(Պատմում է Մաեստրոն մեր սեփ. թղթակցին)
Բարձրաստիճան հոգևորականության վերին շրջանակները ելումուտ անող ընկերներիցս մեկից ես արդեն տեղյակ էի, որ Եվրոխորհրդի ինչ-որ մի պատվիրակության քողի տակ հանրապետություն է ժամանել Նոյ Նահապետի գլխավորած հանձնաժողովը, որը տեղի իշխանությունների հետ հույժ գաղտնի քննարկելու է նախաջրհեղեղյան իրադրության և տապանի կառուցման հետ կապված ինչ-ինչ խնդիրներ: Իմանալը՝ իմանալ, բայց ես ինքս ինձ թույլ չէի տալիս անգամ երազել, որ երբևէ հնարավորություն կունենամ նրան այդպես դեմառդեմ հանդիպելու, այն էլ այսպիսի մարդաշատ վայրում՝ լիովին մերկ ու նույնքան էլ մատչելի… Սուսուփուս մոտեցա և նստեցի կողքին, և քիչ անց միայն նրան լսելի ձայնով շշնջացի.
– Պարոն Նահապետ, ես ձեզ ճանաչեցի:
Ծերունին, որ դեմքը խոհեմաբար թաքցրել էր թերթով, նույնքան կամացուկ թերթի տակից հարցրեց.
– Ես էլ քեզ ճանաչեցի, Մաեստրո: Դու ինձ էն ասա, Նազարի թոռներից չե՞ս:
– Ի՞նչ Նազար, հարցրի խուճապահար ու կարմրած:
– Քաջ Նազար, էլ ի՞նչ Նազար: Ես նրա մասին շատ բարձր կարծիքի եմ, էնպես որ, ինձ հետ կարող ես լիովին անկեղծ լինել: Դո՞ւ էլ ես նախապապիդ նման մին զարկում, ջարդում հազար…
– Չէ, ես հիմա գրականությամբ, հասարակական-քաղաքական գործունեությամբ եմ զբաղված, հիմա մին զարկող և հազար ջարդողներ շատ կան, դրա համար էլ վերամասնագիտացել եմ այլ ասպարեզների մեջ:
– Լավ, ինձ ասա, ինչի՞ց իմացար, որ ես Նոյն եմ,- հարցրեց Նոյը, խորամանկ ժպիտը թաքցնելով մորուքի մեջ:
– Կրծքիդ դաջվածքից,- ծերունու լայնածավալ կրծքի երկայքնով դաջված էր «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ»…
– Իսկ գիտե՞ս՝ ում խոսքերն են,- թերթի տակից շարունակեց հարցաքննել արդեն բացահայտված Նոյը:
– Իհարկե, գիտեմ,- շշնջացի ինքնագոհ,- ձեզ այդպես է կոչել Պետրոս Առաքյալը…
– Շատ ապրես, ուրեմն Աստվածաշունչ կարդացել ես,- Նոյի ձայնից զգացվեց, որ ինքնասիրությունը շոյված է, հետևաբար՝ գործս կարող է հաջող ընթացք ունենալ:- Ասա՝ տեսնեմ ինչ ես ուզում, բացառության կարգով կզրուցեմ հետդ…
– Խնդրելու եմ մի քանի հարցի պատասխանեք,- ուրախացած վրա տվեցի:- Նախ խնդրում եմ՝ պատասխանեք. այս ջրաշխարհը որևէ կապ ունի՞ առաջիկա ջրհեղեղի հետ…
– Չէ, ջանըմ, մի երկու դույլ ջուր են լցրել տաշտի մեջ, չփչփացնում են… Բայց հիմնական տարբերությունը, Նազարի թոռ ջան, սկզբունքային է, ջրհեղեղը մեղավորներին պատժելու համար է, իսկ ջրաշխարհը և նմանօրինակ զվարճավայրերը նախատեսված են մեղավորների հանգիստը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով: Չէ՞ որ մեծ գումար պիտի մուծես ներս մտնելու համար, թոշակառուի մի ամսվա թոշակի չափ, իսկ այդպիսի գումարից հեշտությամբ կարող են բաժանվել միայն մեղավորները՝ կաշառակերները, գողերն ու ավազակները…
– Բայց սիրելի Նոյ, մեծարգո Նահապետ, – ձայնս հուզմունքից սկսեց դողալ,- մի՞թե այսքան շատ մեղավոր կա մեր փոքրիկ հանրապետությունում, տեսեք, ջրաշխարհն առավոտից իրիկուն լեփ-լեցուն է հաճախորդներով:
– Ճիշտ է, այդքան շատ մեղավոր ու փողատեր ձեր փոքրիկ հանրապետությունում իրոք չկա, այնպես որ, ջրաշխարհի մարդաշատության պատճառը պիտի ուրիշ տեղ փնտրել: – Այլևս անիմաստ համարելով դեմքը ծածկելը, Նոյը մի կողմ դրեց թերթը և ինքն էլ նստեց: – Ուրեմն լսիր. ջրաշխարհի տերերը, ինչպես գիտեք, օտարերկրացիներ են՝ իսպանացիներ, նրանք էլ միամտաբար մուտքը ձրի են հայտարարել մինչև 90 սանտիմետր բոյ ունեցողների համար, ենթադրելով, որ դրանք երեխաներ պիտի լինեն: Իսկ ինչպես մեզ հայտնի է, հայ ժողովրդի միջին բոյը…- Նոյը հանկարծակի ընդհատեց խոսքը և շրջվելով ինձ՝ կարգադրեց.- Հապա կանգնիր, տեսնեմ: – Գլխի ընկնելով, թե Նոյն ինչ է ուզում ստուգել, ամոթից կարմրատակած դեսուդեն նայելով, դանդաղ ոտքի կանգնեցի: Նոյն ուշադիր զննեց ինձ ոտից- գլուխ և ապա կարգադրեց. -Լավ, նստիր: Ուրեմն, ինչպես նորից համոզվեցինք, հայ ժողովրդի միջին բոյը 80 սանտիմետր է, այնպես որ 90 սանտիմետրը բարձրահասակ է համարվում…Հո չնեղացա՞ր… Այ տղա, դու բոյով-բուսաթով մարդ ես, պարզ երևում է, որ բոյդ նույնիսկ 90-ից էլ է անց…
– Չէ, չնեղացա,- խզված ձայնով մի կերպ արտաբերեցի բառերը: -Լավ, ի՞նչ էիք ուզում ասել, միտքդ կիսատ մնաց:
– Ասելիքս այն է,- ժպտալով շարունակեց Նոյը,- որ իսպանացիները շուտով տակով կտան՝ հայ ժողովուրդը մեծից փոքր ձրի լողանում է…
– Լավ, պարոն Նահապետ, վերադառնանք ջրհեղեղին. ինչո՞ւ է ուշանում Տիրոջ խոստումը, ի վերջո, ե՞րբ է սկսվելու երկրորդ համաշխարհային ջրհեղեղը: Մենք արդեն վարժվել ենք մեր իշխանավորների անկատար խոստումներին, մի՞թե սկսենք նաև Տիրոջ խոստումների վրա կասկածել…
– Ձայնդ կտրիր,- սաստեց Նոյը, հետո մեղմանալով՝ շարունակեց,- Այ բալամ, ի՞նչ ջրհեղեղ, ի ˜նչ բան: Տո՛, էս մունդռիկները ջո՞ւր են թողել, որ ջրհեղեղ սարքենք… Դեսից-դենից մի քիչ պահուստային ջուր էինք հավաքել այդ նպատակի համար… Բա կարծում ես այսքան ծախս արել, հանձնաժողով հավաքել, ինչո՞ւ ենք եկել-հասել այստեղ… Մի խոսքով, գնացինք ստուգելու, տեսնենք ի՞նչ…
– Ի՞նչ,- չհամբերեցի ես:
– Ասել էի, թե ինչ… Մի բուռ ջուր էլ չէին թողել, որ մորուքս թրջեմ…
– Երևի գոլորշիացել էր…
– Միամիտ բաներ մի խոսիր, այ տղա… Աստվածաշունչ կարդացած մարդ ես, քեզ սազո՞ւմ է այդպիսի պարզունակ բաներ ասել… Միացրել են էն եր անտեր հիդրոկասկադներին և գիշերները լևի լույս են ստացել, լևի լույսն էլ, պարզ է, լևի ճանապարհով ծախել են… Մեղք են գործել, մեծ մեղք:
– Բա տակին հեչ ջուր չի՞ մնացել:
– Ինչ էլ որ մնացել էր, երաշտը պատճառ բռնելով, կապել են իրենց բոստաններին… Հետո էլ, հապա չորս կողմդ նայիր՝ ամեն քայլափոխին ավտոլվացման կետեր են բացել, մի հարցնող լինի, թե այդ ի՞նչ ջրերով են լվանում…
– Ուզում եք ասել, – անհուսությունից նվաղած ձայնով հարցրի ես,- ուզում եք ասել, որ ջրհեղեղից հույսներս կտրե՞նք…
– Հա, կտրեք…- չոր պատասխանեց Նոյը:
– Ուրեմն այս մեղավորները, գողերն ու ավազակները, մարդասպաններն ու թալանչիները պիտի անպատիժ ֆռֆռա՞ն…
– Չեն ֆռֆռա,- գոհունակությամբ մորուքը սղալելով խոսեց Նոյը,- ուրիշ, առավել արդյունավետ պատիժ եմ հորինել, իհարկե, Տիրոջ հետ խորհրդակցելով…
– Ի՞նչ պատիժ…
– Չեմ կարող ասել: Մեծ գաղտնիք է:- Նայելով վշտահար դեմքիս փափկեց: – Լավ, կասեմ, միայն եթե երդվես, որ ոչ մեկին չես ասելու:
– Երդվում եմ,- հուզմունքից ձայնս կտրվեց:
– Ուրեմն երբ տեսանք, որ ջրհեղեղն օբյեկտիվ պատճառներով ձախողվում է, որոշեցինք քո ասած մեղավորներին վառել… պարզապես հրո ճարակ դարձնել… Բայց ստուգումները ցույց տվեցին, որ դա էլ հնարավոր չէ՝ մազութն ու նավթն էլ են յուրացրել ու կերել…
– Ի ˜նչ եք ասում,- անկեղծորեն զարմացա ես:
– Միամիտ մի ձևացիր, ձեր թերթերն առավոտից-իրիկուն այդ էին խոսում… Մի խոսքով, տեսանք, որ ուրիշ ճար չկա, ստիպված եղանք անցնել երրորդ տարբերակին. որոշեցինք դիմել համաշխարհային բանկին տապան կառուցելու համար անտոկոս վարկ խնդրելու նպատակով, առանց այդ վարկի յոլա գնալ չենք կարող, որովհետև խոսքը շատ մեծ չափերի տապանի մասին է… Ու գիտե՞ս ինչն է հետաքրքիրը, քիչ էր մնում այս մի գործն էլ ձախողեինք, որովհետև պարզվեց, որ ձերոնք հենց նույն այդ բանկից այնքան վարկ են վերցրել, որ ձեր հանրապետության յուրաքանչյուր բնակիչ, նորածիններն էլ հետը, վերոհիշյալ բանկին պարտք է 400 դոլար… Խնդիրն այնքան է սրված, սա մի այնպիսի ծանր բեռ է ձեր ներկա ու գալիք բնակչության ուսերին, որ… դուք մի շատ լավ գրող ունեիք, որ գրել էր. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը… »:
– Հասկացա ում մասին է խոսքը՝ նշանավոր «Վերք Հայաստան»-ի հեղինակ Խաչատուր Աբովյանի…
– Հա, ուրեմն վարկային բեռն այնքան ծանր է ձեր ներկա ու գալիք բնակչության ուսերին, որ ձեր այդ Խաչատուր Աբովյանը, եթե հիմա ապրեր, ոչ թե «Վերք Հայաստանի», այլ «Վարկ Հայաստանի» պիտի գրեր…,- չափազանց գոհ իր սրամտությունից, Նոյը երկար ու մանրամասն ծիծաղեց: Նրան չվիրավորելու համար ես էլ ծիծաղեցի:
– Դե, հետո,- ծիծաղն ընդհատելով շարունակեց Նոյը,- Տիրոջ ամենակարող միջամտությամբ վարկի հարցը կարգավորեցինք և հիմա սկսել ենք տապանի շինարարությունը: Մեծ տապան է լինելու, շատ մեծ…
– Իսկ ինչո՞ւ այդքան մեծ,- զարմանքս չթաքցրի ես:
– Ինքդ հաշվիր՝ Ազգային ժողովն իր բոլոր պատգամավորներով, աշխատակազմով պիտի տեղավորե՞ս… Բոլոր նախարարներին,իրենց տեղակալներով, քարտուղարուհիներով, ծանոթ-բարեկամներով պիտի տեղավորե՞ս… Ի միջիայլոց, բոլոր դիմումներն ու կոլեկտիվ հայտերն առանձին-առանձին քննարկում ենք, հետո ենք թույլտվություն տալիս… Նշեմ նաև, որ չնչին տոկոսն է պետպատվերով, մեծ մասը, գրեթե բոլոր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները ներառյալ, տապանում մնալու, սնվելու բոլոր ծախսերը վերցրել են իրենց վրա…
– Էլ ի՞նչ արդար հոգիներ եք փրկելու ձեր տապանում,- հեգնանքս չկարողացա թաքցնել ես:
– Մեծահարուստներին, օլիգարխներին, բանկիրներին, բիզնեսմեններին, մեծ ու փոքր կաշառակերներին, թալանչիներին… – ժպիտը դեմքին թվարկում էր Նոյը:
– Բա լա ˜վ, պարոն Նոյ, պարոն արդարության ջատագով,- զայրույթս չկարողանալով զսպել, գրեթե գոռացի ես: – Գոնե մի արդար մարդ չե՞ք վերցնելու ձեզ հետ…
– Իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես լինելու եմ տապանում… Ամենամեծ գաղտնիքն էլ հենց այն է, որ ոչ ես և ոչ էլ մյուս բոլոր արդար մարդիկ տապան չեն մտնելու… Նրանք մնալու են և փրկվելու են այս հողի վրա…
– Այսի՞նքն… – համառորեն շարունակում էի չհասկանալ ես:
– Էլ ինչ այսինքն… Տապանը կբարձրանա երկինք Տիրոջ կամքով և կհամալրի երկրագնդի շուրջ պտտվող արբանյակների շարքը:
– Ինչքա՞ն:
– Ընդմիշտ: – Նոյը նորից պառկեց և թերթով ծածկեց դեմքը, հասկացնելով, որ զրույցն ավարտված է:
…Չեմ կարծում, որ խախտում եմ Նոյին տված երդումս՝ հրապարակելով այս հարցազրույցը: Բանն այն է, որ իմ հավաստի տվյալներով տապանի ապագա բնակիչ-ուղևորներից և ոչ մեկը թերթ չի կարդում… Իսկ նրանք, ովքեր կարդում են, վստահ եմ, որ ելնելով իրենց շահերից, կլռեն: