Մաեստրոյին հասած հավաստի տվյալներով հաջողությամբ է ավարտվել Վերին Չեմբեռլեն գյուղի ավագանու և գյուղապետի անմիջական ղեկավարությամբ կազմակերպված «Աղքատության դեմ պայքարի» տասնօրյակը, որին դիտորդի կարգավիճակով հրավիրված էին ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի, Կապույտ Մահիկի և այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև արտասահմանյան դեսպանատների ներկայացուցիչներ: Տասնօրյակի ընթացքում Վերին Չեմբեռլեն գյուղում և նրա մերձակայքում աղքատներ և աղքատություն հայտնաբերելու դիտորդների և հսկիչների բոլոր փորձերն ապարդյուն են անցել և, ընդհանրապես, ապարդյուն են անցել գյուղապետի շց և ավագանուց զատ որևէ կենդանի շունչ գյուղում հայտնաբերելու բոլոր որոնումները:
Եվ միայն դիտորդների և հսկիչների հեռանալուց հետո ավագանու հետ քեֆի նստած գյուղապետը երկու-երեք բաժակից հետո խիստ անկեղծանալով լրագրողներին բացատրեց աղքատների դեմ պայքարի իր մեթոդները.
-Բոլորին ռադ եմ արել,- ահռելի բռունցքը սեղանին խփելով ասաց գյուղապետը:- Չուլ ու փալասները տվել եմ շալակներն ու հանել եմ գյուղից, հետն էլ զգուշացրել, որ տասը օրից մի րոպե շուտ աչքիս երևացին, բոլորին կգյուլլեմ…