Ինչպես նախորդ տարիներին, այս տարվա ամռանը ևս մեր և համաշխարհային մամուլում հրապարակված ցնցող լուրն այն մասին, որ արտասահմանցի մասնագետներն արդեն որերորդ անգամ նավթ ու գազ են հայտնաբերել հանրապետության ընդերքում, վերջին անգամ ստիպեց ինձ, արդեն որերորդ անգամ, դիմել կառավարության համապատասխան ներկայացուցչին, արդեն որերորդ անգամ խնդրելով պարզաբանում մտցնել խնդրո առարկա նյութի մեջ՝ հերթական անգամ խանդավառված հայ բնակչության հետաքրքրությունը բավարարելու նպատակով:
-Ցավոք սրտի,- բացահայտ ձանձրույթով ու դառնությամբ արձագանքեց ներկայացուցիչը,- այդ տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը: Այն, որ մեր հանրապետության տարածքում նավթ կա, մենք վաղուց գիտեինք, էհ, ո՞ր երկրում չկա, որ… Ճիշտն ասած, մենք հույս ունեինք, որ մեր արտասահմանցի գործընկերները Հայաստանի տարածքում նավթամշակման ձեռնարկություն կհայտնաբերեն… Ավա՜ղ, նրանք այս անգամ էլ մեզ հիասթափեցրին, և մեր հույսերն ի դերև ելան: Այնպես որ, ստիպված ենք դադարեցնել որոնումները: Ինչ վերաբերում է գազին, ապա մենք դարձյալ պիտի սառը ջուր լցնենք մեր բնակչության խանդավառության վրա, տեղեկացնելով, որ հայտնաբերված գազը, պատկերացնո՞ւմ եք, առանց բալոնների է… Այսինքն՝ նախնական, բնական վիճակում, հետևաբար ոչ միայն պիտանի չէ, այլև խիստ վտանգավոր է կիրառման համար: Մի խոսքով. հայի բախտ է,- հրաժեշտի համար ձեռքը թղթակցին մեկնելով, տխրությամբ ժպտաց ներկայացուցիչը, արցունքոտված աչքերը խոնարհելով գետնին…