14. ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ… ՑԱՎՈՎ ՀԱՐՑՆՈՒՄ Է ՄԱԵՍՏՐՈՆ ՄԵՐ ՍԵՓ. ԹՂԹԱԿՑԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Նորից  գարուն է, ճիշտ ժամանակը՝ խոսելու գյուղատնտեսության և գրականության մասին, և պարզ է, թե ինչու –  երկուսն էլ արմատական կապ ունեն բնության և եղանակի հետ:

 

Որևէ բարձունքից այսօր հայացք նետելով մեր մայրաքաղաքի համայնապատկերին, կարող ենք հպարտորեն արձանագրել, որ կապիտալիզմի օրոք վերջապես իրականացավ սոցիալիստների երազանքը՝ քաղաքի ու գյուղի հավասարության մասին: Առանց զինված աչքի էլ կարելի է տեսնել, թե ինչպես են ինժեները, ճարտարապետը, շինարարն ու բանվորը առավոտյան գործազուրկի նպաստ ստանում, իսկ օրվա երկրորդ կեսին քրտնաջան մշակում բոստանների վերածված քաղաքի նախկին պուրակներն ու մանկական խաղահրապարակները՝ սածիլները ոռոգելով հարևաններից խլած խմելու մաքրամաքուր, վճիտ ջրով… Եվ ինչ արագ մեր աչքը վարժվեց, լուսնի լույսի տակ փայլփլող բահերը, մանգաղներն ու գերանդիներն ուսած իրիկնացող Երևանի լայնահուն պողոտաներով տուն դարձող հողի մշակների ազնիվ ու արդար տեսքին, և մեր ականջն ինչ արագ վարժվեց լսելու վաղ այգաբացին նոր-նոր արթնացող մայրաքաղաքի վրա տարածված եզների անուշ բառաչին միահյուսված առավել քան քաղցր հորովելը…

Ցավոք, նույն այս ոգևորությամբ չենք կարող խոսել մեր գրական հերկի մշակների մասին. այստեղ համատարած լռություն է: Իսկապես, ո՞ւր են բնության մեր գեղգեղաձայն երգիչները, բանջարաբոստանային պոեզիայի նվիրյալները, և  վերջապես, ո՞ւր են, ինչո՞վ են զբաղված մեր քաղաքաբնակ գյուղագիրներն այս շրջանում, երբ թվում է՝ իրականացել է նաև նրանց երազանքը, երբ թրիքի, հավի ծերտի և հայ նահապետական (հիմա արդեն նահասեփական) շինականի իմաստուն հոգուց պոռթկացող անհոդաբաշխ կռինչների կարոտով տապակվող նրանց հոգիները պիտի ճխխային և ճարճատեին ստեղծագործական նոր նվաճումների կրակահերթեր – չէ՞ որ թրիքն ու ծերտը հիմա հենց նրանց քթի տակ են, իսկ՝ ա՛յ նահասեփական գյուղացին կրակոտ ու շինիչ ելույթներ է ունենում Ազգային ժողովի նիստերում՝ խոսելով բյուջեի ճեղքվածքի և արդյունաբերության ճգնաժամի մասին, ինչպես նաև՝ պրոպագանդելով դոլարը ռուսականի հետ պատրուսելու միջոցով տոկոսազերծ դրամ ստանալու միչուրինյան առաջավոր ուսմունքը… Եվ ընդհանրապես, ինչո՞վ են զբաղված մեր ժամանակակից բանաստեղծները: Մի՞թե անհարմար չէ՞, որ արդի գործազուրկներն իրենց հոգսերի անդրադարձը շարունակում են որոնել Ֆրիկի ու Դրասխանակերտցու երկերում, իսկ մեր գաղթականները հայրենիքը լքում են նորից ու նորից Ռափայել Պատկանյանի և Սմբատ Շահազիզի պանդխտության երգը շուրթերին… Մի՞թե ամոթալի փաստ չէ, որ մեր պատմավիպասաններից միայն մեկն է կենդանության նշաններ ցույց տալիս և ըստ հավաստի աղբյուրների, հարգարժան և ծերունազարդ գրողը՝ հարուստ նյութ հավաքած, նորերս է վերադարձել չորրորդ դար կատարած երկարատև գործուղումից և հնարավոր է՝ շուտով ընթերցողի դատին հանձնի իր նոր պատմավեպն առ այն, թե ինչպես են Դավիթ Բեկի առաջնորդությամբ ՆԱՏՕ-ի զորքերը մտնում Հայաստան և հայ կամավորական մենեջերների և բիզնեսմենների զորախմբերի աջակցությամբ ազատագրում «Երկիր հայրենին» 11-րդ թունդ Կարմիր բանակից…

Այո, նորից գարուն է: Եվ ինչպես, օրինակ, չոգևորվես տեսնելով երիտասարդ ու ոչ այնքան երիտասարդ գրողների այն հոծ խումբը, որը ձմռան երկար ու ձիգ ամիսներին խմած գինու և օղու դատարկ շշերը վիթխարի տոպրակներով քարշ է տալիս հանձնելու մոտակա խանութ, հավաստելով, որ ստացած ամբողջ գումարը տրամադրելու է հայ նոր գրականության զարգացման գործընթացին… Ահա մենք տեսնում ենք վիթխարի ջվալի ծանրության տակ կքած, դատարկ շշեր հանձնողների հերթին մոտեցող ևս մեկին.

– Մի՞թե վերջին պոետն եմ ես,- ճակատի արդար քրտինքը սրբելով հարցնում է նա հերթ կանգնածներին…

– Ո՛չ, դու վերջինը չես,- պատասխանում ենք մենք հավատով ու վստահությամբ,- դեռևս նորանոր սերունդներ են գալու, միանալու մեր գրական զարթոնքի այս հավերժական հերթին…

[sharify]