4. ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Բանտի դռան մոտ, իրոք որ, ահագին մարդ էր հավաքվել: Մեծ մասը մորուքներով էին, մյուսների ձեռքին պաստառներ կային, որոնց վրա խոշոր տառերով գրված էին. «Ազատություն Քաջիկ Նազարյանին՝ սոցիալիզմի ջանասեր հակառակորդին», «Բանտից մինչև ռեստորան և ռեստորանից մինչև պառլամենտ մի քայլ է և ընդհակառակը», «Մեր ձայնը տանք Քաջիկին, չիր ու չամիչ՝ Խաչիկին»… Առաջին շարքերում կանգնած էին Իշխան Սաքոն, նույն ինքը՝ Իշխան Սարգսյանը, Ուստիանը, Ղոռոբուղան, Խառախուռան, Փերիշանը, Խունկիանոսը, նախկին պալատականներ, Ախմախաշենի բնակիչներ, ինչպես նաև՝ էշը: Հսկաներն Իշխան Սաքոյի ղեկավարությամբ, բոլորն էլ կարմիր թևկապներով, կարգ էին պահպանում: Իշխան Սաքոն բարձրախոսը ձեռքին գնում-գալիս էր ամբոխի առաջ և երբեմն-երբեմն ոգեշունչ կոչեր էր արձակում. «Թող ստանա Քաջիկը, մեր ջերմագին պաչիկը», «Քաջիկ, դուրս արի բանտից, էշդ սատկում է դարդից…» և այլն:

Մի քանի պաշտոնյա անձանց ուղեկցությամբ Քաջ Նազարը դուրս եկավ բանտից՝ ջերմ ընդունելությունից խիստ հուզված: Ալեկոծված ամբոխն սկսեց վանկարկել. «Քա՜-ջիկ, Մա՜-ջիկ…»: Այդ պահին, չկորցնելով հարմար առիթը, մի մորուքավոր երիտասարդ թռավ բանտի սանդղահարթակին, ձեռքով լռելու նշան արեց և սկսեց.

– Նոր արշալույս բացվեց մեր բազմադարյան և բազմաչարչար պատմության մեջ… անկախության և անտերության երանելի օրեր… Զարգացնե՜նք շուկայական հարաբերությունները, որտեղ որ պատահի… հողը տանք գյուղացու գլխին, էշը՝ Նազարին… ե՜լ, դեմոկրատիա… մեր հավանական թշնամին նորից գլուխ է բարձրացրել… Մեր հողերը… մեր լեռները… մեր մոլիբդենը… Երրորդ մասի բոլոր գրպանահատների անունից ողջո՜ւյն, ողջո՜ւյն:

Միալար ելույթից ձանձրացած էշի աղիողորմ զռռոցը շփոթության մեջ գցեց հռետորին և սթափեցրեց մի պահ մոլորված իշխան Սաքոյին, որն արագորեն ուշքի գալով, խլեց բարձրախոսը, կարգի հրավիրեց էշին և ամբոխին ու հանդիսավորությամբ ձայնը տվեց օրվա հերոսին: Քաջ Նազարն անմիջապես թռավ էշի վրա և էշի հետ միասին բարձրացավ սանդղահարթակ, բռի մեջ հազաց և գոռաց.

– Ժողովո՜ւրդ…

– Հաջա՜ն,- գեղգեղաց Ուստիանը:

– Քեզ հետ չեմ, այ կնիկ, ձենդ կտրի,- ցածրաձայն սաստեց կնոջը Նազարը և նորից գոռաց: – Ժողովո՜ւրդ, օձը տաքացնողին է կծում, ուռռա՜…

Ամբոխը միաբերան գոռաց.

– Ուռռա՜…

– Ժողովո՜ւրդ,- նորից գոռաց Նազարը ոգևորված,- էշն ի՞նչ գիտե՝ նուշն ինչ է… ուռռա՜…

Ամբոխը միաբերան գոռաց՝ ուռռա՜… Լուռ մնաց միայն Նազարի էշը՝ մինչև սրտի խորքը խոցված:

– Ժողովո՜ւրդ,- առավել ոգեշնչված գոռաց Նազարը,- ով աշխատի՝ նա կուտի, ուռռա՜…

Այստեղ քար լռություն տիրեց: Մարդիկ մռայլված հայացքները գետնին խոնարհած լռելյայան ու մտազբաղ ուսումնասիրում էին կոշիկի ծայրերը: Նազարն արագորեն գիտակցելով թույլ տված սխալը, նորից գոռաց.

– Ա՜յ ժողովուրդ, ձեզ եմ հարցնում, բա ով աշխատի՝ նա կուտի՞…

– Չի ուտի՜,- աշխուժացավ ամբոխը:

– Բա՞ որ չի ուտելու, էլ ինչո՞ւ ենք աշխատելու: Կորչի՜ աշխատանքը, փակենք բոլոր գործարանները, հիմնարկները, դպրոցները… ուռռա՜:

Ահա այսպես երկիրը վերածվեց փակ հանրապետության, և սկսվեցին նոր ժամանակներ:

[sharify]