16. ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ, ՈՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ԱՅՍՕՐՎԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՆՎԻՐՎԱԾ Է ՊՈԵԶԻԱՅԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Ներկա դժվարին ժամանակներին հարմարվելուն բացարձակապես անշահախնդրորեն նպատակամղված ՎԵՐԱՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ այս զրույցը, որը կարելի է նաև դասախոսություն կոչել, լիովին նվիրված է պոեզիային, որովհետև «Շտապ օգնության» առաջնահերթ կարիք ունեցողների մեջ, իմ խորին համոզմամբ, բանաստեղծները գտնվում են ամենատագնապալի վիճակում…

Թեև չպետք է մոռանալ, որ բանաստեղծների վերամասնագիտացման խնդիրն ամենայն սրությամբ դրվել էր ներկա կտրուկ փոփոխություններից դեռևս տարիներ, նույնիսկ տասնամյակներ առաջ: Դա այն շրջանում էր, երբ գիտությունը, ավելի ճիշտ՝ բժշկագիտությունը, ի վերջո, կարողացավ գրավել պոեզիայի ամենավերջին ամրոցը՝ մարդու սիրտը, զգացմունքների, հետևաբար, պոեզիայի սնուցման հիմնական ակունքը… Եթե դիմենք ճշգրիտ թվերի, ապա դա տեղի ունեցավ 1967 թվականին, Քեյփթաունում, աշնանային մի գեղեցիկ առավոտ կամ գարնանային մի սքանչելի իրիկուն, երբ վիրաբույժ Ք. Բառնարդը հաջողությամբ ավարտին հասցրեց սրտի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Սրտի տրանսպլանտացիա անունն ստացած այդ գիտափորձը, որն այսօր արդեն սովորական երևույթ է դարձել, առաջին ծանր հարվածն էր, որ պոեզիան ստացավ գոտկատեղից ներքև… Եվ հենց այդ պահից դադարեցին բաբախել բոլոր այն սրտերը, որոնք բազում դարեր բանաստեղծական ժողովածուներում տառապում էին անպատասխան սիրուց: Որովհետև եթե հիմա բանից անտեղյակ բանաստեղծն իր սիրելվույն դիմի. «Տուր ինձ քո սիրտը, այ անջիգյար յար» սրտաճմլիկ արտահայտությամբ, ապա այն կարող է դիտվել ամենաուղղակի իմաստով և երկկողմանի փոխհամաձայնության դեպքում կարող է մեծ հաջողությամբ իրականացվել՝ կլինիկական անհրաժեշտ պայմաններում… Եվ դժվար չէ պատկերացնել երջանկությունից խելակորույս բանաստեղծին, որը տանում է սիրած աղջկա սիրտը՝ բեռնավորված բազում ակումլյատորներով, սնուցիչ հարմարանքներով և այլ հույժ գիտական զարհումարներով…

Մենք վերցրինք ծայրահող չափազանցված, բայց բնորոշ օրինակ, ամենևին նպատակ չունենալով ոչ երգիծել և ոչ էլ կասկածի տակ դնել մարդկային կյանքում հիրավի անգնահատելի նշանակություն ու արժեք ունեցող վերոհիշյալ բժշկագիտական նվաճումը, այլ՝ պարզապես ցանկացանք ցույց տալ, թե ինչպես է գիտական մտքի առաջընթացն ստիպում պոեզիային (գրականությանն ու արվեստին ընդհանրապես) անընդհատ նորոգվել, որոնել և գտնել ինքնարտահայտման նորանոր ձևեր ու մեթոդներ:

Երկրորդ ծանր հարվածը (դարձյալ գոտկատեղից ներքև) պոեզիան ստացավ 1969թ. հուլիսի 21-ին. այդ օրը ԱՄՆ քաղաքացի, տիեզերագնաց Նիլ Ամսթրոնգն աշխարհում առաջինը ոտք դրեց լուսնի վրա, դրանով իսկ ստիպելով վերոհիշյալ մոլորակի դալուկ ու գունատ շողերի տակ դեգերող ու մորմոքվող բանաստեղծներին՝ հապճեպորեն լքել լուսինը և մեկ այլ, գոնե առայժմ անմատչելի, կլոր ու ճերմակ երկնային մարմին որոնել՝ նրա դալուկ ու գունատ շողերի տակ դեգերելու ու մորմոքվելու գեղարվեստա-արտահայտչական նպատակներով…

Սակայն այս ամենը մանկական քնքուշ խաղ կարելի է համարել ծանր ու դիպուկ հարվածների այն տեղատարափի համեմատությամբ, որը պարզապես ցնցեց պոեզիայի քնքուշ մարմինը՝ այս անգամ թե գոտկատեղից վերև, և թե՝ ներքև, կամ ընդհակառակը: Այո, չափազանց դժվար է հաշտվել հարազատ սովխոզների ու կոլխոզների, համայնական դաշտերի, մեծ առաջնորդների, մայիսմեկյան շքերթների, ալ կարմիր դրոշների, հնգամյակների ու յոթնամյակների կորստյան մտքի հետ… Բայց մարդը, հետևաբար նաև բանաստեղծը, ինչի ասես, որ չի կարող վարժվել: Մենք հո կարողացա՞նք վարժվել սինթետիկ եղևնիներին, վարժվեցի՞նք բոլոր կենդանիներին, բացառությամբ հասարակական կենդանու, տեսնել վանդակներում, վարժվեցի՞նք ապրել առանց լույսի, ջեռուցման, աշխատավարձի… Վարժվեցի՞նք ապրել առանց ծառ ու ծաղիկների… Ուրեմն, իրավունք չունենք նահանջելու նոր իրականության թելադրած պայմանների առաջ… Դե, ուրեմն, օն, անդր առաջ… Եվ ո՞րն է առաջին քայլը. վճռական և կտրական շարժումներով դուրս ենք գալիս սոցիալիստական ռեալիզմի բավիղներից և մտնում ենք կապիտալիստական ռեալիզմի լայնահուն պողոտան… Մտա՞նք… Անցնենք երկրորդ քայլին՝ դեն ենք նետում գրականագիտական, բանասիրական այլազան ձեռնարկներն ու դասագրքերը և մեր սեղանի գիրքն ենք դարձնում տնտեսագիտական ձեռնարկներն ու դասագրքերը, ուշի ուշով խորամուխ ենք լինում սեփականաշնորհման, ակցիզային հարկերի, կապիտալ ներդրումների, մենեջմենտի, մարկեթինգի, բիզնեսի գաղտնիքների մեջ: Եվ ես համոզված եմ, որ մեկ-երկու ամսվա հետազոտա-սերտողական համառ մարզումներից հետո դուք ոչ միայն արդեն պատրաստ կլինեք հարմարվելու ներկա՝ շուկայական հարաբերություններով պայմանավորված ազատ ձեռներեցության, ազատ մրցակցության թարմաշունչ մթնոլորտին, այլև ինքնաբուխ կերպով կգովերգեք ու կփառաբանեք այն: Ինչպե՞ս: Իմ կարծիքով ոչինչ այնքան ուսանելի ու վարակիչ չէ, ոչ մի բան այնպես որոշակի չի նշում ուղին, ինչպես կոնկրետ օրինակը: Ահա և մենք դասընթացին կից ներկայացնում ենք ներկա իրականության տարբեր ասպարեզներ արտացոլող ցուցանմուշներ, որոնք դիդակտիկ նյութ կծառայեն ձեզ համար, որոնց փորձը յուրացնելով, շատ կարճ ժամանակ անց կկարողանաք լիովին ինքնուրույնաբար ստեղծագործել՝ դառնալով նոր հասարակարգի լիարժեք՝ նախ քաղաքացի և ապա՝ բանաստեղծ…

 

 

1-ին ցուցանմուշ

 

ՀՈՂԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ԵՐԳԸ

Ցանեմ գարի ու առվույտ

Իմ արտերում սեփական,

Որ կուտակեմ շուտափույթ

Կապիտալն իմ նախնական:

Ու կժպա բախտը ինձ,

Կնիկ կառնեմ աննման,

Թող տրաքվի նախանձից

Թամբալ Վաչոն հարևան…

 

2-րդ ցուցանմուշ

ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԿՆՈՋ ԵՐԳԸ

Բիզնեսմեն է յարս,          

                    Մեռնեմ չինար բոյին,

Առաջ մի էշ ունեինք

                    Հիմա – հինգ հատ Բոյինգ…

Տոկոսի տակ մնաց յարս,

                    Այ խավարես, լուսին,

Բոյինգները ծախեցինք-մնացինք

                     Էլի էշի հույսին…


[sharify]