24. ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Երկար չարչարվելուց և վերջին զանգի հետ կապված քիչ թե շատ ինքնատիպ միտք հորինել չկարողանալուց հետո, ի վերջո, որոշեցի դիմել Մաեստրոյի օգնությանը, որին կարճ որոնելուց հետոգտա Սարյանի պուրակում, մտքերի մեջ խորասուզված ՝ իմաստուն, խոհուն աչքերը հառած դիմացը նստած աղջկա կիսաբաց ոտքերին:

 

ԹՂԹԱԿԻՑ.- Ի՞նչ եք մտածում Մաեստրո,- հարցրեցի, հարմար տեղավորվելով Մաեստրոյի կողքին և հայացքս ուղղելով դիմացը նստած աղջկա կիսաբաց ոտքերին:

ՄԱԵՍՏՐՈ.- Մտածում եմ, թե ինչի՞ց է, որ չնայած տաք եղանակին, քաղաքում ճանճ չկա:

ԹՂԹԱԿԻՑ.- Ի՞նչ կա զարմանալու, ձեր նման հերոսն էստեղ նստած՝ ո՞ր մի ճանճը կհամարձակվի այս կողմերում երևալ… Գիտի չէ՞, որ մին զարկես, ջարդես հազար:

ՄԱԵՍՏՐՈ.- Շատ ապրես, խելացի, մեծին հարգող տղա ես երևում: Բայց այս դեպքում սխալվեցիր, հիմնական պատճառը դա չի, ճանճերի վերանալու հիմնական պատճառն այս ավելի քան կես տարի տևած ընտրություններն էին:

ԹՂԹԱԿԻՑ.- Ընտրություններն ի՞նչ կապ ունեն ճանճերի հետ:

ՄԱԵՍՏՐՈ.- Անմիջական: Պատկերացրու վեց ամիս շարունակ էլ փողոցներում, էլ խաչմերուկներում ու հրապարակներում առավոտից-իրիկուն էնքան երկար ու անհամ ճառեր հնչեցին, որ խեղճ ճանճերը չդիմացան ու ձանձրույթից կոտորվեցին… Լավ, ճանճերը թողնենք մի կողմ, ինձ հա՞րց ունես տալու, մտքինդ ի՞նչ է:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, չորս կողմում գարուն է, տկլոր կնանիք, մայիս, վերջին զանգի ամիս… Ի՞նչ հուշեր ունեք վերջին զանգի հետ կապված:

ՄԱԵՍՏՐՈ.- Վերջին զանգի՞… Է՜հ, բալա ջան, տխուր հուշեր են:

ԹՂԹԱԿԻՑ.- Ոչինչ, բոլորինը ուրախ հուշեր են, ձերը՝ տխուր, պիտի որ ինքնատիպ պատմություն լինի:

ՄԱԵՍՏՐՈ.- Ի՜նչ ինքնատիպ, ի՜նչ բան: Ուրեմն տասը տարի առաջ էր…

ԹՂԹԱԿԻՑ.- Տասը տարի առա՞ջ, վերջին զա՞նգ, Մաեստրո, այդքան ջահե՞լ եք:

ՄԱԵՍՏՐՈ.- Բա ինչ զարհումար եմ… Չես տեսնո՞ւմ, էս աղջկա պատճառով չեմ կարողանում տեղիցս շարժվել:  Էն անտեր վեպս գրասեղանի  վրա ինձ է սպասում արդեն երկու ժամ: Հա, ուրեմն, ուղիղ տասը տարի առաջ, էսօրվա պես մի տաք, գարնանային օր էր, մեկ էլ հանկարծ զանգը հնչեց, վերցրի, մի ջահել աղջկա ձայն ասաց, թե՝  Մաեստրո, երեք ամսվա վարձը չմուծելու պատճառով ձեր հեռախոսն անջատում ենք, էդ էր ու էդ, էլ ոչ զանգ, ոչ բան մինչև էսօր. էս էլ իմ վերջին զանգի պատմությունը:

ԹՂԹԱԿԻՑ.- Այ Մաեստրո, ես հեռախոսի զանգի մասին չեմ հարցնում, այլ՝ դպրոցի, ավարտական վերջին զանգի…

ՄԱԵՍՏՐՈ.- Այ տղա, դե շուտ ասեիր, ուրեմն իմ վերջին զանգը երեք անգամ է եղել, շատ հետաքրքիր պատմություն էր: Ուրեմն, հազար ութ հարյուր չեմ հիշում որ թիվն էր, խրոխտ քայլերով դասարան մտավ հայոց լեզվի և գրականության մեր բոլորի սիրելի ուսուցիչը՝ Ղազարոս Աղայանը, մոտեցավ, նստեց իր աթոռին, սովորականի պես իր դասը վարեց…

ԹՂԹԱԿԻՑ.- Այ Մաեստրո, Ղազարոս Աղայանի աշակերտն եք եղե՞լ, էդ ուրեմն քանի՞ տարեկան եք…

ՄԱԵՍՏՐՈ.- Ես շա՞տ եմ հիշում, ինչ ա իմ տեսքից ե՞ս խաբվել, կարծում էիր ջահե՞լ եմ… Մի խոսքով, հնչեց վերջին զանգը, Ղազարոս Աղայանը հուզված ոտքի կանգնեց, բոլորին շնորհավորեց դպրոցը հաջողությամբ ավարտելու կապացությամբ… բացի ինձանից. ասաց, ա՛յ տղա, դու ևս մի տարի պիտի սովորես նույն դասարանում:

ԹՂԹԱԿԻՑ.- Հետո՞

ՄԱԵՍՏՐՈ.- Էլ ի՞նչ հետո: Այս նույն պատմությունը կրկնվեց  ևս երկու տարեվերջ, այնպես, որ ընդհանուր հաշվարկով վերջին զանգերիս թիվը հասավ երեքի… Երեքն էլ՝ չափազանց հուզիչ և անմոռանալի:

[sharify]