ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՆՈՐ` ԱՆՊՈՉ ՇԱՆ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Եթե նկատել եք, ինչքան փոքր ու անօգնական է երկիրը, այնքան երկար ու հանդիսավոր է նրա հիմներգը: Նույն տրամաբանությամբ` ինչքան զորեղ ու կայուն է պետությունը, այնքան համառոտ ու սակավաբառ է հարազատ ժողովրդին ուղղված սույն երկրի ղեկավար անձանց ամանորյա (որևէ տոնական առիթով) մաղթանքի խոսքը: Հիրավի, ի՞նչ կարող է մաղթել, ասենք, ԱՄՆ-ի նախագահն ամերիկյան ժողովրդին. երևի թե միայն խաղաղություն… իր երկրի ներսում, հանուն ինչի նա անվերջ պատերազմ է մղում երկրի դրսում: Եվ դա հասկանալի է. մնացած բոլոր բարիքներով ԱՄՆ-ի, ինչպես նաև Գերմանիայի, Անգլիայի, Հոլանդիայի… ժողովուրդներն ապահովված են, և վերոհիշյալ երկրների ղեկավարների ամանորյա շնորհավորական խոսքերը կարող են տևել շատ-շատ մեկ-մեկուկես րոպե, ոչ ավելի:

   Այլ է Հայաստանի քաղաքական, տնտեսական և հոգևոր առաջնորդների խնդիրը, նրանք հազիվ են կարողանում մեկ-մեկուկես ժամանոց ելույթում պարփակել բոլոր այն մաղթանքները, որոնց առաջնահերթությունը միշտ հրատապ է հայ մարդկանց երազանքներում` սկսած աղբահավաքությունից մինչև անփորձանք տուն հասնելը, եթե մինչ այդ տունը փուլ չի եկել և հերոսաբար դիմացել է բնության և քաղաքապետարանի բոլոր փորձություններին:

   Եվ նույնիսկ ես, որ ոչ միայն ղեկավար չեմ, այլև հեռու եմ քաղաքականությունից ու տնտեսությունից, ասել է թե` գրող եմ, ի վիճակի՞ եմ արդյոք ամանորյա շնորհավորանքի խոսքիս հենց սկզբում մի տասը-տասնհինգ րոպե չտրամադրել առողջապահական կարգի մաղթանքներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին ու Վանաձորն աղետի գոտուց վերածվել են խոզուկի, քութեշի, կարմրուկի, դեղնախտի, մալարիայի գոտու, իսկ ամբողջ հանրապետությունը, Արցախն ու հարակից տարածքները ներառյալ, հազում ու փռշտում է` առանց արտադրությունից կտրվելու:

   Մի տասը րոպե չնվիրե՞մ ժողովրդին, որ գոնե Նոր տարվա գիշերը կոյուղու ջրերը չխառնվեն խմելու ջրին, որ գոնե Ծննդյան տոների ընթացքում ցրտից չտրաքեն բնակարանների ջրատար ու կոյուղու խողովակները և ստիպված չլինեն այդ ազիզ օրով կինոներ ու թատրոններ գնալ` դրանց զուգարաններից օգտվելու նպատակով…

   Եվս մի տասը րոպե պիտի չընծայե՞մ ժողովրդին` մաղթելով, որ զերծ մնա ճանապարհա-տրանսպորտային վթարներից, որ վերանա թշնամանքը Պակիստանի ու Հնդկաստանի միջև, որ ժողովուրդը չզրկվի հնդկական կինոներից, բացվեն Թուրքիայի սահմանները, որպեսզի օպտիմալացման հետևանքով գործազրկված բազմահազար ուսուցիչներ առևտուր անեն հարևան ժողովրդի հետ` վերամասնագիտանալով կոմերցիայի ասպարեզում…

   Ի վերջո, չմաղթե՞մ իմ գրչակից ընկերներին, որ կյանքում գոնե մի անգամ ծնվեն այն տարածքներում, որոնք եթե չեն համընկնում, ապա գոնե մոտիկ են տվյալ շրջանում իշխող նախագահի ծննդավայրին, որպեսզի արժանանան պետական կամ էլ թեկուզ Հովնանյան մրցանակի:

    Իսկ այն, որ գալիք տարին լինելու է ոչ թե կապիկի, այլ անպոչ շների տարի, հիմնավորումը զուր մի փնտրեք ճապոնական կամ նույնիսկ չինական հորոսկոպներում: Այն խիստ հայկական է, և ծնունդ է առել քաղաքային իշխանությունների ջանքերով: Թափառական շների դեմ պայքարի  հրատապ ծրագրով նրանք 35 հազար դոլար են տրամադրել ինչ-որ մի կազմակերպության, որն այդ գումարով պիտի հրացան ու փամփուշտ գնի, որսորդներ հավաքագրի` մղելով նրանց շների վերացման ազգօգուտ նպատակին: Վերացրած յուրաքանչյուր շան դիմաց որսորդը ստանալու է շուրջ 3000 դրամ` որպես կատարած գործի վկայություն ներկայացնելով վերացրած շան պոչը: Որսորդներից մեկի անկեղծ խոստովանությամբ շների վերացման գործընթացը կունենա այսպիսի սխեմա. ելնելով հայ մարդուն բնորոշ բարեսրտությունից, էլ ավելի ճիշտ` բավականին թանկարժեք փամփուշտների խնայողությամբ մտահոգված` որսորդները կբռնեն շներին, կկտրեն պոչերը, շներին բաց կթողնեն և վկայությունները ձեռքներին հանգիստ խղճով կներկայանան հաշվապահություն` 3000 դրամները ստանալու: Դժվար չէ պատկերացնել այն տեսարանը, երբ որսորդը հրացանը պարզում է իր դեմն ելած շան ճակատին և շեքսպիրյան պաթոսով բղավում. «Կյանքդ կամ պոչդ»: Կենդանական աշխարհի այդ հազվագյուտ երևույթներին` աղբանոցների շուրջ վազվզող անպոչ շներին, իրենց աչքերով տեսնելու անզուսպ ցանկությամբ միլիոնավոր զբոսաշրջիկներ կլցվեն Հայաստան, ինչի շնորհիվ ծաղկում կապրեն առևտուրը, փոքր և միջին բիզնեսը, հազարավոր աշխատատեղեր կբացվեն, և վերջապես կփակվի մեր բյուջեի ճեղքվածքը::

   Էհ, ուրեմն այս վերջին բաժակով մաղթենք, որ այսքանից հետո մեր ժողովուրդը երախտամոռ չի լինի և գալիք տարում Կասկադի վերին մասում տեղադրված Կատվի արձանի կողքին կկանգնեցնի նաև իր փրկարար շան արձանը, անշուշտ, նախապես պոչը կտրելով:

«Սատիրիկոն»,  2003, 23 դեկտեմբերի

[sharify]