ՀՈՎՀ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԻՄԱՑ. «ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ»/ԳՐԻԳՈՐ ՊԼՏՅԱՆ

Գրախոսություն >

«Սարդը դուրս վազեց ժամացույցի ետևից`
ամբողջովին ժամանակոտված»

 
    Հովհաննես Գրիգորյանի արտադրության մեջ Դանդաղ ժամերը կկազմե անկասկած էական հանգրվան մը: Միջին ծավալով այս հատորը կհամադրե, ըստ երևույթին, բանաստեղծին նախորդ գիրքերուն ընտրովի ամբողջը: Ըսի` ըստ երևույթին, որովհետև չեմ տեսած Երգեր առանց երաժշտությանը (1975) և Բոլորովին ուրիշ աշունը (1979), որոնցմե մասեր կուգան ինձի մամուլեն: Սակայն Անձրև մի տխուր առիթով գրքեն (1982) դեպի Դանդաղ ժամեր փոխադրված քերթվածներու քննությունը ցույց կուտա, որ մեկեն մյուսը փոխադրումը պահպանած է անդրանիկ գրվածքը, եթե նկատի չառնենք կետադրական և տողատական տարբերակումները: Հակառակ համադրական իր նկարագրին` հատորը սոսկական հատընտիր մը չէ, ուր շարադասված ըլլան պարզապես քսանամյա բանաստեղծական փորձի մը արդյունքները:
    Իմ ճիգը պիտի ըլլա կարդալ այս գիրքը: Իսկ կարդալ կնշանակե ըլլալ ուշադիր:
    Այս շատ սովորական` և գրական ինչպես գեղարվեստական որևէ աշխատանքի համար անշրջանցելի արարքին պետք է ենթարկել Գրիգորյանի գործը, վե՛րջապես: Անոր տրված հաճախ ժխտական, երբեմն ալ դրական գնահատումները ընթերցումի, մեկնաբանության փուլը կզանցեն, կարծեք գրության «արձակունակությունը», դյուրամատչելիությունը կամ պարզությունը գրավականն ըլլային իմացումին: Որքան ալ բոլորիս ծանոթ թվի` կարդալը գրքի մը հետ հանդիպման մասնահատուկ կետ մը կներհայտե, որուն շնորհիվ կբացահայտվին գրքին մասերը և ի հայտ կուգա անոր թելադրանքներու հորինվածքը: Հոս, փորձը պիտի ըլլա հատորին կառուցվածքին ընդմեջեն` սևեռել զայն ոտքի հանող ու կամարող մտածումի կազմածը. առանց ասոր` գիրք մը, գիրքեր, ամբողջ գրադարաններ կմնան մեռյալ տարր կամ հում նյութ:
    Պիտի չխոսիմ Գրիգորյանի և իր սերունդի մյուս բանաստեղծներու գործերուն շուրջ ծավալած քսանամյա քննադատութենեն ու բանավեճերեն: Այնքան երկդիմի իբրև գործունեություն` քննադատությունը մեր մեջ երբեմն կխոսի չափանիշներե և արժեքներե, որոնք ամեն քայլի բացարձակ ճշմարտություններ դառնալե վերջ` կոտնակոխվին մեր «առարկայական» քննադատներուն կողմե: Կմոռնամ նաև բազմիցս արծարծված բանավեճերը «նոր» կամ «երիտասարդական» բանաստեղծության շուրջ: Այդ բանավեճերուն մասնակցած է ինք ալ` Գրիգորյան, բազմաթիվ հոդվածներով, որոնցմե կհիշատակեմ, հիշողությունները թարմացնելու համար միայն, իրարմե 14 տարի հեռու գրված «Թե ինչպես անհետացավ բանաստեղծությունը» (Գրական թերթ, 6.11.1970) և «Զրույցներ քննադատի հետ` վարագույրի ետևից» (Նույն, 14.9.1984): Փաստը չեմ անտեսեր, ոչ ալ կանգիտանամ անոր «բանավիճող բանաստեղծի»` այլապես շահեկան եզրը[1], սակայն կհամառիմ մտածելու, որ գրականության պատմության ուժականությունը կազմող բանավեճերը հարկին տակն են, օր մը, տեղի տալու գրական արտադրություններուն առջև. գործերը, վերջ ի վերջո, մինակ են ընթերցողին դիմաց, երբ ընթերցողը գործերուն մեջ կփնտրե գրականեն վեր բաներ[2]:
    Հովհ. Գրիգորյան կխնդրականացնե բանաստեղծականը: 60-ական թվականներուն, երբ անոր առաջին քերթվածները կհայտնվին, անոնք կտպավորեն, կամ կզայրացնեն ընթերցողի այլազան կարգերը, իրենց հեգնանքի, սրամտության, երգիծանքի զորավոր շեշտերով, ընդելուզված` նույն ատեն, սովորականին, ընթացիկին ու առօրեականին հանդեպ, մեր բանաստեղծության համար քիչ մը անսովոր ու «մեղավոր» համակրանքին: Ի՜նչ անպատկառ ու հանդուգն բանաստեղծական ստահակություն: Գրիգորյան կկատարեր պարզապես բանաստեղծականի և ոչ երբեք բանաստեղծության (ինչ որ նույնը չէ) միթոսին խնդրականացումը: Կփորձեր «իջնել Պեգասից և ոտքով ման գալ: Վերջ ի վերջո, փողոցն ավելի հետաքրքիր է» կգրե վերոհիշյալ առաջին հոդվածին մեջ: Ամբողջ Հովհ. Գրիգորյանը հոս է արդեն, զորութենապես: Արարքը նման է Սփյուռքի Զահրատի և Վ. Օշականի խնդրականացումներուն. ասոնք ալ տարբեր տեղեր, տարբեր միջոցներով «աստվածներու լեզուն» Ողիմպոսեն կիջեցնեն մեծ քաղաք և լեզվական համակարգը կենթարկեն ավելի մեզամոտ, մարդկային հասարակ ու մահկանացու վիճակներու օրենքին: Իրականության ավելի կոնկրետ պատկերացում, այնքան որ կարելի է ասիկա բանաստեղծության մեջ, բանաստեղծական լեզվա-ոճական կազմածի վերաքննություն ու լքում, մասնավոր ընկալչություն բանաստեղծական հարցերու հանդեպ, ահա, ի միջի այլոց, հասարակաց եզրեր, որոնք կհարաբերեն այս երեք անունները: Ճիշտ է, Հովհ. Գրիգորյանի քաղաքը «գավառային» քաղաքն է, բայց ինչպես ցույց կուտա իր «Ռոմանսը», քաղաքը հիմա ամեն տեղ է և հարկ է լեզու գտնել քաղաքային այս ամենագոյության համար:
    Դանդաղ ժամերուն մեջ` տարօրինակը ջնջումն է, ավելի ճիշտ` նվազումը հեգնանքին, երգիծանքին և հումորին («տարօրինակ խառնուրդ… գիշերային կատաղի կատվի և կոկորդ չանգռող օղու» էջ 179): Կթվի, որ անհայտացած են բոլոր այն սլաքները, որոնք նախապես կուղղվեին հոն, գրքին մեջ` կան դեռ տողեր. «ալիքներ կգան, կխփվեն ափին` հիացիր, ես անշուշտ դեմ չեմ, որ այս ամենը անհրաժեշտ է բանաստեղծական արվեստը զարգացնելու համար» (էջ 96): Այլ տեղ` «և նորից գարուն, հին ու սիրելի կինո» (էջ 31): Իր Դանդաղ ժամերուն մեջ Հովհ. Գրիգորյան կճող հեգնանքն ու հումորը[3] տարրալուծած է. ասիկա այսպես` ոչ անոր համար որ լրջացած է, այլ որովհետև հեգնանքը հարստացուցած է իմաստավորող ուրիշ շեշտերով, խոսքի տարբեր շերտավորումներով` քնարական, ողբերգական, թատերական, որոնք քերթվածը կգունավորեն, կբազմամակարդակեն: Հատորը կհամադրե այս բոլորը կառույցի մը մեջ, որ միակ պայմանն է ոտանավորներու այլազանություն մը միատարր ու բազմածալ ամբողջի մը վերածող:
    Ի՞նչ է այն հիմնական բանաստեղծական մտածումը, որ կբռնե այս հատորը ներսեն, զայն կկառուցե և անոր մեջ տեղադրված այլազանություններուն կտա երկրորդ գոյություն: Հարցումին պատասխանը այնքան ալ պարզ չէ. կարելի է նույնիսկ խորհիլ, թե ցանկալի ալ չէ, երկը մեկ հայտարարի բերելու իր միտումովը: Սակայն հիմնական մտածում կամ բանաստեղծական մտածում գրելով չեմ հասկնար բանաստեղծին ըսելիքը, Սևակի բառերով` ինչը: «Հիմնական բանաստեղծական մտածում» դարձվածքը համադրական հղացք մըն է, որ կհավաքե ինչն ու ինչպեսը, քանի որբանաստեղծական մտածումը հոդավորումն է պատկերի, կշռույթի, ձայնի ու իմացքի և կզանցե խորք/ձև արվեստական ու գերորոշադրված հակադրությունը: Ուստի` հատորին հիմնական մտածումը բացահայտել կնշանակե միայն ու պարզապես լսել, ընդգծել, արձանագրել ու բյուրեղացնել հոն գրված ու ցրված, պահվող ու հսկող բանաստեղծությամբ լինելության եկող փորձառությունը կյանքի, ժամանակի, արվեստի, մահվան, գոյության: Հասկանալի է, որ նման ընթերցում չի հավակնիր տալ-վերարտադրել հատորին «ճշմարտությունը»:
    ԽՈՐԱԳԻՐԸ
    Ըսեր եմ. գրքի մը խորագիրը կպատկանի գրության: Հովհ. Գրիգորյանի երկու գիրքերուն մեջ ալ խորագիրները կկատարեն գրութենական` տեքստային շատ որոշ պաշտոններ և չեն կազմեր քերթվածին կրկնությունը կամ ամփոփումը: Այսպես ալ է Դանդաղ ժամերը: Ամբողջ հատորը բևեռված է անոր շուրջ: Ի՞նչպես: Բանաստեղծը քերթվածները դասավորած է հինգ բաժիններու. առավոտյան ժամեր/ ցերեկային ժամեր/ իրիկնային ժամեր / գիշերային ժամեր / Հրեշտակներ մանկության երկնքից: Խորագիրը և ենթախորագիրները կամրջված են ժամեր կրկնվող բառով. ընթերցողը անմիջապես կնշմարե, որ բաժինները կվերաբերին օրվան քառաթավալ ընթացքին, այնքան հատուկ մեր լեզվին, ըսել կուզեմ նաև ու մա՛նավանդ Հայոց լեզվով ըմբռնվող ժամանակի ընկալումին:
    Անտեղի չէ դիտել տալ, որ չորս բաժինները կանոնավոր կերպով կսկսին ավելի կամ նվազ երկարություն ունեցող և բազմամաս քերթվածներով, որոնք 4-են մինչև 7 թվագրված մասերով իսկական պոեմներ են: Այս երևույթն ալ կմատնե կառուցման ու երկի համասեռման հավելյալ մտահոգություն մը: Համակարգային մտածողությունը կբանի այսպես գործը ներսեն և անոր կուտա իր հիմնական շեշտը:- Ինչ կվերաբերի «Հրեշտակներ մանկության երկնքից»ին, որ ուղղակիորեն կուգա նախորդ հատորեն, ուր նույնպես կգրավեր վերջին բաժինը, ապա` հստակ է, թե ան ալ մեզ կհղե ժամու, ժամանակի մեկ այլ տեսակին` մանկության ու անցյալին, որ պիտի կոչեմ «ուղղահայաց ժամանակ», լծորդվող «հորիզոնական ժամանակին»: Ըստ ամենայնի, քերթվածներու բաշխման օրենքը ժամանակն է, ժամանակի հայտնի միավորը, օրը իր քառաթավալ ընթացքով: Բանաստեղծական մտածողությունը սակայն դյուրավ այս օրը կենթարկե փոխաբերականացման իր աշխատանքին, զայն զուգորդելով կյանքի ընթացքին:
    Հարկ է նկատի ունենալ հետևյալը. Գրիգորյանի «Անձրև մի տխուր առիթով» գիրքն ալ կառուցված էնույն սկզբունքի հիման վրա: Հոն ունինք. գարնանային թեմաներ/ ամառային թեմաներ/ աշնանային թեմաներ/ ձմեռային թեմաներ/ Հրեշտակներ մանկության երկնքից: Այս նմանությունը կամ հանգիտությունը երկու գիրքերուն միջև թելադրական է ինքնին: Նախորդ հատորը կթվի ըլլալժամանակի թեմային ընկալման նախապատրաստությունը. իսկ վերջին հատորը կկազմե անոր ավարտուն տարազումը: Անկասկած` օրվան ժամերը և տարվան եղանակները կգտնվին նույն համեմատության մեջ. նույն քառաթավալ ընթացքը, կմիավորե ու կզանազանե ժամանակի մասերը: Եղանակները և ժամերը կըսեն ժամանակին ըլլալու կերպերը, անոր ընդլայնումին ու մեզի տրվելուն կերպերը: Օրն ու եղանակը, եղանակը իբրև օր, այն միջոցն է, բացությունը, ուր իրերն ու աշխարհը կուգան ի լինելություն: Ի զուր չէ, որ լեզուն տարվան մասերը կկոչե «եղանակներ». եղանակը հեռուեն կոգեկոչե բնության ուժական, հեղափոխական ընթացքը, անոր աճն ու հասունացումը, անկումն ու հանգիստը:
    Խորագիրը` Գրիգորյանի բանաստեղծական փորձառությունը կարձանագրե իբրև ժամանակին հետ ճակատում: Արգելված չէ մտածել, որ քերթվածները իրենք ալ դանդաղ ժամեր են, ժամերը այն օրվան, որ բանաստեղծական փորձառությունն է: Հարկ է սակայն բացահայտել ժամանակին այսդանդաղությունը: Դանդաղը կհուշե չհառաջացող, կետի մը չդիմող ընթացք մը, շարժումին կշռույթը: Դանդաղը դատարկն է, ուր ոչինչ կպատահի. հավանաբար կան անցուդարձեր, մանր մունր եղելություններ, առօրյայի հոգեր, որոնք անկարող են ժամանակը լեցնելու, դառնալու դեպք, թվական, սկիզբ ու վերջ: Ո՛չ մեկ տարակույս` որ ժամանակին դանդաղությունը հոգեբանական տվյալ մըն է (բառիս նեղ իմաստով) և ոչ` առարկայական որոշադրում: Գրիգորյան կգրե. «Ահա ժամանակը դանդաղորեն ելնում է քո միջից » (էջ 54): Կնշմարեք, որ դանդաղը ներկա է տողին մեջ մակբայաբար և կհատկանշե ժամանակին ըլլալու կերպը: Ասիկա պատահական չէ անշուշտ. բանաստեղծական մտածողությունը ունի գիտակից կամ անգիտակից իր համակարգայնությունը, որ կհայտնվի անմիջապես ու փորձառության հիմնական եզրը կդառնա խնդրո առարկա: Հոգեբանական ժամանակն է դանդաղը, որ խոսող Եսին համար կթելադրե տեղքայլ, ծանրացում, անել ու մաշում. «ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի կյանքի մասին» (էջ 57): Բայց դանդաղությամբ չըսվի՞ր նաև գալիքի մի սպասումը, հույսը կամ դեպք մը` որուն համեմատ ժամանակը դանդաղ է մեզի համար:
    Հովհ. Գրիգորյանի գիրքը կսևեռե ժամանակը իբրև դանդաղության հոլովույթ… ամենեն ավելի արագությա՜ն դարուն մեջ: Իր այս հարակարծիքով իսկ, անիկա թելադրական է այդ արագության դարեն, այսինքն` մեր ժամանակեն:
    ՍԿԶԲՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
    Անհաշիվ է թիվը բանաստեղծներուն, մեր մոտ Շնորհալիեն մինչև Չարենց կամ Սարաֆյան, որոնց համար առավոտը առանձնաշնորհյալ պահ մըն է: Գրիգորյան, գրեթե ակամա, կհետևի այս ավանդության: Կպահպանե ավանդույթը փաստորեն: Գրքին «առավոտյան ժամեր» բաժինը չի դադրիր սակայն ըլլալե լուսաբացին մեկ նորովի, գուցե անուղղափառ փառավորումը:
    Նախ` ըսեմ, որ Գրիգորյանի քերթվածներուն մեջ` խոսող մը կա, որ «Ես» կըսե անընդմեջ կերպով, երբեմն ալ երկրորդ դեմքով կմենախոսե, զոր պիտի կոչեմ «խոսող Ես» կամ գիտակցություն: Զանց կառնեմ «քնարական հերոս» թերևս գործնական հղացքը, որ սակայն կթվի անբավարար չափով վերլուծված և իբրև այդ` ընթերցումը անճիշտ ուղղությամբ մը առաջնորդող:
    Անմիջապես, որ գիտակցությունը կծնի կամ կխոսի, կապված է «վաղ առավոտին». «ծնվել եմ առավոտյան շուտ,/ լենինականյան մի աղքատիկ առավոտ:/ Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո, / երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել…» (էջ3): Տողերը կթվին կենսագրական իրավ տվյալի մը արձանագրությունը. անոր վերհուշը կգրվի նաև այլ տեղ. «ամեն առավոտ դու արթնանում ես օրորոցի մեջ» (էջ 4): Սակայն շատ շուտով ընթերցողը կանդրադառնա, որ այս տեղեկատվական արձանագրությունը փոխաբերական է, թե այս առավոտը միայն ծննդյան առաջին օրվան նշանը չէ, այլ բացարձակ այն պահը ուր կկրկնվի առաջին օրը, օրվան բացվածքը և զարթնումը, արթնացումը ժամանակեն առաջ. «առավոտյան դու դեռ ոչ մի տարեկան ես» (էջ 4): Առավոտը, մանավանդ վաղ առավոտը տարիք չունի. հոն տարիք չունինք: Գիտակցությունը կկարծե ինքզինք դուրս ու զերծ ժամանակեն: Վաղը, կանուխը կթելադրե այս պահը, դեպքը, վայրը ժամանակեն առաջ, ժամանակը կանխող առկայությունը: Այնտեղ կարծեք չկա սպասում, ոչ ալ անցյալ, կա միայն ծնունդ. «ծնվում ես ամեն առավոտ» (Անձրև մի տխուր առիթով, էջ 73): Ամեն ծնունդ կջնջե հոն նախորդը. չկա նախորդ, ոչ հաջորդ: Ամեն ծնունդ եզակի է:
    Այս պահն է, «երբ ամեն ինչ սկսվում էր, միայն և միայն սկսվում» (էջ 11): Միայն անցողակի նշենք, որ տողերը գրված են արդեն անցյալով: Սակայն մնանք հոն, ուր բանաստեղծը կփորձե գրել առավոտին բնույթը. առավոտը բացարձակ սկիզբն է, ուր կա միայն սկիզբ, սկի՛զբ սկիզբի, ուր ամեն ինչ ուրիշ բան չէ եթե ոչ սկիզբի մեջ: Սկիզբի մեջ իրերը չեն տևեր, կան, տեսակ մը շարունակականութենե զերծ ներկայի մը մեջ, անժամանակ հիմակության մեջ: Միշտ նոր, միայն նոր սկսող, առանց բարդումի, կուտակումի, բեռի ու մաշումի. ահա առավոտին վաղությունը, որուն համար չկա վաղորդայն, եթե ոչ իբրև անկում. պիտի տեսնենք: Նման վաղություն այն չէ, որուն կարենայինք հանդիպիլ ամեն օրվան մեր քաղաքային առօրյային մեջ: Բանաստեղծը կըսե ժամանակին մեջ պահվող ժամանակեն զերծ պահը, կամ եթե կուզեք սկզբնական ժամանակը:
    Սկզբնական ժամանակը հակադիր եզրն է ժամացույցային ժամանակին. այս վերջինն է, որ կվարե մեր ամբողջ գոյությունը, իր կանոնավոր հարվածներով, ո՛չ արագ, ո՛չ դանդաղ: Ժամացույցային ժամանակը չի դանդաղիր: Դանդաղողը մենք ենք, ժամանակին մեջ եղող գիտակցությունը: Ժամացույցային ժամանակին կակնարկե Գրիգորյան շատ հաճախ, իր քերթվածներուն մեջ դեգերող անհամար ժամացույցներով: Օրինակ մըն է «Ժամանակը, որ հոսում է մատների արանքով» էջը. «Եվ վիթխարի կատու, որի խոշոր աչքերի մեջ,/ ինչպես էլեկտրական հաշվիչի էկրանին, կատաղի պտտվում են թվերը/ և հասնելով իրենց սահմանին` ջնջվում են / ու նորից սկսում են իրենց պտույտն անվերջանալի… » (էջ 94): Բանաստեղծը անուն չի տար այս ժամանակին, սակայն խորագիրը մեկ կողմեն` տողերուն մեջ պտտող «թիվերը» մյուս կողմեն` ժամանակը կհատկանշեն իր ավանդական սահմանումով, իբրև թիվերու ժամանակ: Ժամանակը այն է, որ կթվարկվի. ահա… Արիստոտելյան ժամանակը, որ արագության դարուն իսկ կմնա իզորու: Առօրյա ժամացույցը կթվարկե ժամանակը: Այս ժամացույցայինի համեմատ սկզբնական ժամանակը ավելի վաղ է. անիկա գրեթե պահված է ժամացույցայինին մեջ: Բանաստեղծական խոսքը անոր է, որ կդիմե և կտառապի ժամացույցայինի տիրապետութենեն:
    Այսուհետև առավոտը օրվան սկիզբն է, երբ «մենք ճանապարհ ենք ընկնում/ երբ մենք սկսում ենք օրը». նշմարել` որ մենք է, որ կսկսինք օրը և ոչ թե օրը կսկսի: Իսկ օրը բնության սկիզբն է, ըլլալով նույն ատեն կյանքին սկիզբը` մանկությունը:
«Առավոտը օրվա ամենասքանչելի մասն է:
Ես ինչպես կարող եմ չսիրել առավոտը:
Օրվա մանկությունը` մաշկը թարմ, թմբլիկ ոտիկներով ու թաթիկներով,
ահա վազվզում է ցողաթաթախ կանաչների վրայով
և նրա աներևակայելի քաղցր ճիչերից
հոգիդ կարող է մարել վերջնականապես… » (էջ 15):
    Ամենասքանչելի մասը օրվան` առավոտը, որուն մանկական ճիչերեն հոգիդ կրնա մարիլ վերջնականապես. ո՛չ թե սոսկապես մեռնիլ, այլ միանալ բացարձակ սկիզբին: Երջանկության բացառիկ պահ, հեշտության – և ոչ հեշտանքի -, որ կկորսվի անմիջապես որ ժամանակը մտնե. «երջանկությունն այն է, ինչ մենք կորցնում ենք ամեն օր» (էջ 56): Բայց դեռ ժամանակը չկա, չկա աշխարհի արձակունակությունը, և խոսող Եսը կծնի իբրև առավոտով սքանչացած, կլանված աչք, կստանա անուն. «երբ ասացին Հովհաննես,/ դադարեց ձիս վարգելուց,/ և ես իջա խոտերին/ և եկեղեցու զանգերը ղողանջեցին,/ որովհետև արդեն առավոտ էր նոր,/ և ճակատագիրը փայլում էր/ առավոտի մեջ մոլորված անփորձ աստղի պես…» (էջ 14):
    Այսուհետև` առավոտը տարված է տևողութենեն. սկսելով օրը` ան կկրե իր մեջ արդեն իր վերջը. «հանդարտ ու սահուն ընթանում է առավոտվա արարողությունը» (էջ 130), և այս արարողությունը կնշե ընթացքը ժամանակին: Առավոտը ուրեմն` սկզբնավորությունն է ժամանակին: Որով գիտակցության ծնունդը կդառնա սկզբնավորությունը ժամանակի տագնապի: Հովհ. Գրիգորյանի բանաստեղծությունը արձագանքն է այդ տագնապին անկասկած, ըլլալով նույն ատեն անոր պատասխանը: Առավոտը հետևաբար երկդիմի պահն է, որ մեզ կարձակե լույսի երջանկության, թարմության, մանկության, թե ալ կնետե մեզ ժամանակին մեջ: Այս կրկնակ, համատև շարժումը գրված է հիանալիորեն քերթվածի մը մեջ, որուն հատկանշական խորագիրն է «Երբ», և ուր փոխաբերություններու ամբողջ թավալը կպատմե մեզի ծնունդը ժամանակի տագնապին, ծնունդը` «երբության»:
    «Այդ օրը, վաղ առավոտյան, երբ ես գնում էի դաշտի միջով,
երբ ես չէի մտածում անցնող կյանքի մասին… » (էջ 11):
    Հակառակ իրենց «սովորականության»՝ այս տողերուն մեջ ամեն բառ ունի իր արժեքը, ծանրությունը: Ահա առավոտը և խոսողին` մանուկ ընթացքը դաշտեն. նկատելու է «չէի մտածում»ը, որ ժամանակի գաղափարին բացակայությունը կառնչե մտածումի բացակայության հետ: Ուստի` սկզբնական ժամանակը տեսակ մը անգիտության պահ է, և մտածումին հայտնությո՛ւնը խոսողը կընե վաղ առավոտյան, երբ «թռչունները երգում էին/ սքանչելի երգեր` սկսվող կյանքի մասին» և երբ «փոքրիկ տղաները վազվզում էին թիթեռների ետևից» (էջ 11): Այս գրեթե հովվերգական մթնոլորտը հանկարծ կփոխվի. փոքրիկ տղաները «խրվում էին հողի մեջ`/ թիթեռ բռնելու ցանցերը բարձր պահած» (էջ 12), իսկ խոսողը ինք «արդեն որսացել էի, կըսե, հրաժեշտի բոլոր թաշկինակները»: Ըստ ամենայնի դեպք մը տեղի ունեցավ. փոքրիկ տղաները փորձեցի՞ն թիթեռներ բռնել, որոնեցին, ձգտեցան, հուսացին: Մտան ժամանակի մեջ: Եվ ուրեմն` ծնավ հրաժեշտը. հրաժեշտ առավոտին:
    Հրաժեշտի պատկերը միշտ ալ Գրիգորյանի մոտ կապված է ժամանակին. ասոր հստակագույն պարագան կգտնվի «Հրաժեշտի բանաստեղծություն հայրիկիս» քերթվածին մեջ, ուր հրաժեշտը հորմեն, հրաժեշտ մըն է մանկութենեն (էջ 175): Հրաժեշտը դրված է նաև «Արքայական որս» գրության մեջ, ուր «հնչում են եղջերափողերը/ և մենք հանդիսավոր հրաժեշտ ենք տալիս իրար: / Խզված ձայնով երգող մի տղամարդ/ առավել հուզիչ դարձրեց առավոտը…» (էջ 14): Հրաժեշտ-առավոտ, բայց նաև ծնունդի ու մահվան գիտակցություն. «Ես ծնվում ու մեռնում էի անվերջ,/ սիրում էի, բաժանվում, ծերանում…»: Այս փորձառության կընկերանա վերստին հողին մեջ խրվելու պատկերը. «և խզված ձայնով երգող տղամարդը / դանդաղ սկսեց խրվել հողի մեջ, / մինչև որ ձայնը խզվեց բոլորովին»: Նշենք անցողակի միայն խզվիլ-խրվիլ բայական զույգը, ուր կգրվի խրվելու պատկերին առնչումը ձայնի խզումին, թերևս մահվան, խոսքի վերջին:
    Հողին մեջ խրումի պատկերը, կանոնավոր հաճախականությամբ կհայտնվի Գրիգորյանի քերթվածներուն մեջ. անոր հետին կաղապարն է «փոսը, ամենավերջին դարակը` հողի մեջ բացված» (էջ 73): Անոր մեջ կուգան բևեռվիլ ընթացք, օր, կյանք, մահ իմաստային ուղիները: Հողին մեջ խրումը տիրական կդառնա գրքի «Ցերեկային ժամեր» բաժնին մեջ, երբ օրը սկսած է արդեն դանդաղորեն առաջանալ և առավոտները կհաջորդեն իրարու. «ևս մի առավոտ», և ամեն զարթնում գիտակցությունն է օրերու անցքին. «Ինչ-որ մի տեղ օրերը բացում և փակում են իրենց թևերը,/ ինչ-որ մի տեղ սահում է իմ կյանքը,/ ծերացած մատների արանքով» (էջ 16): Հողին մեջ խրվելու զգայությունը կսկսի հոր մահվամբ, և որդին կգրե.«ես դանդաղ խրվում էի հողի մեջ» կամ «ես հիմա կիսով չափ հողի մեջ եմ» (էջ 19): Ասոնք տողեր են, որոնք կկրկնվին քերթվածի երկայնքին ու կտարբերակվին «կիսով չափ այստեղ եմ ու հիշում եմ քեզ,/ և կիսով չափ այնտեղ եմ և էլի հնար չկա քեզ մոռանալու…» (էջ 23): Ավելի անդին.` «ինչպես քայլեմ, երբ արդեն կիսով չափ խրված եմ հողի մեջ» (էջ 54): Վերջապես` «և դու, որ վազում ես/ նրանց ետևից և ոտքերդ խրվում են հողի մեջ» (էջ 164): Հաճախանքի կամ մտասևեռումի նման, բայց համակարգային կերպով կիրարկված այս պատկեր-թեման կթելադրե ժամանակին դանդաղությունը իբրև փխրունություն, թանձրության մեջ անվերադարձ էջք, անկում, քայքայում: Ժամանակ-հող զուգորդումը հստակ տարազում կգտնե «Կարմիր արյունը որ մարմին չուներ» քերթվածին մեջ, որուն խորագիրը նորեն ամբո~ղջ ծրագիր մըն է ինքնին. «Եվ ոտքերդ խրվում են հողի մեջ,/ և անցնող օրերը քաշում են շորերիցդ / և անցնող տարիները, որ քամու պես խփում են դեմքիդ…» (էջ 164): Երեկոյան ժամը ժամանակն է ծանրացումին, փեռեկտումին, հողի վերածումին,կիսով. Գրիգորյան կխոսի «կիսով չափ»ի մասին. ամեն ինչ առ այժմ կիսով չա՛փ է ինքզինք, ամեն ինչ կե՛ս է, կկիսվի, կբաժնվի, կկտրտվի: Ժամանակի փորձառությունն ընել կնշանակե ճանչնալ այս կոտորակումը, անավարտելիին մեջ ավարտին հարատև բախումը: Այս կոտորակումն է, որ ժամանակը կվերածե թիվի, համարի: Եվ հոն է, որ ամեն ինչ կժամանակոտվի. ինչպես սարդը` որ «դուրս վազեց ժամացույցի ետևից`/ ամբողջովին ժամանակոտված» (էջ 79): Անհրաժեշտ, Գրիգորյանի գրչին տակ ու մեր լեզվին մեջ հայտնվող այս նորաբանությունը, այս ժամանակոտումըկըսե ժամանակով վարակվիլը, անոր ախտով տարվիլը:
    ԱՌՕՐՅԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՎ
    Ապրիլ կնշանակե ժամանակոտվիլ. քալել ցերեկեն գիշեր, ինչպես Գրիգորյան աղվոր կարճումով կըսե. «մեջքով դեպի աշունը» (էջ 72): Ծերացում. «Ցերեկները դու ծերանում ես աննկատ,/ և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով / դնում ես սեղանին, հիշում ես առաջին սերդ…» (էջ 110): Դյուրին է նշմարել, որ թեմաները պատահական կամ «անտրամաբանական» կերպով չէ որ կկանչվին, ինչպես կկարծե որոշ քննադատություն մը, այլ ներքին հանգիտական կամ հակադրական օրենքներով: Սերը` այսպես, հոս, կարծեք կհատե ժամանակը. պիտի տեսնենք՝ ինչո՞ւ: Ցերեկ ու երեկո կկրկնեն զիրար, կկազմեն մարդուս «թևի ժամացույցը», անոր առօրյան: Իբրև այդ` ցերեկը սկիզբն է հիշողության, բնական օրենքով գրեթե, եթե կա, ըստ որուն որքան ծերանաս այնքան կհիշես. «ես միայն հիմա եմ նկատում, որ ցերեկով եմ սկսել հիշել նրանց» (էջ 22): Հիշողություն` մանկության երկրին ու անկարելի հրեշտակներուն: Իսկ հիշողության մյուս երեսակն է սպասումը, դարձած դեպի գալիքը:
    Իրիկունը կբերե ավելի մեծ դանդաղություն. «գնալով դժվարանում է քայլելը օրվա միջով / և դու զգում ես տխրությամբ, որ խտացող խավարի ալիքները / քիչ-քիչ քեզ սկսում են բաժանել մարդկանցից…/ Գնալով դանդաղում են քայլերը…» (էջ 76): Ոչ թե ժամանակն է դանդաղողը, այլ մենք, մեր քայլերը, մեր կյանքի ընթացքը: Դանդաղության պատկերներեն մեկն էր հողը. մյուսն է հողին փոխանունը գրեթե եղող քարացումը, արձանացումը: «Իրիկնային ժամեր» բաժինը, կարելի է ըսել, բնակված է երկու տեսակի էակներով. մանեկենները և արձանները. «անշարժ մանեկեններ`/ հեռուստացույցների անկենդան լույսերի պատրանքում: / Մեծ ու փոքր ընտանիքներ`/ աղե արձաններ դարձած լուսնային գույներով…/ Բայց մանեկենները չեն ժպտում, / բայց աղե արձանները չեն շարժվում տեղերով» (էջ 77): Իսկական Ջորջո դե Կիրիկոյական աշխարհ մը, նկարիչ` որուն անունը ներկա է գրքին մեջ, հոն ուր Գրիգորյան կխոսի իր հարանույն պատկերը պահող գավառական քաղաքին մասին (էջ 169), ուր կան «միայն չնչին փոփոխություններ», մինչ «պատկերը մնում է նույնը»: Բանդագուշանքի աշխարհ մըն է ասիկա, ուր ամեն ինչ դադրած է, դանդաղած, վարագույրները չեն շարժիր, ծառ ու խոտ չեն աճիր, կա երաժշտություն, որ «հնչում է ինքն իրեն / հավերժորեն թարմ, ինչպես արհեստական ծառ սինթետիկ տերևներով…» (էջ 77): Երաժշտություն` որ կրնապարզ անունը ըլլալ չփոփոխվող ու կրկնվող շարժումին, որ օրվանն է, կամ աշխարհինը կամ քաղաքինը: Անկասկած արտասովոր աշխարհ մըն է ասիկա, աշխարհի մը պատկերը, մերինին նմանը հանկարծ սառած, դարձած դեպի գիշերը. «գիշերվա սառույցները սև, / սառնությունը ճակատիդ վրա, / անկենդան լույսերը փողոցների: / Եվ միայն արձաներն են առանց դիրքերը փոխելու / խորհրդավոր նայում իրար…» (էջ 109): Այսպես ցերեկեն մինչև գիշերը ժամանակը իր ներկայությունը կսաստկացնե պարզապես դանդաղելով, լքելով իրերը անկենդան, ձգելով որ անոնք ավելի խտանան, քարանան, անշարժանան ու մտնեն գիշերվա իշխանության մեջ, «վերջնական ու հավիտենական» (էջ 131):
    Քնաշրջիկի, բանդագուշանքային աշխարհին հակադիր եզրը կթվի ըլլալ առօրյան, որ Հովհ. Գրիգորյանի գլխավոր թեման կկազմե: Այդ առօրյան քաղաքային, գավառային քաղաքի առօրյան է. չէ՞ որ անիկա բոլորիս համար շարժումի, կենդանության, արարելիի քննելու և կատարումներու աշխարհն է: Գրիգորյանի քերթվածները լեցուն են «առօրյա պատմությամբ» և քննությունը ցույց կուտա, որ այդ առօրյային դեմ է, որ կբանի բանաստեղծին երգիծանքը: Դիմակազերծել առօրյան` ահավասիկ անոր ծրագիրը, ըստ իս, քերթվածները լեցնելով աշխարհի արձակությամբ: Ցույց տալ առօրյան իբրև ժամացույցային ժամանակի իշխանությունը, ուրկե բացակա է սկզբնական ժամանակը, կերպարանափոխությունը, դեպքը: Առօրյային հետ այս ճակատումին արդյունքն է արձակին ու արձակունակին մուտքը բանաստեղծութենեն, բանաստեղծականին ու արձակին շփոթը: Առօրյային հանդիպող բոլոր մեր բանաստեղծները, գրեթե անպայման, տեսակ մը բանաստեղծական կանոնի մը ներհայտ ու լռելյայն հետևողությամբ, քերթվածը կբանան արձակին, ազատ չափի ոտանավորով: Եվ արդեն ինչպե՞ս հանձնառել քաղաքային բարդ ու բազմամակարդակ միջոցը այն բարձրաոճ ու հանգոտ գրելակերպով, որ մեր քնարերգակներեն շատերուն կթվի անգերազանցելի միջոց: Այլ հարց անշուշտ, որ ազատ չափին տիրապետումը նույնքան դժվար է, որքան առօրյայի թեմային նվաճումը: Սակայն երբ «եռանդով անգիր էր արվում դասական պոեզիան» (էջ 78), բանաստեղծին կմնա այդ դասականացած սովորույթը փորձել խախտել, փրկելո՛ւ համար բանաստեղծությունը կրկնութենեն:
Առօրյան նույնության կալվածն է. «Օրացույցային թախիծ` հնարավոր տարբերակներով,/ նորից խոսակցություններ մեռած նկարիչների մասին,/ և պատուհանների երբեք չհնացող համեմատությունը արցունքաշատ աչքերի հետ» (էջ 69): Ուրիշ տեղ` կրկնության նույն հաճախանքը կա, կապված` նորեն ոտանավորին, որ հարացույցն է կրկնության. «նույն փողոցը, որ անգիր գիտես`/ դպրոցում սովորած անհամ ոտանավորի նման» (էջ 103): Նույնությունը կարտադրե անխուսափելի ձանձրույթ. «Երեկոյան դու կվերադառնաս նույն ճանապարհով: /…/Անցավ ևս մի օր, և չփոխվեց ոչինչ. նույն զրւոյցները և նույն սուրճը դառնահամ/…/իմացար նորությունները նույն / և ձանձրացար ձանձրույթով նախկին» (էջ 93): Ոչինչ կա փոխված այս «ձանձրալի միօրինակության» մեջ, որմե հնար ալ «չկա խուսափելու» (էջ 73): Առօրյան ժամանակի դանդաղեցումն է իբրև կրկնություն, միապաղաղ վերարտադրություն, եղանակներու անվրեպ հաջորդականություն ու վերադարձ. «Դանդաղ կրկնություն` գարուն, ամառ, աշուն, ձմեռ…Եղանակի ինչ-ինչ փոփոխություններ`/ ձանձրալի միօրինակությունից խուսափելու նպատակով…/ Դանդաղ կրկնություն`մեկ ժամ, երկու, երեք և ավելի…» (էջ 72-73): Քառաթավալ ընթացքը այլևս կդառնա դանդաղ կրկնության հոլովույթ, ուր եթե կան մանր մունր փոփոխություններ, չկա հիմնական փոփոխություն, Գրիգորյան պիտի ըսեր` կերպարանափոխություն: Այն ատեն խոսողը կգոչե. «որտե՞ղ է սկիզբը/ և ո՞ւր է տանում հաշվարկն այս անտանելի. / նույն ծնունդը…/ նույն կյանքը/ և նույ ն ծերությունը…» (էջ 73): Ժամացույցային ժամանակին կրկնվող անվերջն է այս հաշվարկը, որուն մեջ գիտակցությունը կապրի բնազանցական նույնը:
Նման աշխարհի մը մանրանկարը կկազմե Գրիգորյանի «Հյուրանոց» քերթվածը, որ կրնանք նկատել այլաբանությունը կրկնության աշխարհին: Պանդոկի մարդիկը «միշտ տարբեր են սովորական մարդկանցից» (էջ 100): Այսուհետև մենք գիտենք, /տողը հակախոսություն մըն է/ որ պանդոկի մարդիկը սովորական մարդիկս ենք, պատահականորեն զիրար տեսնող, երբեք իրարու չհանդիպող, անդեմ, անանուն, ձանձրացող, և հիմա ինչ որ էական է. «դու այստեղ ես, բայց և այստեղ չես, / որ դու հիմա կաս, բայց շատ ավելի չկաս» (էջ 101): Ո՛չ կաս, ո՛չ չկաս, խորքին մեջ: Ահա օրվան սովորականությունը. «դու ապրում ես սովորական մի օր» (էջ 102): Այսինքն` անվավեր, անբովանդակ, հասարակ միջոց մը: Պանդոկի` ժամանակավոր գոյության առօրյա, կամ թանգարան (էջ 105-106) կամ թատրոն (էջ 127), ահավասիկ այն չեզոք տեղը ուր կապրինք, ուրկե կքալենք: Այս բոլոր պատկերներն ալ կթելադրեն ժամանակի դանդաղեցման, դատարկացման հոլովույթը, նշող` մեծ պակասը առավոտին:
      ՄԻ ՔԻՉ ՍԵՐ ԼԻՆԵՐ
    Ժամանակի հորիզոնական ընթացքին մեջ քալելը մտնել է օրվան մեջ, տրվիլ օրվան` առ-օրեակացում, կարծեք ժամանակի ճակատագիրն ըլլար առօրյան, անոր անկման տեղը: Հոն մտնողը կկատարե անհուն աշխատանք մը, սիզիփոսյան աշխատանք մը: Ի զուր չէ, որ գործածեցի այս բառը. Գրիգորյան իր քերթվածներուն մեկուն համար կընտրե միթական տիպարին անունը`որ կկրե անվերջանալի կերպով գոյության ու ժամանակի բեռը /էջ 59-60/: Սիզիփոս միայն հուսահատության հերոս մը չէ անկասկած, պարզապես որովհետև ոչ մեկ բանի կսպասե, մինչդեեռ խոսող Ես-ը կնայի մերթ ետին` անցյալ երջանկության, մերթ ապագային` որմե կսպասե նորոգում: Կսպասե բանի մը, որ գար, բանար անշարժության, առանձնության շրջանակը: Նման սպասումով հորինված քերթված մըն է «Կոլումբոս»ը, որ կխոսի չես գիտեր ե՞րբ և ո՞ւր, ժամանակի ո՞ր կետին վրա, ընդհանուր անստուգության մը մեջ. «Երևի թե ինչ-որ մի ժամանակ / գնացել եմ աստղերի նշած անսխալ ուղիով, / բայց ես հիմա չեմ հիշում գտե՞լ եմ, թե կորցրել, / բոլորովին չեմ հիշում`/ գնո՞ւմ եմ, թե ե՞տ եմ վերադառնում արդեն…/ Բայց ես ամեն օր նստում եմ պատուհանի մոտ, /…/սպասելով առաջին աստղին / սպասելով թռչուններին` մեկ և ավելի թևերով… » (էջ 46): Հոս` թռչուններ, ուրիշ տեղ` կապույտ-կանաչ թիթեռներ, նավ մը` Ռոբինզոն Կրուզոյի համար /«ընդամենը մի նավ մոտենա պատուհանին» (էջ 32) կկազմեն սպասման տարտամ առարկան, երազ մը, հույս մը, գործողության մը ավարտը, հանդիպում մը, իրագործում մը, որպեսզի բան մը փոխվի: Քարափին սպասող Ռոբինզոնը սպասումի այն մակարդակն է, ուր սպասողը չի գիտեր այլևս թե սպասվածը եկա՞ծ է, թե ոչ: Անիկա բացարձակ սպասումն է, որ չի կրնար լիանալ որևէ նավով:
    Իսկ սերը՞, մարդկային հարաբերություններուն մեջ այն անսովոր սովորականը, ուր կկարծենք ու կհամառինք հանդիպիլ մյուսին, ուրիշին, ելլել մեր մորթեն ու մենախոսութենեն: Գրիգորյանի քերթվածներուն մեջ անկասկած կա «դուն» մը, որ շատ հաճախ Եսին մեկ դիմակն է: Կա նաև իսկական «դուն» մը, բավական տարտամ շրջանակով. «Այսպես նստել իրար դեմ / և այսպես երկար լռել: / Ու մեկ-մեկ թվում է ինձ, / թե երկուսս էլ փայտից ենք պատրաստված,/ կամ ասենք աշնան չորացած տերևներից» (էջ 28): Բայց նորեն կգտնենք անշարժացումը, կարծրացումը, արձանացումը, հաղորդակցության պակասի հավելյալ զգացումը: Սերը՞. չկա: Ա՛յս է, որ կթելադրե մեզի Հովհ. Գրիգորյանի հավանաբար ամենեն հաջող քերթվածներեն մեկը` «Նոյ»ը, նահապետի առասպելին նորովի տված մեկնաբանությամբ: Կարելի չէ այստեղ երկարորեն անդրադառնալ քերթվածի յուրահատկության – Գրիգորյանի Նոյը ժամանակակիցն է, ըսենք` Նոյը անձրևոտ օրվան մը առօրյային մեջ: Արդ` տապանին մեջ Նոյ, հակառակ ընտանիքին, չէ կրցած սերը տանիլ. «կանգնել ես մթնում հսկա նավի մեջ / մի քիչ սեր լիներ – մտածում ես դու, / սեր լիներ մի քիչ…» և այս կարոտին, ցանկության պատասխան կուտա «անձրևը». «սերը չի դառնա,- շշնջում է նա, -/դու սեր չես փրկել քո այն նավի մեջ» (էջ 133): Արարչագործությունը թերևս փրկված է, բայց սերը կորսված է: Գրիգորյանի քերթվածներուն մեջ երեխաները ներկա են ամեն տեղ, բայց ըստ ամենայնի սերը բացակա է: Հոս-հոն կքարոզվի «սիրեզեք զմիմեանս» /էջ 49/. բայց քարոզն ու պատգամը կըլլա, ճիշտ անոր համար որ սերը չկա: Որովհետև սերը չկա, կրնա հայտնվիլ իբրև անցյալի պատկանող դեպք: Եվ հետաքրքրական է տեսնել, որ գրեթե միշտ իբրև անցյալ չկորսված դեպք, է որ ան կոգեկոչվի. «որովհետև զգում եմ, որ անցնող ժամանակները / անցել են ուրիշ ճանապարհով, / իսկ այստեղ ամեն ինչ նույնն է մնացել, / իսկ այստեղ նվվում է ընկեցիկ երեխայի նման, / աղիողորմ լալիս է իմ անցած սերը / թփերի մեջ շարունակ…» (էջ 34):
    Անկասկած առօրյայի երկայնքին կ«հանդիպինք» դեմքի մը. «Ի վերջո կհանդիպես մի խելագարի…/ Ի վերջո կհանդիպես, ում հետ ասես, որ չես հանդիպի, / հատկապես եթե գարուն է, / երբ ծառերը ծաղկել են, / և սիրտդ կրծքավանդակիդ չոր պատերի մեջ / անհոդաբաշխ ոռնոցով / վազում է անկյունից-անկյուն…» (էջ 51): Այս տողերուն մեջ կբանի ահռելի հեգնանք մը, ավելի ճիշտ` դառնություն մը. ամեն մեկ տարր կթելադրե անհուն բաղձանքը իսկական հանդիպումի մը, որուն շնորհիվ վերստին հայտնվի երջանկությունը և առօրյայի պատմությունը առկախվի: «Շարժման մեջ քարացած քաղաքը» կենդանանա…
    Բանաստեղծը չըսեր մեզի միայն անցյալ երջանկության կարոտը: Այլև կորուստին անհրաժեշտությունը, մասամբ: «Հոգեհանգիստ» հատկանշական խորագիրը կրող քերթվածին մեջ ան կգրե. «Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ, / ամենահեշտը քեզ գտնելն էր…» (էջ 30): Հարակարծային` պարադոքսալ հաստատում մըն է ասիկա, որ կարելի է մեկնաբանել զանազան ուղղություններով: Բայց խորագիրեն կարելի է ենթադրել, որ հարցը կվերաբերի սուգի մը, սգալու մը: Բանաստեղծը կթելադրե որևէ գյուտի իսկ մեջ պահվող կորուստը: Ինչ որ կգտնենք կհուշե կորուստը: Որով Դունը չէ փրկված, չի փրկվիր, նույնիսկ երբ երկու հոգի դեմ դիմաց են, նույնիսկ երբ Դունը կթվի գտնված ըլլալ. գտնելը հեշտ էր, ամենահեշտը, խորքին մեջ «ամենադժվարը քեզ կորցնելն էր» /նույն/: Այսինքը՞ն: Ամեն գյուտի մեջ կորուստ մը կա և ամեն կորուստի մեջ` գյուտ մը: Կորուստ կա սկիզբեն, և անհեթեթ պիտի ըլլար փորձել փրկել ինչ որ չէր փրկված` սերը: Կմնա միայն կորսնցնել, որ էկորուստը գտնել: Ահա սգալուն նշանակությունը:
    ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ
    Ժամանակի ընթացքին քայքայողականության փաստն է կորուստը: Եվ ասոր ընդունումը տեղի կունենա հայրությամբ: Հայրը՞: Մինչև հիմա գրեթե չխոսեցանք կերպարին մասին, երբ ան, երբ ան «Դանդաղ ժամեր»ուն մեջ ներկա է ամեն տեղ, ուր կտարածե իր պատերազմեն վիրավորի խոհուն շուքը: Կենսագրական տվյալներեն բխող տարր մըն է հայրը, ինչպես մայրը, քույրերը, երեխաները, և անշուշտ գավառական քաղաքը, որ սակայն Գրիգորյանի բանաստեղծությունը կվերածե հերոսի մը: Հայրը կպատկանի, ըստ իս, առասպելական անուններու այն շարքին, որոնց շուրջ Գրիգորյան քերթվածներ կգրե. Սիզիփոս, Ռոբինզոն, Նոյ, Իկար, Կոլումբոս և այլն: Չեմ գիտեր, իր սերունդեն ո՞վ այսքան խտությամբ, հուզումով, առանց զգացականության, կխոսի հոր մասին, ռազմաճակատեն հրաշքով ազատած մարդուն (մարդոց): Այսուհետև` հայրը շատ որոշակի տեղ ունի Գրիգորյանի բանաստեղծական մտածողության մեջ, կպատկանի առասպելի անժամանակին, որով կզանցվի անոր պարագայականությունը:
    Հայրը, ժամանակի հորիզոնական ընթացքի մեջ` որդիին նախորդը կհղե մեզ ժառանգության, տոհմին, պատմության խորության – այսինքն` ուղղահայաց ժամանակին: Կերպարը կմտնե «Ցերեկային ժամեր» բաժինով. կթվի այդ ցերեկին, դժվար ու դանդաղ օրվան ու առօրյային խտացյալ գիտակցությունը: Հայրը գիտե: Հայրը գիտե մահը: Անոր միջոցը պատերազմի միջոցն է: Միջանկյալ պետք է ըսել, որ պատերազմի թեման Գրիգորյանի մոտ չունի անցողիկ հանգամանք: Անիկա անունն է, ըստ իս, իսկական վախի մը. «Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի…» (էջ 30): «Վերջին հեքիաթին» մեջ հաճախանքը ունի հայտնութենական գունավորում. «գուցե թե սա վերջին դարն է, / կամ էլ առավել սարսափելին` վերջին տարին» (էջ 43): Ահա՛վասիկ այդ վերջին` մեկ նմանակն է պատերազմը: Բայց կարելի՞ է գրել անոր մասին. «պատերազմի մասին հնարավոր չէ պատմել – ասում էր հայրս» (էջ 165), կգրե որդին, սև հումորով գրված ու խորագրված «Շարադրություն» քերթվածին մեջ: Հայրը, ո՛չ միայն իր լսողությունը կորսնցուցած է պատերազմին մեջ (էջ 175), այլև պատերազմը` հավաքական մահը և անձնականը խոսելու կարողությունը: Ուրե՞մն: Հիշած քերթվածիս մեջ` որդին կպատմե թե ի՞նչպես երբ խոսքը կնահանջե, հոր կմնա միայն սպիներով ծածկված մարմինը ցույց տալ: Վկան պարզապես լուռ վկան է մահվան: Եվ այն ատեն որդին կնույնացնե հոր վերադարձի օրն ու այս ծայրագույն վկայումը, և սուգը կխառնվի ծիծաղին. «լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ…»:
    Խուլ ու վիրավոր հայրը սակայն հորդոր մը ունի որդիին` ժամանակի քայքայումին մեջ բռնված: Հոր խոսքը տարօրինակ բան մըն է և նման է պատգամի մը. «Երբեք չմեռնես…» կըսե հայրը մահվան անկողնին մեջ (էջ 18): Տարօրինակ` ըսի, որովհետև խոսքին նշանակությունը մեջը չէ: Կրնա անգամ անիմաստ թվիլ: Բայց ա՛յդ է հոր պատվերը, մահվան մեջ: Հայրը կմեռնի, իսկ որդին այդ մահվան զուգահեռ կսկսի խրիլ հողին մեջ: Այն ատեն տեղի կունենա անսովոր բան մը – երազի մեջ – հայրը անունը կուտա որդիին. «տվեց իմ անունը» (էջ 19): Պատվերին ու անունին, պատվերին ու ժամանակի խնդրին միջև յարաբերություններ կան, որ ընթերցումը հարկ է` բացահայտե:
    Արդարև` երբ որդին անուն կստանա, իր կարգին կդառնա հայր, կմտնե հայրության հոլովույթին մեջ: Այսպես` «Հրաժեշտի բանաստեղծություն հայրիկիս» քերթվածին մեջ` հայր ու որդի կքալեն նույն ճամփեն, նույն կարգով, մոտավորապես նույն դանդաղությամբ: Որդին կդառնա հոր նման. կնույնանա անոր, ուստի` կրնա հրաժեշտ տալ անոր: Իսկ հոր ու որդիի նույնացումը ո՞ւր ավելի հստակ կգրվի եթե ոչ խոսքին մեջ, պատվերին: Հովհ. Գրիգորյանի գյուտերեն մեկն ալ այս է. բանաստեղծությունը հոր խոսքն է. հայրությունն է:
    Այսպես մի քանի տեղ քերթվածին մեջ կլսենք հոր շունչը, հոր տնքոցը: «Բանաստեղծություն» տիպական խորագիրը կրող քերթվածին մեջ, կկարդանք բանաստեղծության ծագումնաբանությունը. «Նորից ձայներ եմ լսում: / Աշունը ճռռում է հին ցանկապատի տակ: / Ես ինչեր ասես չքաշեցի այս բանաստեղծությունների պատճառով…Բայց ես նորից ձայներ եմ լսում: / Հայրս է խոսում ինքն իր հետ…» (էջ 74-75): Ուրիշ տեղ. «Ես ահա նորից խոսում եմ պատերազմի մասին, / և վերքերի մեջ կորած հայրս / նորից տնքում է այս տողերի մեջ…/ Բայց ո՞վ է կարդալու այս բանաստեղծությունը…/ բայց ո՞վ է լսելու ձայնս, որն անվերջ կերկերում է…» (էջ 156): Ընթերցողը կնշմարե՞ տողերու ողբերգական շեշտը և անհուն հեռավորությունը հեգնանքեն կամ ժպիտեն: Բանաստեղծությունը հոս, ի միջի այլոց, տեղն է, ուր կխոսի հայրը: Իբրև այդ` կփնտրե իր ընթերցողը, իր ժառանգորդը, որուն փոխանցե իր ձայնը: Այս կերպով` բանաստեղծությունը կդառնա հոր մահը, եթե ոչ քայքայումեն պահպանող, գոնե զայն ըսող խոսք մը, որով կմնա հայրության ժամըԵրբեք չմեռնեսը նվազ հավիտենական ըլլալու դրդում մըն է, որքան պատվիրան մը չմոռնալու մահը:
    Հոր պատվերը այլազան տարբերակներ ունի Գրիգորյանի տողերուն մեջ, միշտ ալ գրելը առընչող վերջի մը: Այսպես` «Տարիների հետ բառերի մեծ մասը / սկսում է դառնալ ավելորդ: /…/ Իսկ քեզ հետ, հետզհետե ուժգնացող ձյան տակ,/ կշարունակեն քայլել ընդամենը մի քանի բառ, / ընդամենը / մի քանի ու գլխահակ բառ, / որ պետք կգան քեզ վերջում,/ երբ ժամանակը կգա կանգ առնելու / և հրաժեշտ տալու համար… » (էջ 50): Այլ տեղ կկարդանք նույն կապը, որ կզոդե բառերը` վերջին, ավելի խիտ տարազի մեջ. «գոնե ինչ-որ մեկը մնար / անցած օրերի մասին խոսելու համար» (էջ 63): Մեկը որ ըլլար անցյալ օրերու վկան: Մնացողը կմնա միայն, երբ կհաստատե ինքզինք իբրև օրերուն վերջինին վկան: Այդ մնացողը բանաստեղծ է Գրիգորյանի համար; Ուստի` իբրև վերջին օրվան խոսք` բանաստեղծությունը հայտնութենական է (ապոկալիպտիկ)[4]:
    Նման պատվեր դժվար է կրել, և դժվար հավատալը որ «իմ խեղճ ու կրակ բառերով, / գրքերով…» (էջ 54) բանաստեղծը դեմ հանդիման պիտի ելլե ժամանակին, ասոր ընթացքին: Կրնա խնդրո առարկա դարձնել այդ բառերը, երբ կգրե. «Բառերն ատելի բարեկամներս են… Բայց առանց նրանց չեմ կարող ապրել»[5]: Բառերուն ավանդական տեղը` քերթվածին մեջ. թե՛ ատելի են, թե՛ անհրաժեշտ: Անհրաժեշտ, որովհետև բանաստեղծը միայն զանոնք ունի, եթե կուզե ինքզինք դառնալ, ինքնանալ: Եվ ահա տողեր ուր առաջին կասկածեն վերջ կա ստանձնումը բառերուն.
«Ես պիտի ամեն ինչ նորից սովորեմ,
պիտի նորից սովորեմ բառերը,
որոնք գլորվելուց հղկվել են,
ես պիտի նրանց համարակալեմ,
պիտի թողնեմ միայն բարի ու գեղեցիկ բառերը,
որովհետև տունը նորից լցվել է խաղալիքներով,
իսկ երեխան շուտով, շատ շուտով
խոսել կսովորի…» /էջ 61/:
    Հոր մահվան մահճեն խոսքը կարձակվի մինչև երեխային թոթովանքը, կկամրջե անցյալը ապագային, կփոխանցե, կհաղորդակցե, կկապե[6]:
    Բառերու վերարժեվորումեն ետք` բանաստեղծին կմնա ժամանակը բռնել: Ան գիտե, որ «ժամանակը…հոսում է մատների արանքով» (էջ 94-95), ինչ որ աղվոր երկդիմի դարձվածք մըն է, թելադրելու երկու հակադիր եզրեր. ժամանակը կհոսի, կերթա մեր մատներեն և ժամանակը կհոսի գիրերուն մեջեն, անոնց արանքով: Եվ գիրերը կմնան: Հոսումի նույն պատկերը և ժամանակի բռնումն է, որ կկազմեն հիմնատարրերը «Գրիգոր Նարեկացի» քերթվածին: «Զարմանալի գետին» նվիրված այդ էջին մեջ` Գրիգորյան նվազ բանաստեղծի տիպար մը կպատկերացնե, որքան բանաստեղծության բնույթը: Քերթվածը ցույց կուտա ձկնորս մը, որ գետի ավազներեն կքաշե ուռկանը, ուր «մի վիթխարի ժամացույց է թպրտում / անվերջ կրկնվող պատկերներով» (էջ 42-43): Բանաստեղծության գետը իր մեջ կպահե վիթխարի ժամացույց մը, որ կամփոփե իր մեջ ժամանակի կլոր, կրկնվող ու գոց ընթացքը: Բանաստեղծությունը կբռնե ժամանակը:
Ժամանակը բռնել կնշանակե ստեղծել առասպել: Այա անունով քերթված մը կա հատորին մեջ, ուր բանաստեղծի օրգաններու քննությունը տեղի կունենա: Քննությունը ցույց կուտա, որ անոր կրծքավանդակին վրա անցք մը կա, ուր կբանի «առասպելի մեխանիզմը» (էջ 67): Ահա վերստին «այլաբանական» քերթված մը, այնպես ինչպես կսիրե Գրիգորյան: Բանաստեղծը կբանեցնե առասպելի մեքենան, որով «պատկերը կենդանի գույներ կստանա» և հին դարբինները կզարնեն սալին… Փաստորեն առասպելը կապված է հերոսներու, պատումի, տիպարի, բայց նաև անցած օրերուն: Ան կիմաստավորվի նույն ատեն ներկայով, առօրյայով, ժամանակով: Առասպելը հարացույցային իր արժեքով կարելի կդարձնե առօրյայի ու ժամանակի վերծանում, մեկնաբանություն, ամփոփում: Բոլոր ժամանակոտված բաները կզերծե ժամանակեն:
Եվ առօրյան կդառնա առասպել, իր կարգին:
                                                                                                                        Գր. Պըլտյան
                                                                                                                        Փարիզ, 27. 4. 1987

 


[1] Նկատի ունիմ Ալ. Թոփչյանի դասակարգումը` պոլեմիստ/մետաֆորիստ: Տե՛ս Բառի սահմանները, Երևան, 1978, էջ 85:
[2] Քննադատության պաշտոններեն մեկը` նոր գործերու իմացումն ու յուրացումը, մեր մեջ տակավին չի կիրարկվիր հանգամանորեն: 60 – ական թվականներուն, Սփյուռքի մեջ թե Հայաստանի, մեր գրականության եկան գործեր, որոնք որոշ չափով կխախտեին ավանդական չափանիշներն ու ընկալման կերպերը; Քննադատությունը սկսավ տագնապիլ ու բնազդաբար դուրս շպրտել այս արտադրությունները, որոնք սակայն ոչ միայն չդադրեցան, այլ բազմացան: Եվ պատահեցավ անխուսափելին: Քննադատությունը չկրցավ ինքզինք նորոգել: Եվ քննադատություն մը կնորոգվի ամենեն առաջ գրական գործերով, մինչդեռ ան մեր մեջ ինքզինք դավանած էր իբրև կազմավորված, ինքնաբավ կրթանք, հավանաբար ինքզինք մտածող գրական գործերեն անկախ: Ուստի` վերածվեցավ, լավագույն պարագային, բանասիրության: Ի՞նչ կարելի էր սպասել քննադատութենե մը, որ այս նոր գործերու ստեղծած տագնապեն չէր հետևցներ իր…փրկությունը: Եվ մեծատաղանդ քննադատը տակավին բանաստեղծությունը կպաշտպաներ միայն բանաստեղծությունը սահմանելով, սապես. «Պոեզիան ազգային ինքնագիտակցության բարձրագույն արտահայտությունն է», /Տես Ս. Աղաբաբյանի հոդվածը, Քննադատության Տարեգիրք, Երևան, 1985,  էջ 5/: Ճիշտ, սխա՞լ, կարևոր չէ: Կարևորը այն է, որ քննադատը, ի միջի այլոց, կսկսի սահմանել պոեզիան, երբ ստույգ իրողություն է, որ ոչ ոք կրցած է զայն սահմանել: Ավելի լավ պիտի չըլլա՞ր, հարց տալ թե ինչպե՞ս բանաստեղծությունը կըլլա: Բայց ասիկա անկասկած աշխատանք պիտի պահանջեր:
[3] Կան հեգնանքի այլազան ըմբռնումներ, որոնցմե մին անոր մեջ կտեսնե կրկնարժեք կամ երկդիմի վերաբերմունք դեպի հեգնության առարկան` հեգնվածը: Հեգնվածը ապայժմե, կրկնվող հերքելի բան մըն է, բայց նույն ատեն սիրելի, ցանկալի, քաշողական, անկարելի: Հեգնանքը հեռացման, առկախման վերաբերմունք մըն է. իսկ հեռանալ ուզողը միշտ ալ իր հետ կտանի լքածին կարոտը: Սենտիմենտալիզմի հեգնանքը, առկա Հովհ. Գրիգորյանի մոտ, կմատնե կարոտը ոչ այնքան սենտիմենտալիզմին, որքան զգացումներու երգեցիկ «արտահայտության», որմե զանազան օրինակներ կարելի է գտնել բանաստեղծի գործերուն մեջ: Ասիկա առանձին ուսումնասիրության մը նյութը կրնա ըլլալ:
[4] Իր «Թե ինչպես անհետացավ բանաստեղծությունը» հոդվածին մեջ, Հովհ. Գրիգորյանը սապես կսահմանե բանաստեղծությունը. «Իսկ հիմա պոեզիան խոսել է նշանակում /առաջ երգել/, ճիշտ խոսել», /Գրական Թերթ, 6, նոյեմբեր,1970/:
[5] Մեջբերումը կգտնեմ Ալ. Թոփչյանի «Ամենամեծ հրաշքը կամ սովորականի հայտնագործումը» հոդվածին մեջ, /Գարուն, 1980 թիվ 8/: Մեջբերված տողերը կուգան «Բոլորովին ուրիշ աշուն» հատորեն:
[6] Այս հոդվածին արդեն ծավալած ընթացքը չարտոներ ինծի մտնելու Գրիգորյանի  բանաստեղծական կիրարկումին մեջ, քննելու համար քերթվածի ընդլայնման եղանակները, առօրյայի հետ գրության կապերը, հումորի ստեղծման միջոցները: Դժվար պիտի չըլլար նկատել ու տարազել, որ Գրիգորյանի քերթվածները շատ հաճախ կզարգանան ամբողջապես կամ մասնակիորեն կրկնվող նախադասություններով, որոնք կհայտնվին քերթվածի կեսերուն կամ ավարտին: Գրելակերպը կկազմե հակոտնյա եզրը արձակունակության, կհակակշռե դեպի արձակը շեղող պատմողական կամ նկարագրական տրամադրությունը:
[sharify]