18. ՍԻՐՈՒՆ ԱՐԱ, ԲԻԶՆԵՍ ԱՐԱ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 

  Նախորդ համարում, եթե հիշում եք, հրապարակել էինք Մաեստրոյի դասախոսությունը՝  նվիրված նոր հասարակարգում ճամփորդական նոթեր գրելու առանձնահատկություններին: Իր խոսքի ավարտին Մաեստրոն նախազգուշացրել էր, որ հաջորդ պարապմունքը նվիրվելու է մանկական գրականությանը, այսինքն թե՝ նոր հասարակարգը, շուկայական հարաբերություններն ի՞նչ խնդիրներ են առաջադրում մեր մանկագիրներին, և վերջիններիս ստեղծագործություններն ի՞նչ պայմաններ պիտի բավարարեն, որոնք անհրաժեշտ են նորօրյա մանուկ ընթերցողների հետ կապը չխզելու համար:

ՄԱԵՍՏՐՈ

  Նախքան ստեղծագործական խնդիրներին անդրադառնալը ճշտենք մի կարևոր հարց. ովքե՞ր են այսօրվա մանուկ ընթերցողները, որտե՞ղ կարելի է նրանց հանդիպել և արդյո՞ք ընթերցող են նրանք: Հասկանալի է, որ «մանուկ ընթերցող» հասկացությունը խիստ մոտավոր է և պայմանական, որովհետև նրանցից շատերը թեև հաճախում են դպրոց, բայց դա, վստահելիորեն կարելի է ասել, որ իներցիոն բնույթ է կրում և հասարակարգի կայացման հետ կվերանա, ինչի հետ միաժամանակ կվերանան ընթերցանության հետ կապող վերջին օղակները: Հիմա արդեն նրանց դասընթացները հիմնականում ընթանում են փողոցներում, իսկ հետագայում վերջնականապես կտեղափոխվեն բացօթյա տարածքներ՝ վերնիսաժներ, շուկաներ, տոնավաճառներ… Այս դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտներից շատերը կփորձեն ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ֆիրմային խանութներում, սուպերմարկետներում, բինգոներում, չենջի կետերում… Իսկ ինչպես, երևի, գիտեք, վերոհիշյալ ուսումնական հաստատություններում դասերն ընթանում են առանց դասագրքի, ամեն ինչ հիմնված է բանավոր խոսքի վրա, ինչին անմիջականորեն հաջորդում է գործնական պարապմունքը՝ արտահայտված աշխույժ առևտրի տեսքով: Այս կարգի ուսման առավելություններից մեկն էլ այն է, որ դասընթացներն ընթանում են առանց արտադրությունից կտրվելու, և աշակերտները դասերին զուգընթաց կարողանում են իրենց վաստակով ընտանիք պահել… Էհ, էլ ե՞րբ գիրք կարդան այդ խեղճերը այդպիսի ծանր հոգս ուսերին առած: Ահա թե ինչու ես մեր մանկագիրներին խորհուրդ եմ տալիս վաղահաս մանուկների այս նոր սերնդի հետ շփվելու համար մի կողմ դնել սեփական գրքերն ու գնալ ոչ թե դպրոցներ, ինչպես առաջ, այլ՝ տոնավաճառներ, կանգնել մի բարձր տեղ ու հնչեղ ձայնով արտասանել նմուշներ դասական պոեզիայից.

Հեյ, լավ մանրունք,

Ասեղ, ուլունք,

Մատնիք, մարջան,

Ապարանջան..

Մոտ եկեք, մոտ,

Էժան կտամ, լավը կտամ…

Եվ կտեսնեք, թե «մանուկ ընթերցողների» բազմությունն ինչ արագությամբ կշրջապատի ձեզ, և հենց այդ պահին կիսատ թողնելով դասական պոեզիայի ընթերցանությունը, կանցնեք մեր սեփականներին… Սակայն պիտի միանգամից զգուշացնեմ, որ «ծիտը ծառին ծլվլում է» կամ «կանաչել են դաշտ ու անտառ, գիրք եմ կարդում ես տառ առ տառ…» միամիտ տողերով դուք գործն անմիջապես կտապալեք, և մանուկ ընթերցողների բազմությունը կայծակի արագությամբ ցրիվ կգա, և կմնաք միայնակ տնկված… Վերցնենք կոնկրետ մի բանաստեղծություն և փորձենք նրա օրինակի վրա բացատրել, թե ինչ փոփոխություններ պիտի այն կրի՝ մեր օրերին համահունչ դառնալու համար: Հեռու չգնանք, ահա մի քանի տող ավագ սերնդին մանկուց քաջ հայտնի ոտանավորից.

Բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն,

Շատ հիվանդ է մեր կատուն,

Մի ճար արա, լավանա,

Թե չէ ձեռքից կգնա…

Եվ այլն: այս վիճակում վերոհիշյալ ոտանավորը մեր նորօրյա «մանուկ ընթերցողների» համար խիստ անընդունելի է և անհասկանալի: Նախ՝ նրանց բոլորին լավ հայտնի է, որ բժշկին տուն կանչելը շատ թանկ հաճույք է, ծախսերի տեսակետից անհամեմատ նախընտրելի է կատվին բժշկի մոտ տանելը: Հետո՝ պետք է նախապես ճշտել, հնարավո՞ր է կատվին պետպատվերով բուժել, թե՞ ամբողջ ծախսն ընկնում է քեզ վրա: Այնուհետև, պետք է դարձյալ նախապես տեղեկանալ՝ դեղերը դո՞ւ ես ճարելու, թե՞ բժշկից պիտի առնես… Սրանք դեռ ոչինչ, ամենակարևորն այն է, որ ներկայիս «մանուկ ընթերցողները» լավ գիտեն, որ նման դեպքերում լավագույն տարբերակը հիվանդ կատվին տանից ռադ անելն է, փողոցներում ինչն է շատ՝ անտեր ու առողջ կատուն, մեծ ցանկության դեպքում մեկին կվերցնես, կպահես… Եվ հետո, ի՞նչ իմաստ ունի այս ծանր օրերին մի ուտող բերան էլ ավելացնես կատու պահելով, դա էլ քիչ է՝ բժիշկ կանչես, ընկնես ծախսի տակ… Շատ ավելի ձեռնտու է հավ պահելը, գիտես, որ ձու է ածում, օգուտ է տալիս, հիվանդացավ՝ կմորթես, կծախես…

Ահա, սիրելի մանկագիրներ, մանուկ ընթերցողների առաջադրած այս հարցերին պատասխանելուց հետո միայն կկարողանաք նստել գրասեղանի առաջ և հորինել նրանց արժանի ստեղծագործություններ: Գործնական պարապմունքի համար ձեզ առաջարկում եմ ուսումնասիրել «Մայրամուտ» թերթում վերջերս տպագրված իմ «ՓՈՔՐԻԿ ԱՐԱ, ԲԻԶՆԵՍ ԱՐԱ» բանաստեղծությունը:

[sharify]