26. ՄԱԵՍՏՐՈՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔ – ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՊԵՐԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏՈՒՄ

 

-Եղբա՛յր, – վրդովմունքով դիմեց ինձ սփյուռքահայ բարեկամս, որն Աֆրիկայի եսիմ որ ծակուռից առաջին անգամ եկել էր Հայաստան և որի հետ մինչ այդ ընդամենը նամակագրական կապ ունեի:- Եղբա՛յր, անվերջ կբողոքեք ու կտրտնջաք, թե ժողովուրդը երես է թեքել գրականութենեն, գրողներուն մոռցեր է ու չի կարդար, սակայն իմ փորձությունս բոլորովին հակառակը կցուցանե…

  Դեռևս այն ծանր, լուսազուրկ տարիներն էին, երբ հայ ժողովուրդը, հասկանալի է՝ լույսից, հացից ու տրանսպորտից զատ ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում և խոսում, և հետաքրքիր է, տարակուսանքով մտածեցի ես, Մայքլ-Ջորջ Քյարխանաջյանը այս անգամ ո՞ր ավտոբուսի մեջ է ձեռք բերել իր վերը նշած արտակարգ լավատեսական փորձությունը: Հարազատ ժողովրդի հոգսերին ու ուրախություններին մոտիկից առնչվելու համար ազատ ժամերին մտնում էր որևէ ուղղությամբ ընթացող ավտոբուս (բաս՝ ինչպես ինքն էր ասում) և երբեմն նույնիսկ դռնից կախ ընկած պտտվում քաղաքով մեկ.

– Հոն ես հայ Ռոբինզոնին կնմանիմ,- բացատրում էր ինձ Մայքլ-Ջորջը,- հայ լեզվին կկարոտիմ, հայ մարդոց կկարոտիմ, այս բասերուն մեջ կարոտս կառնիմ՝ չես պատկերացնե, թե ինչ մեծ հաճույք է ինձի համար, երբ բասին մեջ խցկված կերթամ, իմանալով, որ չորս կողմե ծեփված եմ հայերով, երբ գիտեմ, որ ուսիս նստածը հայ է, ոտքերս կոխկռտողը՝ նույնպես, ան օրը գրպանահատ մը բռնեցին՝ ինչ աղվոր, անուշիկ տղա մըն էր սանօֆըբիչը… Իմ հարազատ ժողովրդով փաթթված ասանկ կպտտիմ ու սիրտս հաճույքեն կմարի…

Ինձի լսե, չհասկացա, թե հրմշտվելով ինչպես հայտնվեցա բասի կենտրոնում, քիչ մը շշմած էի, բայց երբ կողքիս կուչ եկած վհուկին տեսքով պառավ մը Վարուժանին անունը տվավ, միանգամից սթափվեցա… Դուն գիտես, չէ՞ որ Վարուժանն իմ ամենեն սրտամոտ բանաստեղծն է…

Ես ատ վհուկին հատուկ հարցուցի. «Մայրիկ ջան,- ըսի,- դուն վաղամեռիկ բանաստեղծ Վարուժանե՞ն կխոսիս…»: «Հա, բալա ջան,- ըսավ,- բայց վաղամեռիկը Վարուժանը չէ, վաղամեռիկը Իսահակյանն է՝ ցեխի ու խավարի մեջ թաղված, իսկ Վարուժանն աչքիս առաջ ամբողջ գիշեր լույսերի մեջ կպլպլար…»: Ատ խոսքի վրա բասի ժողովուրդը վրա տվեց, թե իրավ, Վարուժանը պայծառ լույսերի մեջ է անընդհատ… Կպատկերացնե՞ս ուրախությունս… Ինձի համար շատ կարևոր էր ատիկա, ես հասկցա, թե ինչքան սխալ եմ եղեր կարծելով, թե հոս մարդիկ այնքան էլ տաք չեն արևմտահայ գրագետներու նկատմամբ… Սիրտս հրճվանքեն ճմլվեց, աչքերուս մեջ արցունքներ հայտնվեցան՝ ուրախության արցունքներ: Իրա՞վ, հարցուցի նորից ու նորից, իրա՞վ Վարուժանը ձեզի համար լույսերուն մեջ կպլպլա: Իրավ, իրավ, խառնաձայն հաստատեցին չորս կողմեն, ու ատ պահեն սկսյալ գրական բուռն բանավեճ մը բռնկվեցավ բասին մարդոց մեջ… Դժնի տեսքվ անթրաշ մարդ մը, որուն նայողին կթվիր, թե ասոր վերջին կարդցած  գիրքը պիտի որ Այբբենարանը եղած ըլլա, գիտե՞ս ինչ խոր ու պատկերավոր  միտք մը ըսավ՝ ընչի, ըսավ, Վարուժանի մենակ լո՞ւյսն է, որ կպլպլա, դու նրա հացը փորձե, նոր կիմանաս, թե իսկական հացն ինչ համ ունի, իսկ մեր Թումանյանի հացը ցեխ է, չամուռ… Դուն գիտես, ես Թումանյանին ալ շատ կհավնիմ,  Իսահակյանին ալ, բայց Վարուժանի «Հացին երգի»  ասանկ ժողովրդային գնահատական մը ինձի շատ ախորժելի թվաց և ըսեմ՝ շատ ինքնատիպ ձևով մը արտահայտված… Սակայն, ինչքան կրցա հասկնալ, Թումանյանի հասցեին անբարյացակամ կարծիքը պատճառ եղավ, որ բասին մեջ անտանելի ժխոր մը իյնա: «Թումանյանը փառք է,- ականջիս տակ ծղրտում էր մի անատամ ծերուկ,- դու արի Սայաթ-Նովան տես՝ ոտից գլուխ աղբ ու կեղտի մեջ կորած… »: Աղբ ու կեղտ ըսելով ատ ծերուկը, չհասկցա, երևի Սայաթ- Նովայի պոեզիայի խառնիճաղանջ բարբառախառնությունը նկատի ուներ,  սակայն երբ քիչ մը հեռու  կեցած ջահել տղա մը  սկսեց գոռգոռալ, թե՝ աղբ ու կեղտի առատությամբ ոչ մեկը չի կրնա Քուչակին հասնել, այլևս չդիմացա և քանի մը ծանր խոսք նետեցի ատ տղու ուղղությամբ, ըսելով՝ հայ մանչի մը չի վայելեր սանկ աղտեղի կարծիք ձևավորել Քուչակի նման անհատականության մը շուրջ, մանավանդ որ ան Սայաթ-Նովայեն շատ ավելի մաքուր է, ինձի լսող չեղավ, սանկ գեշություն մը իջավ վրաս, բացառիկ բարեբախտությամբ մը փոքրիկ մարդ մը իր վտիտ մարմնին համար արտառոց բամբ ձայնով լռեցուց բասին մեջ ծայր առած ժխորը՝ միակ քիչ թե շատ մաքուրը Դուրյանն էր, այն էլ, երևի աչքով տվեցին, շատ կարճ կյանք ունեցավ, ըսավ ատ փոքրիկ մարդուկը, որի աս խոսքերեն ետք աղվոր սարխոշություն մը պատեց հոգիս… Էհ, ասկե ետք, կրնա՞ս գեշ խոսք մը կպցնեկ ասանկ ժողովրդին… Աս անմարդկային ցրտի ու խավարի մեջ անգամ իրենց սիրելի գրագետներուն չեն մոռնար…

  …Մայր ժողովրդի գրասիրության գաղափարով ջերմացած բարեկամիս խանդավառության վրա սառը ջուր լցնելու դաժանություն չունեցա, թեև ես հո գիտեի, թե ինչ Քուչակի ու Դուրյանի մասին էր խոսք գնացել  վերոհիշյալ «բասում». ես հո գիտեի, թե գրականությունն ու արվեստն ինչպես ու ինչքան են օտարվել մեր ժողովրդից: Այնուհանդերձ, մեր ժողովրդին «գեշ խոսք կպցնելու» ցանկություն ես իսկապես չունեմ, որովհետև ես հո գիտե՛մ, որ այդ ցավալի գործընթացի մեջ ոչ ժողովուրդն է մեղավոր և ոչ էլ գրականությունն ու արվեստը…

[sharify]