20. ԱՆՏԻՊՈԵԶԻԱ` ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Վերջին տարիներին Հայաստանում մեծ ծաղկում ապրող և լայն տարածում գտած անտիպոեզիայի ակունքները պարզելու նպատակով այցելեցի Մաեստրոյին. զրույցը տեղի ունեցավ մեծ գրողի, քաղաքական-հասարակական գործչի վարձով տուն-թանգարանում, մոմի լույսի տակ: Մաեստրոյի լույսերն անջատել էին էլեկտրաէներգիայի վարձավճարը հետևողականորեն չմուծելու պատճառով: Թե ինչու է Մաեստրոն հրաժարվում մուծել էլ. վարձը – կխոսենք հետագայում, հավելենք միայն, որ դա Մաեստրոյի բողոքի նշանն է, և լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ շուտով մեծ գրողը, քաղաքական-հասարակական գործիչն ի լուր աշխարհի հայտարարելու է, որ էլ. վարձը կսկսի մուծել միայն այն դեպքում, եթե Թուրքիան պաշտոնապես ճանաչի հայոց ցեղասպանությունը… Ինչևէ: Այդ խնդիրը թողնելով հետագային, Մաեստրոյին այս անգամ խնդրեցինք կենտրոնանալ հանրապետության և հարակից շրջանների աշխատավորությանը հուզող կարևորագույն խնդրի վրա՝ ինչու հանկարծ մեր հանրապետությունում ծաղկում ապրեց անտիպոեզիան, որոնք են պատճառները և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ մեր առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հանրապետության՝ հատկապես էկոլոգիայի և սանիտարական վիճակի վրա:

– Այդ թեմայի շուրջ օրերս զրուցել եմ առողջապահության նախարարի հետ,- ժպտաց Մաեստրոն,- նա ինձ վստահեցրեց, որ չնայած մեծ աղմուկին, այնուհանդերձ, տագնապելու առիթ չկա, չէ՞ որ ժամանակին կարողացել ենք արմատախիլ անել ոչ պակաս վտանգավոր քութեշը, ծաղիկը, կարմրուկը, խոզուկը… այնպես որ այս մի զուլումի դեմն էլ կառնենք… Նախարարն ինձ տեղեկացրեց, որ շատ շուտով պատվաստումներ են անցկացնելու ինչպես գրողների, այնպես էլ ընթերցողների շրջանում: Այսքանը նախարարի հետ ունեցածս զրույցից, իսկ իմ ներանձնական խոհերն ու մտածումներն այդ կապակցությամբ գրի եմ առել չափածո և այսուհետև հատվածաբար կներկայացնեմ ընթերցողներին:

 

ՄԱԵՍՏՐՈ

ԱՆՏԻՊՈԵԶՈԶՈՒՌՆԱ

Աննկատ անցան օրերն աննման,

երբ գրելն հեշտ էր, խնդուն ու դյուրին,

երկու անտի կար, թե՞ երեք այնժամ.-

անտիլոպն էր, մեկ,- և անտիդյուրինգ…

 

Ջանիկ ասում էինք ու լսում՝ ջանիկ,

երգում էինք սովխոզ, կոլխոզ ու Մոսկով,

սոցիալիստական կյանքը երջանիկ,

անցավ աննկատ, կորավ մի խոսքով:

 

Հիմա անտի է ամեն ինչ մեզ մոտ,

անտիբյուջե է, անտիպառլամենտ,

անտիթոշակ է ու անտիամոթ,

անտիջեռուցում, անտիիմպիչմենթ,

 

Անտիխոստումներ՝ գիշեր ու ցերեկ,

անտիպոնչիկ է իմ խեղճ զակուսկին,

անտիհոնորար՝ մի քանի կոպեկ,

որպես վարձ վսեմ իմ տասապանքի:

 

Թափառում եմ այս անտիքաղաքում,

ես անտիհարբած մի անտիոչինչ,

ի՞նչ պիտի գրեի այս անտիկյանքում՝

անտիպոեզիա – բա ուրիշ էլ ի՞նչ…

 

Եվ ես փչեցի իմ անտիզուռնեն,

Անտիպոեզիաս՝ քուչեքում թափով,

Ավա՜ղ, պուկ եկած փախան դեսուդեն,

Գյոզալ, վարդ, սոխակ՝ անհուն սարսափով…

[sharify]