6. ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 «Հայոց նորանկախ պետականությունը փրկենք սահմանադրական բարեփոխումներով»- սա է մեր օրերի կարգախոսը: Այս կարևոր գործին է նվիրված պատմաբան և իրավագետ Ան. Դադարյանի նոր մենագրությունը, որը ներկայացնում է հակասական բնավորության տեր, համարձակ մտահղացումներով աչքի ընկած միապետ Նազար Բ թագավորի կյանքն ու գործունեությունը: Մենագրության գլխավոր արժանիքը գրքի ծավալուն առաջաբանն է, որի հեղինակը հենց ինքը՝ արքայական տոհմի վերջին շառավիղն է: Առաջաբանը, որը կարդալուց հետո Ընթերցողին խորհուրդ կտայինք գիրքն այլևս չկարդալ, յուրօրինակ ինքնուսուցման ձեռնարկ է՝ հասցեագրված մեր երկրի բոլոր չափահաս բնակիչներին, որոնցից շատերն անգործության պատճառով լծվել են սահմանադրություններ հորինելու կարևոր գործին: Հրապարակում ենք վերոհիշյալ առաջաբանը՝ հեղինակային աննշան կրճատումներով:

 

Ըստ պատմաբան-իրավագետի, Նազար Բ-ն, որը մեզանում առավելապես հայտնի է Քաջ մականունով, առանձնանում է վառ ընդգծված ժողովրդավարությամբ, ինչը հատկապես լավ է երևում բռնապետի և նրա հավատարիմ ավանակի անմիջական, մարդկային ջերմ հարաբերությունների ֆոնին: Գիտնականի վկայությամբ, թագավորն իր կյանքի դժվարին ու ծանր պահերին հաճախակի է հաղորդակցվել վերջինիս հետ, օգտվել նրա իմաստուն խորհուրդներից: Ան. Դադարյանը համոզված է, որ դեռևս հազարամյակներ առաջ միապետը կարողացել է որսալ գալիք ժամանակների առաջադիմական գաղափարներն ու արձագանքել դրանց: Սրա պայծառ վկայությունն է, որ Նազար Բ-ն միապետ է դարձել ընտրություններով: Անհիշելի ժամանակներից մեզ է հասել նրա նախընտրական կարգախոսը. «Քաջ Նազար, որ մին զարկի, ջարդի հազար…»: Գիտնականը սենսացիոն հայտնագործություն է անում, կոնկրետ նյութի հենքի վրա ապացուցելով, որ հայ ժողովուրդը հանրապետություն է ունեցել առաջին, երկրորդ, ինչպես նաև երրորդ հանրապետություններից և նույնիսկ Համմուրաբիի հռչակավոր օրենսգրքից շատ առաջ, և որն ամենակարևորն է, այդ սահմանադրության մեջ նշմարվում են ժողովրդավարության նախահիմքերը: Գիտնականն ընդգծում է, որ Նազար Բ-ն սույն սահմանադրության նախաբանում նախանշել է ոչ այլ ինչ, քան համատիեզերական ընդգրկման իրավական ակտեր: Ահա «Արևն ելնի արևելքից և մայր մտնի արևմուտքում»: Այսինքն բոլոր օրենքները միանշանակորեն ընդունելի են թե՛ միապետի և թե՛ հասարակ ժողովրդի համար՝ ինչը մի քայլ առաջ է Համմուրաբիից:

Գրեթե նույն սկզբունքով է առաջնորդվել միապետը մարդու իրավունքներն արձանագրող ենթաբաժնում. «Մարդիկ ծնվեն ու մեռնեն»: Նազար Բ-ն, ինչպես տեսնում եք, ձգտել է չմանրանալ, միապետն այս սկզբունքին անդավաճան է սահմանադրության նաև այն ենթաբաժնում, ուր սահմանված են անհատի և պետության դատաիրավական հարաբերությունները. «Քարվան կտրել և գողություն անել միայն լուսնյակ գիշերներին»- ավելի հստակ դժվար է ձևակերպել:

Առանձնահատուկ կանգ առնելով սահմանադրության վերջին՝ չորրորդ գլխի վերջին հոդվածի վրա, այն է՝ «Թալանները լավ կպահեք»- գիտնականը ցնցող եզրակացության է հանգում: Նա ապացուցում է, որ Նազար Բ-ն առաջ ընկնելով իր ժամանակներից, մեր ժողովրդի պետականության ապագան տեսել է շուկայական հարաբերությունների կայացման մեջ: Նա կարծես գուշակել է, թե կոնկրետ ովքեր են գալու իշխանության.- այլապես որտեղի՞ց «թալան» բառն ու դրա հասկացությունը սահմանադրության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի հանձնաժողովի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում սահմանադրության այն ենթաբաժնի վրա, ուր հաստատագրված են հարևան պետությունների հետ վիճելի խնդիրների կարգավորման Նազար Բ-ի սկզբունքներն ու նրա խաղաղասիրական ձգտումները. «Նազարն այլևս կռիվ գնացող չի»- սա, բացի մեր թագավորի խաղաղասիրությունը վկայելուց, խոսում է նաև դեռևս այն ժամանակներում մեր բանակի կայացման մասին, ինչի շնորհիվ է, որ անձամբ Նազար Բ-ի կռիվ գնալը կորցրել է իր հրատապությունը և դարձել լիովին ավելորդ…

 

 

 

[sharify]