ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԲԱՆ

Արձակ > ԳԵՐԵԶՄԱՆԻԱ

Մեր այս պատմությունների շղթան, որոնցից յուրաքանչյուրը նույնքան կարող է գոյություն ունենալ մյուսների միասնության մեջ, ինչքան և անջատ-անջատ, անշուշտ, կարելի էր սկսել հենց այն օրվանից, երբ Հին ու Նոր քաղաքները միացան իրար, երբ Նոր քաղաքի (ինչպես կոչվում էր գերեզմանոցը) ամենաթարմ շիրիմն իր եզրագծով քսվեց Հին քաղաքի սահմանին, ավելի ճիշտ՝ իր մի կեսով խրվեց նրա մեջ: Իսկ Հին քաղաքը, պարզապես հին քաղաքն էր առայժմ ողջ բնակիչներով, իր բազմազան ու խայտաբղետ արհեստանոցներով, մեծ ու ավելի շատ փոքր հիմնարկներով, մանկապարտեզներով ու դպրոցներով, և իհարկե՝ բնակելի տներով. հիմնականում սևքար, մեկ-երկու հարկանի, իսկ հրապարակի շրջակայքում՝ երեք-չորս և ավելի հարկերով… Քաղաքի վրա եկեղեցու իշխող բարձրությունը չեզոքացնելու նպատակով, նրա հարևանությամբ քաղաքային իշխանությունները արագ թափով կառուցեցին մի քանի՝ նախ վեց, ապա յոթ, ութ, ինը հարկանի շենքեր… Դրանք, պիտի ասել, որ հուսահատ և իզուր ճիգեր էին, որովհետև յուրաքանչյուր հերթական բարձրահարկը կառուցելուց հետո միայն, վերջին պահին, արդեն ավարտուն շենքը զարմանալիորեն ավելի կարճահասակ էր ստացվում, չնայած ըստ նախագծի և ճշգրիտ չափումների այն պետք է առնվազն մի քանի մետրով գերազանցեր եկեղեցու գմբեթի բարձրությունը… Հաջորդում էր առավել բարձրահարկի կառուցումը՝ արդյունքը նույնն էր: Մայրաքաղաքից հրավիրում էին նոր ճարտարապետի ու շինարարների, վիթխարի գումարներ էին ծախսում քաղաքի առանց այդ էլ խղճուկ բյուջեից, ի վերջո, ստացվում էր նախորդներից զգալիորեն բարձր ևս մի գորշ շինություն, որն, այնուհանդերձ, դարձյալ ու դարձյալ զիջում էր եկեղեցուն: Ի դեպ, բոլոր այդ նորակառույցները մնում էին դատարկ, որովհետև Հին քաղաքի բնակիչները գերադասում էին ապրել գետնին մոտիկ, ցածրահարկ տներում, իսկ ոմանք էլ, առավել ունևորները և հատկապես վերջին տարիներին, պարզապես տեղափոխվում էին Նոր քաղաք: Այդ շենքերն ինչ-որ նպատակի ծառայեցնելու համար քաղաքային իշխանություններին ոչինչ չէր մնում դրանք հյուրանոցի վերածելուց զատ՝ հետագային թողնելով առավել օգտաշատ մի բան հորինելը: Կառուցման ավարտին էր մոտենում հերթական, արդեն տասներեք հարկանի հյուրանոցը, որն ի հուսահատություն շինարարների նորից մնալու էր եկեղեցու ստվերում: Դեռևս տարիներ առաջ, երկրորդ թե երրորդ բարձրահարկի անհաջող շինարարությունից հետո որոշեցին գնալ հեշտ ճանապարհով՝ փորձեցին պարզապես վերացնել եկեղեցին, գոնե գմբեթը. մոտակա քարհանքից մեծ պայթուցիչներ բերեցին, չորս կողմից հիմնիվեր ականապատեցին դատապարված եկեղեցին և պաթեցրին՝ նույնիսկ չզգուշացնելով քաղաքացիներին, թեև դրա կարիքը չզգացվեց, որովհետև բոլորը գիտեին թե՛ պայթեցման նպատակը և թե՛ օրն ու ժամը: Եվ ինչ. երբ ծխի ու փոշու ամպերը ցրվեցին, քաղաքի բնակչությունը ցնծությամբ նկատեց, որ եկեղեցին ինչպես կար, այդպես էլ մնացել էր: Միակ փոփոխությունն այն էր, որ պատերի վրա նկատելի քերծվածքներ էին առաջացել… Եվս մի փոփոխություն՝ ավերակի կույտերի էին վերածվել մոտակա նորակառույց բարձրահարկերը:

Ինչ խոսք, պատմությունների մեր այս շղթան կարելի էր նաև այստեղից սկսել, բայց ամեն ինչում և հատկապես լուրջ բաների մասին խորհելիս մեծ նշանակություն եմ տալիս մանրամասներին, և դա շատ դեպքերում իրեն արդարացրել է…

Ինչևէ: Հենց նույն այն օրվա երեկոյան, ավելի ճիշտ՝ սկսած այդ օրվանից, երբ, ինչպես արդեն ասացինք, Հին ու Նոր քաղաքները միացան իրար, ծայր առան զարմանալի ու մութ իրադարձություններ, որոնց մասին այսօր շատերը գիտեն, բայց չգիտես ինչու գերադասում են լռել: Ինչ իմանաս, երևի հիմնավոր պատճառներ ունեն լռելու: Ասել, թե այդ մութ ու խորհրդավոր իրադարձություններն ինձ չեն համակում մարմին փշաքաղեցնող ամենաիսկական երկյուղով, կոպիտ սխալ կլիներ: Ինչու թաքցնեմ, մանրամասները սիրելուց զատ, հենց այդ երկյուղն է պատճառը, որ խոսքս սկսում եմ հենց այն մի պատմությունից, որն առավել վաղ ժամանակների է պատկանում, թերևս այդ իրադարձություններին անմիջականորեն առնչվելուց ինչ-որ կերպ խուսափելու համար:

[sharify]