցիկ նախընտրական աճուրդներ՝ մեծամասնական աճուրդ և՝ համամասնական: Դրա համար հարկավոր է հավաքել պատգամավորության թեկնածուներին համապատասխան բորսաներում և սկսել աճուրդի օրինական գործընթացը.
-Պատգամավորական մեկ տեղ մեծամասնական ցուցակով համար առաջին ընտրատարածքում, նախնական գինը 50 000 ԱՄՆ դոլար: Ո՞վ կտա ավելին…
-Պատգամավորական երկու տեղ համամասնական ցուցակով համար երկրորդ ընտրատարածքում, նախնական գինը 60 000 ԱՄՆ դոլար: Ո՞վ կտա ավելին:
Եվ այսպես հերթով վաճառքի կդրվեն բոլոր ընտրատարածքները: Նախընտրական աճուրդն ավարտելուց հետո, արդեն ընտրված և համապատասխան գումարները մուծած պատգամավորներին, մուծման կտրոնները ստուգելուց հետո, հենց հաջորդ օրն իսկ կարելի է հավաքել ԱԺ նիստերի դահլիճում և սկսել կառավարության ձևավորումը՝ նախարարական աթոռների աճուրդով.
-Մշակույթի նախարարի պաշտոն, նախնական գինը 100 000 ԱՄՆ դոլար: Ո՞վ կտա ավելին:
-Առողջապահության նախարարի պաշտոն, նախնական գինը՝ 150 000 ԱՄՆ դոլար: Ո՞վ կտա ավելին…
ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ծրագիրը հրաշալի է, ինչպես և քո մինչ այս առաջարկած բոլոր ծրագրերը: Բայց այստեղ կա մի կարևոր «բայց»՝ ինչպե՞ս ապահովել այս նախընտրական աճուրդների արդարությունն ու թափանցիկությունը: Չէ՞ որ խոսքը մեծ փողերի հետ է կապված:
ՄԱԵՍՏՐՈ.- Դա ծրագրի ամենահեշտ մասն է: Ամեն ինչ արվում է և կարվի սովորականի պես: Ձեր կարծիքով ինչի՞ համար են դիտորդները, լրագրողները, և ժողովուրդն ամբողջությամբ վերցրած, չէ՞ որ աճուրդն ամբողջությամբ կցուցադրվի հեռուստատեսությամբ: Այնպես որ հենց թող նրանք էլ ապահովեն աճուրդների արդարությունն ու թափանցիկությունը:
Բայց ամենակարևորն այն է, որ այս աճուրդներից ստացված ամբողջ գումարն ամբողջ ժողովրդի աչքի առաջ կփոխանցվի բյուջե, ինչի շնորհիվ կվերանան կոպիտ խախտումները, և մենք բոլորս կազատվենք նախընտրական քարոզարշավ կոչվող տառապանքից, որից մինչև այսօր և դեռ երկար ժամանակ, ուշքի չենք գա:
ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, մի՞թե ոչ մի լավ բան չեք կարող ասել վերջին ընտրությունների և նորընտիր ԱԺ պատգամավորների մասին:
ՄԱԵՍՏՐՈ.- Ինչո՞ւ չէ, կասեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ զանգված է ընտրվել պատգամավոր և մասնակցելու է ԱԺ նիստերին, վստահությամբ կարող եմ պնդել, որ այդ նիստերի ժամանակ շեշտակիորեն կպակասեն փողոցային երթևեկության խախտումները, և խոշոր հանցանքներն ամբողջ հանրապետության տարածքում: Կարծում եմ սա փոքր նվաճում չէ: