ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ…

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Վերջերս նկատել եմ, որ բոլորս սկսել ենք մի տեսակ կցկտուր խոսել` կիսատ բառերով, անավարտ նախադասություններով… Պատճառն այն չէ, որ ազգովին մոռացել ենք  ինչպես հարկն է նախադասություններ կառուցել և այն, որ սկզբում ենթական է, հետո` ստորոգյալը և ապա` ուղիղ խնդիրն ու լրացումները,  պատճառն, ըստ երևույթին, այն է, որ սկսել ենք կես խոսքից իրար հասկանալ: Հաճախ մեկ բառն էլ բավական է, որ պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, էլ ի՞նչ իմաստ ունի երկար-բարակ ճամարտակելը, երբ ամեն ինչ արդեն հասկանալի է: Ահա գրեցի «կարեկցանք» բառն ու գրիչս ցած դրեցի` ենթադրելով, որ ընթերցողների մեծ մասն էլ իր հերթին դադարելու է կարդալ` կարծելով, թե հերթական անգամ իրեն է մատուցվելու ծերանոցների, մանկատների, որբանոցների մասին ևս մի սրտաճմլիկ պատմություն… Մեծամասամբ նկարագրային-մակերեսային, սուր զգացողություններ արթնացնելու մղված այդ ակնարկներն ու դրանց հեղինակներին ծաղրելու կամ մեղադրելու որևէ ցանկություն չունեմ, սակայն վկայեմ, որ դրանք բացարձակապես չեն ծառայել իրենց նպատակին: Այլապես ինչո՞վ բացատրել, որ չնայած կարեկցանք «գովազդող» այդօրինակ հոդվածների առատությանը` Սևանի հետ գրեթե միաժամանակ, բայց Սևանից առավել թափով հենց կարեկցանքն է ցամաքել մեր ժողովրդի մեջ: Եվ եթե Սևանի դեպքում, գրեթե ազգովի արդեն գիտակցելով վերահաս վտանգը, լճի ցամաքեցման դեմն առնելու փորձեր ենք անում պետական մակարդակով, ապա նույնը չի կարելի ասել կարեկցանքի առումով, որի վերացումը միգուցե առավել վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ…

   Ես և, կարծում եմ, շատերը, դա զգացինք հատկապես այս ցրտաշունչ ու ձյունառատ օրերին, երբ գնալով սրվող նախընտրական պայքարն այնքան է շիկացել, նախագահական թեկնածուների, նրանց զինակիցների կոչերն ու կարգախոսներն այնքան սպառնալի են դարձել ու մերկապարանոց, որ ոմանց ելույթներն ու ճառերը լսելիս փշաքաղվում է մարմինդ, որն այս դաժան ցրտերի մեջ, թվում էր, այլևս կորցրել էր փշաքաղվելու և ընդհանրապես կենդանության որևէ այլ նշան ցույց տալու իր ունակությունը: Հանրապետության մթնոլորտը հեղեղված է «ջնջենք»-ներով ու «դեն շպրտենք»-ներով, «դեն նետենք»-ներով ու «ոտի տակ գցենք»-ներով…

   Իսկ թեկնածուներից մեկը, եթե չեմ սխալվում` Ա. Կարապետյանը, որի նկատմամբ ես, հակառակի պես, մինչ այդ խորին համակրանքով էի լցված, նախագահ ընտրվելու դեպքում պարզապես խոստացավ վերականգնել կագեբեն և սկսել զտումները վերևից ներքև` բնականաբար, «ոչ մեկը ձեռքիցս չի պրծնի» մարտակոչով…

   Թեկնածուների ռազմաշունչ ոգին արագորեն փոխանցվեց ժողովրդին, և շատ կարճ ժամանակ անց հնչեցին կրակոցներ, դաշույններ փայլատակեցին, սրընթաց գրոհներ ձեռնարկվեցին ընտրական շտաբների և կենտրոնների վրա:

   Սակայն վերադառնանք զտումներին: Անշուշտ, խոսքը 80-90-ականների բավականին մեղմացված, բարեփոխված պետանվտանգության կոմիտեն վերականգնելու մասին չէր, որը, կարծեմ, չի էլ վերացել, ինչպես որ չի վերացել պետության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը: Հայտնի փաստ է, որ զտումներ անցկացնողը ստալինյան շրջանի մահաշունչ չեկան էր  և ապա էնկավեդեն, որոնցից մնացած թանձր-մռայլ հիշողությունը, ինչպես տեսնում եք, չարագուշակ ուրվականի նման հետապնդում է մեզ նույնիսկ երկար տասնամյակներ անց: Անցյալի դառը փորձը վկայում է, որ զտումներին զուգընթաց անպայման կառաջանա գուլագների, զանգվածային գնդակահարությունների ու զանգվածային թաղումների անհրաժեշտությունը… Սակայն անցյալի դառը փորձը վկայում է նաև, որ զտումների օգնությամբ դեռևս ոչ մի հասարակություն չի առաջադիմել ու մաքրագործվել, որովհետև, ինչպես անառարկելի փաստերն են վկայում, որպես կանոն, զտումների սրի տակ է քաշվել ժողովրդի հենց առաջադեմ, անմեղ ու մաքուր հատվածը: Եվ մի՞թե արդար, բարեկիրթ ու բարեկեցիկ հասարակարգ ստեղծելու ուրիշ ճանապարհներ հայտնի չեն թեկնածուներին, որոնցից շատերի գիտելիքների ու ինտելեկտի բարձր մակարդակը կասկածի տեղիք չի տալիս: Ցավոք, «հականեր» հայտնաբերելու ու տեղում գնդակահարելու կարոտախտը հանգիստ չի տալիս  «արդարությունը վերականգնելու» վրեժով տապակվող մեր հայրենակիցներից ոմանց: Հիշեցնեմ, որ «արդարություն հաստատելու» այդպիսի մեթոդով 30-ական թվականներին բնաջնջեցին հողի իսկական մշակներին, որոնք աշնան վերջին, անկախ այն բանից, թե ինչպիսի ձմեռ է սպասվում, անպայման այգեթաղ էին անում, ինչի շնորհիվ չէին զրկվում իրենց այգիների 70-80 տոկոսից, ինչը տեղի ունեցավ այս ձմռանը հանրապետության այգեթաղ չարված խաղողի այգիների հետ:

   Եվ դա պատահական չէ. մեր հասարակության ճնշող մեծամասնությունը` թե՛ ընտրողները և թե՛ ընտրվողները, կրթվել ու դաստիարակվել են տոտալիտար պետության մեջ, խոսքի ու գործի հակասության պայմաններում, երբ մարդուն փոշիացնելու գործընթացը քողարկվում էր «Մարդն ամենաթանկ կապիտալն է» կարգախոսով: Այդ ահավոր դեմագոգիան պատահական չի ծնվել. տոտալիտար պետությունը բացառում է կոնկրետությունը, հիշենք այդ շրջանի մյուս ամենատարածված կարգախոսը` «անփոխարինելի մարդիկ չկան»: Ի՞նչ է ստացվում` մարդն այնպիսի թանկ կապիտալ է, որին շատ հեշտությամբ կարելի է փոխարինել մեկ ուրիշ թանկ կապիտալո՞վ, որին ևս կարելի է… և այսպես շարունակ: Փոխարինվածը, անշուշտ, վերացվում էր, և թանկ կապիտալը պահ էր տրվում մայր հողին: Միակ բանը, որ կարող էր խանգարել այս բանաձևի հստակ աշխատանքին, մարդկային բնական զգացմունքներն էին և առաջին հերթին` կարեկցանքը, որը և, բնականաբար, պիտի վերացվեր…

    Կասկածից վեր է, որ մեղավորներն ու հանցագործները պիտի պատժվեն, ինչի համար արդար օրենքներ են հարկավոր, սակայն կարեկցանքից զուրկ հասարակությունը չի կարող արդար օրենքներ ստեղծել, շատ պարզ պատճառով` նա առաջնորդվում է բնազդներով. ոչնչացրու ունևոր հարևանիդ և յուրացրու նրա ունեցվածքը, տապալիր իշխանավորին և տիրացիր իշխանությանը…

   Այսպես երկար կշարունակվի, քանի դեռ լրջորեն ու անկեղծորեն չենք մտահոգվել, թե այդ ինչո՞ւ ենք գերադասում գթառատ լինել միայն նրանց նկատմամբ, ովքեր դրա կարիքն այլևս չեն զգում, սիրում ենք միայն նրանց, ում մեր սերն այլևս չի ջերմացնի, փորձում ենք օգնել լոկ նրանց, ում մեր օգնությունն այլևս ոտի չի կանգնեցնի, քաղցր խոսքեր ենք ասում միայն նրանց, ովքեր այլևս մեզ չեն լսում… Անսահման է մեր սերն ու կարեկցանքը մեռյալների նկատմամբ, և անսահման մեռելային է մեր անտարբերությունը ողջերի հանդեպ…

   Ձեռքս չի գնում խոսքիս ավարտին գրելու այն հանրահայտ ասացվածքը, որն այս պահին երևի թե բոլորդ էլ հիշեցիք:

                                                                  «Գրական թերթ», 2003, 14 փետրվարի

[sharify]