«Սիրելի խմբագրություն,- գրված էր նամակում,- վերջերս մեր ամբողջ հանրապետությունը մեծ խանդավառությամբ և մեկ մարդու նման նշեց Սահմանադրության օրը, որը Տերընդեզից հետո մեր ամենաժողովրդական տոներից մեկն է: Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ միակ մարդը (այն էլ ի՜նչ մարդ ), որ անհաղորդ մնաց այդ տոնակատարության նկատմամբ, Մաեստրոն էր: Մեզ հասած և չճշտված տվյալներով մեծ գրողն ու քաղաքական-հասարակական գործիչն այս օրերին տառապում է իշիազով, և դա է եղել նրա անտարբերության հիմնական պատճառը: Խնդրում ենք շտապ արձագանքել, թե ինչքնով են ստույգ մեր տեղեկությունները:
Մի խումբ խիստ մտահոգ ընթերցողներ՝ Սուրմալուից»:
Նամակը Մաեստրոյին հանձնելու համար երկար ժամանակ չպահանջվեց՝ նա ինչպես միշտ, իր սիրելի վայրում էր – Կոմիտասի շուկայի մերձակա բարեգործական ճաշարանում, և մեր թղթակիցը նրան գտավ ետճաշյա կոմպոտը վայելելիս: Ծանոթանալով նամակին, Մաեստրոն միանգամից լրջացավ.
-Ինչպիսի՜ զուգադիպություն,- բացականչեց նա,- ես, որ այս տարիներին ուսումնասիրում եմ անցյալ հազարամյակի մեր գրականության երախտավորներից մեկի՝ իմ հայրենակից Հովհաննես Գրիգորյանի արխիվը, բոլորովին վերջերս այնտեղ գտա մի ձեռագիր, որը վկայում է, որ դեռևս անցյալ հազարամյակի հատկապես վերջին հարյուրամյակում, մեր մտածողները մեծ կարևորություն են տվել Սահմանադրությանը և իրենց վերաբերմունքն են արտահայտել իրավական այդ կարևոր փաստաթղթի նկատմամբ: Ստորև ներկայացնում եմ Հովհ. Գրիգորյանի արխիվից հայտնաբերածս ձեռագիրը, որը, չեմ կասկածում, մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր իրավաբանների, պատմաբանների, աղբյուրագետների և սովորական ընթերցողների շրջանում: Հենց սա էլ կլինի իմ ներդրումը Սահմանադրության օրվա տոնին և իմ ողջույնը Սուրմալվա ընթերցողներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ես՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Գրիգորյանս
իրավունք ունեմ պետական գործիչների հետ
միասին արթնանալ վաղ առավոտյան,
վստահ, որ իշխանություններն արել են ամեն ինչ,
որպեսզի արևը ծագի արևելքից,
ամպերը շարժվեն քամուն համընթաց,
և թռչունները երգեն պատուհանիս տակ
նույն երգը, որի երաժշտությունն ու տեքստը
հաստատվել են համաժողովրդական հանրաքվեով…
- Ես իրավունք ունեմ շրջելու քաղաքի բոլոր
փողոցներով, առավելխրախուսելի տարբերակը
ոտքովն է, բայց ես իրավունք ունեմ
բոլոր նրանց մասին, ովքեր շրջում են մերսեդեսներով,
BMW-ներով և զանազան այլ ջիփերով,
ազատորեն արտահայտել կարծիքս մտովի,
թեև առավել տարածված տարբերակը
բարձրաձայն հայհոյելն է…
- Ես իրավունք ունեմ ազատորեն նայելու
ռեստորանների, բարերի,
կազինոների պատուհաններից
ներս, հիանալու նրանց ինտերյերով,
կահույքով, վարագույրի արանքից հետևելու,
թե ինչպես է զվարճանում
քաղաքական ու տնտեսական էլիտան,
իսկ երբ նրանք ևս, օգտվելով սահմանադրությամբ
իրենց ընձեռված իրավունքից,
ինձ հեռու քշեն թիկնապահների օգնությամբ,
ես իրավունք ունեմ ներկայացնելու իմ
վերաբերմունքը գոռգոռոցով, թեև առավել
ընդունելի տարբերակը գլխահակ հեռանալն է…
- Վստահ եմ, որ պետությունն ապահովելու է
իմ ծերանալու իրավունքը,
և վստահ եմ, որ կյանքիս վերջին օրերը
ապահով կանցկացնեմ նրա հովանավորած
ծերանոցներից որևէ մեկում,
և վստահ եմ, որ ինձ իրավունք է
վերապահված ծերանոցի անծայրածիր
բակի ետնախորշերից մեկում թաղվել,
երբ գա ժամանակը օգտվելու իմ ամենակարևոր
իրավունքից – ընտություն կատարելու՝
ապրել, թե մեռնել,
և ես անշուշտ կընտրեմ մեռնելը,
թեև առավել տարածված տարբերակը
սատկելն է…