29. Ո՞ՒՄ ՄԻԱՑՆԵՆՔ, ԲԱԲՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 Վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, ավարտած համարելով իրենց գործունեությունը քաղաքականության ասպարեզում, լիովին նվիրվել են լեզվի և կրթության խնդիրներին: Մեկն առաջարկում է հանրապետությունը նորից լցնել ռուսական դպրոցներով, իսկ մյուսը՝ թևերը քշտած խառնվել է հին ու նոր ուղղագրությունների պայքարին: Ահա այս խնդրին է անդրադառնում գրականագետ Ան. Դադարյանը իր նոր աշխատությամբ, որը հրապարակել է Մաեստրոյի խիստ արժեքավոր առաջաբանով: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հատված այդ առաջաբանից:

ՄԱԵՍՏՐՈ

ՕՐՀՆՎԻ ԷՆ ՍՀԱԹԸ…

«Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»,- ավանդել է մեզ մեծ բանաստեղծն իր ակրոստիքոսով: Որոշ քաղաքական գործիչների խորին համոզմամբ այս ակրոստիքոսը կրճատված է: Եվ այդ աններելի հանցանքի մեջ նրանք մեղադրում են որոշ վայ-ազգասերների, որոնք իբր դիտավորյալ աղավաղել են մեծ բանաստեղծի իմաստուն միտքը՝ ջնջելով նախադասության մեջ մի քանի չափազանց կարևոր բառ: Երկարատև և համառ ջանքերից հետո Ան. Դադարյանին հաջողվել է վերծանել ջնջված բառերը, ինչի շնորհիվ մեծ բանաստեղծի իմաստուն միտքն ստացել է առավել իմաստուն և ավարտուն տեսք: Ահա այն՝ «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է՝ Բելառուս-Ռուսաստան դաշնության հետ»: Ընդամենը մի քանի բառ, որոնք վկայում են, թե ինչքա՜ն հեռատես ու խորատես է եղել մեծ մտածողը՝ ժամանակների խորքից կարողանալով ճիշտ ուղի նախանշել մեր հետագա ընթացքի համար: Տեղեկացնենք նաև, որ ակրոստիքոսի վերծանումը դեռևս լիովին ավարտված չէ, գրականագետին առայժմ հաջողվել է մեծ դժվարությամբ ընթեռնել այդ բառերից ընդամենը մեկը, որը երկար ժամանակ կարդացվել է իբրև Լուկյանով: Սակայն վերջին մանրակրկիտ լաբորատոր վերլուծությունից հետո վերջնականապես պարզվել է, որ այն ոչ թե Լուկյանով է, ինչպես սխալմամբ կարծել ենք, այլ՝ Զյուգանով… Ինչ խոսք, այս պարզաբանումը բոլորովին նոր լույս է սփռում ակրոստիքոսի վրա՝ ստիպելով վերանայել մեծ բանաստեղծի ծանրակշիռ ժառանգությունը…

Սակավ հետաքրքիր չեն նաև այն հայտնությունները, որոնք ստացվել են մեր մեկ այլ մեծության, անմոռաց Խաչատուր Աբովյանի տեքստերը նորովի վերծանելու արդյունքում: Ինչ-ինչ, բայց նրա «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը մտավ մեր հողը» թևավոր միտքը հայտնի է բոլորին՝ բիզնեսմեններից և առևտարականներից սկսած մինչև մեր վերջին, հասարակ ակադեմիկոսը… Կանգնեցրու փողոցում որևէ մի պատահական բանասերի և հարցրու՝ «Եղբայր պատվական, ի՞նչ կարող ես արտասանել մեզ համար Խաչատուր Բեզիրջյանից… ներողոթյուն, մի քանի տող Աբովյանից», և նա առանց մտածելու կպատասխանի.

Հե՜յ, ձեզ մատաղ բանվոր տղերք

մեկ էլ, մեկ էլ, մի զարկ տվեք,

մի զարկ տվեք ցարի գահին,

որ խորտակվի նա հիմնովին…

Մի կուշտ ծիծաղելուց հետո, հարցրեք նրան. «Լավ, ասեք թե, այդ դեպքում ո՞վ է գրել. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը մտավ մեր հողը», հը, ի՞նչ ես կարծում, Խաչատուր Աբովյանը չի՞… «Իհարկե, Խաչատուր Աբովյանն է,- կպատասխանի նա»…

Եվ այսպես ամեն քայլափոխին… Մի՞թե սա չի վկայում մեր ժողովրդի անսահման սերը մեծ լուսավորչի և հատկապես նրա վերոհիշյալ ասույթի նկատմամբ: Սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ հանրահայտ թվացող միտքն էլ է աղճատված: Ո՞ւմ մտքով կանցներ: Իհարկե՝ նշածս քաղաքական գործիչների: Երկար և անքուն գիշերներ, տքնաջան աշխատանք պահանջվեց վերականգնելու այն մի հատիկ բառը, որը դավադրաբար թաքցրել էին ժողովրդից այսպես կոչված վայ-ազգասերները: Ահա, ձեզ ենք ներկայացնում հիմա Ան. Դադարյանի մեղվաջան աշխատանքի արդյունքը՝ մեծ լուսավորչի արտահայտությունը վերականգնված և ամբողջական տեսքով. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը, ինչպես նաև բելառսի ոտը մտավ մեր հողը»: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք որ այս արտահայտության մեջ առաջիկայում նոր ոտներ ավելանան, պատասխանեցին, որ ոչ միայն հնարավոր է, այլև խիստ հավանական է, որ մոտ ապագայում այդ ոտներին գումարվեն նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր ժողովուրդների ոտները՝ մաքուր լվացած վիճակում, բացառությամբ մեկի: Անունը չտամ, բայց երևի բոլորդ հասկացաք, թե ում մասին է խոսքը: Մեր կողմից ավելացնենք, որ դրանց անլվա ոտները այլևս երբեք չեն մտնի մեր սրբազան հողը: Եվ ինչպես մեր մեծ լուսավորիչը կասեր, եթե ողջ մնար.

«Օրհնվի էն սհաթը, երբ դրանց ոտը կտրվեց մեր հողից: Ամեն»:

[sharify]