Ինչպես արդեն տեղեկացրել է հայ և համաշխարհային մամուլը, մի խումբ հայ գիտնականներ, որոնց հայ լինելը հասկանալի պատճառներով առայժմ գաղտնի է պահվում, հայտնաբերել են անցյալ և ապագա ժամանակային տեղափոխություն կատարելու գյուտը՝ ֆանտաստիկը դարձնելով իրական: Ժամանակի առումով դեպի ապագա ուղևորությունն առայժմ առանձնապես մեծ չէ՝ շուրջ 25 տարի: Դրա փոխարեն անսահմանափակ է անցյալ կատարվող ուղևորության ժամանակաչափը. կարելի է հասնել մինչև նախնադար, ցանկության դեպքում՝ առավել վաղ ժամանակներ: Օգտվելով մեր խմբագրությանը տրված հնարավորությունից, որոշեցինք Մաեստրոյին գործուղել նախնադար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ստեղծագործությունների հիմնական թեման, եթե ձևակերպելու լինենք երկու խոսքով դա՝ մարդկայինն է նախամարդու մեջ: Եվ հետո, ուրիշ էլ որտեղ, եթե ոչ նախնադարում, գրողը կկարողանա նախամարդկանց մեջ ճանաչել իր հերոսների նախատիպերին, սերտորեն առնչվել մեր պապերին ու ապուպապերին՝ բարձրանալով ծառերն ու անմիջական զրույցի բռնվելով նրանց հետ: Անցել են օրեր, Մաեստրոն վերադարձել է գործուղումից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հակիրճ հաշվետվությունը: Հաջորդ հաշվետվությունը կլինի նրա ապագա գործուղումից հետո:
ՄԱԵՍՏՐՈ
Տեղ հասնելուն պես ընկա հուսալքման մեջ – մտածում էի՝ ես, հռչակավոր Մաեստրոս, որը մեր քննադատության կարծիքով մեծ հույսեր է ներշնչում և ածխաթթու գազ արտաշնչում, ինչի՞ եմ տուն ու տեղ թողած եկել-ընկել էս կիսավայրենի հասարակության մեջ, ա՛յ մարդ, ի՞նչ կիսավայրենի, լրիվ վայրենի, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, չնայելով ո՛չ դեմքերին, և ո՛չ էլ դիրքերին, այսինքն՝ նայելու բան էլ չկար՝ քամակները բաց, առաջները բաց, ոչ խոսք են հասկանում, ոչ լեզու:
Ինչևէ, մեկին բռնեցի, մի կերպ հասկացրի, որ գրող եմ, եկել եմ իրենց ուսումնասիրելու, և լավ կլիներ ծանոթացնեին արտադրության, մանր միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ… Չերկարացնեմ. պարզվեց, որ ո՛չ արտադրություն կա, ո՛չ էլ մար ու միջին բիզնես…
Իսկ տրանսպորտի վիճակը ո՞նց է, հարցնում եմ, ձայնագրիչս պատրաստ պահած. բացատրեց, որ սովի տարի է եղել, տրանսպորտը լրիվ կերել են, մեկն է մնացել, մի հիվանդ ջորի՝ զզվել, չեն կերել…
Իսկ, ասում եմ, ընտանիքներում հարաբերությունները ո՞նց են, բարքերը պիտի որ նահապետական լինեն՝ պապ, թոռ, հայր, տղա, կին, երեխա, սեր, պատիվ, հարգանք, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, ուրիշի հավին քշա չեն անում… Չէ,էդ մեկը չէ,- ասաց հարգանք-պատիվ, ամեն ինչ կա, ամեն թոռ իր պապին է ուտում, ուրիշի պապի խաթրին կպնող չկա, էդ հարցում շատ նահապետական ենք…
Տես է, դառնությամբ խորհեցի ես, հարաբերությունների ի՜նչ գեղեցիկ ներդաշնակություն է եղել՝ ամեն թոռ՝ իր պապին… Ի՜նչ սքանչելի ավանդներ ենք կորցրել… և սիրտս ցավից կծկվեց:
Խոտերի մեջ պառկած զրուցում ենք էսպես, սերտորեն առնչվում եմ նախնադարի հոգսերին ու ցավերին…
Բա տառերի հարցը ո՞նց է, հանկարծ հիշելով հարցրի, հնարե՞լ եք, թե՞ էլի խզբզում եք քարերի վրա: Չէ, ժամանակ չեղավ,- ասաց զրուցակիցս,- լեզվի ինստիտուտ ունեինք՝ փակվեց, լեզվաբաններին էլ… դե, սովի տարի էր…
Լավ չեղավ, մտածեցի՝ հետզհետե մռայլվելով, ոչ արտադրություն կա, ոչ բիզնես, ոչ խմբագրություն, ոչ հյուրանոց, բա ես իմ գործուղման թերթիկը որտե՞ղ եմ կնքելու: Այսպես որ ես վերադառնամ, մեր հաշվապահն էլ ինձ կուտի: Հաստատ կուտի, սարսափով համոզվեցի, հիշելով նրա խոժոռ հայացքն ու սուր-սուր ատամները:
Գրող է՞լ չունեք,- վերջին հույսով հարցնում եմ,- սկսնակ, անվանի… Ունեինք,- ծոծրակը քորելով ծոր տվեց զրուցակիցս,- դրանց էլ քննադատները կերան, ասացի, չէ՞, որ սովի տարի էր…
-Երիտասարդների՞ն էլ,- տեղիցս վեր թռա…
-Հա,- գլուխն ամոթահար կախեց զրուցակիցս:
Այստեղ արդեն չդիմացա.
-Տո, բա դուք նամուս ունե՞ք,- արյունը գլխիս էր տվել, ձենս գլուխս էի գցել,- էս ի՞նչ վիճակ է, նախնադար՝ հասկացանք, բայց էսքան է՞լ նախնադար, բա մարդն էլ ջահել գրողին ուտի՞, տո, դուք գիտե՞ք, թե ինչ եք կերել, մեր գրականության գալիք օրն եք կերել, մեր գրականության զարգացման հեռանկարն եք կերել, ես ձեր շատակեր ծնողը… Մենք էստեղ որոշումենր ենք ընդունում, փառատոններ ենք կազմակերպում, մրցանակներ ենք տալիս, իսկ դուք բռնում ուտում ե՞ք… Ես ձեր չփլաղ հերն եմ անիծել…
Կատաղությունից գլուխս կորցրած՝ չեմ էլ հասկացել, թե ոնց եմ ետ եկել, ինչով եմ ետ եկել:
Մի բան պարզ դարձավ, ինչու մեր գրականությունը տեղից չի շարժվում: