ԲԱՌԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՎԵԼ, ՈՐ ՄԱՐԴ ԱՄԱՉՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏՈՂ ԳՐԵԼ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Մուրացանյան օրերի առիթով Արցախ կատարած  եռօրյա շրջագայության, հանդիպումների, տպավորությունների մասին պատմող «Գրական թերթի» հոդվածիս մեջ ես խիստ հպանցիկ էի անդրադարձել Արցախի նորօրյա գրականությանը` հույս հայտնելով, որ առավել մանրամասն այդ մասին կկարողանամ խոսել հետագայում` առաջին իսկ առիթով: Սրան ինձ մղում է ոչ միայն պարտքի զգացումը, որ գոնե տարին մեկ-երկու անգամ անհրաժեշտ է հերթապահ ընդհանրականներ հրապարակել մայրաքաղաքից դուրս ընթացող գրական կյանքի մասին (ինչը նախկինում մենք պարզապես հորինում էինք, որովհետև այդպիսի կյանք գոյություն չուներ, կամ էլ, եթե ինչ-որ ճրագ պլպլում էր, ապա դրա հանգելը կարճ ժամանակի խնդիր էր), այլև այն արդեն շոշափելիորեն նկատելի գործընթացը, որի բնականոն զարգացման դեպքում լուսավոր ապագայի հույսին չի մնա այն իրողությունը, երբ զարմանքով կհավաստենք, որ մայրաքաղաքն այլևս  գրական մայրաքաղաք չէ, և արարողից լավագույն դեպքում  վերածվել է ծայրամասերում ստեղծվող իսկական գրական արժեքների արձանագրողի: Ազատ երկրներում այս գործընթացն սկսվել է շատ վաղուց, և այն, որ XX  դարի երկրորդ կեսի լավագույն երկերի հեղինակները ոչ թե փարիզցիներ էին ու լոնդոնցիներ, այլ հեռավոր լատինամերիկյան երկրների ներկայացուցիչներ, այլևս զարմանք չի հարուցում:

   Ազատության ու անկախության հետ միասին ապակենտրոնացման այդ երևույթն արդեն սկսել է թափանցել մեր հանրապետություն. խորհրդային տարիներին խիստ ծանրաբեռնված Երևանն արդեն իսկ սկսել է ազատվել ավելորդ «ճարպից»: Ոմանց համար երանելի այն տարիներին այլ կերպ հնարավոր չէր. գեղարվեստական գրականություն տպագրող ընդամենը մի հրատարակչություն կար, որի պատերի տակից, եթե  հեղինակը կես ժամով հեռանար, նրա գրքի հրատարակությունը տարիներով կհետաձգվեր…

   Ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու պրոցեսը չափազանց մեծ վնասներ պատճառեց բոլոր առումներով. շրջակա ու հեռավոր, մեծ ու փոքր գյուղ ու ավաններից մարդիկ խուճապահար լցվում էին մայրաքաղաք` քիչ թե շատ մարդավայել ապրելու ձգտումով…

   Ցավոք, չափազանց դանդաղ են ընթանում  նոր հասարակարգի կայացման զարգացումները, շուկայական հարաբերությունների մեխանիզմն աշխատացնող օրենքները հազիվ տրոփում են Երևանի կենտրոնում, այլապես ապակենտրոնացման, մայրաքաղաքը (ինչպես ժամանակին Թամանյանն էր նախատեսել) 500 000-անոց քաղաքի վերածելու գործընթացն արդեն մեծ թափ առած կլիներ:

   Եվ ես էլ չէի զարմանա` կարդալով Արցախից բերած գրքերը, թե` այդ ինչպե՞ս են մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռվում ծնվել այսքան թարմ ու ինքնատիպ բանաստեղծություններ, պատմվածքներ…

   Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ բոլորից շատ ինձ զարմացրեց Վարդան Հակոբյանը, որի գրքերին ես վաղուց էի ծանոթ, և ճիշտն ասած, ավարտուն ու վերջնական էի համարում իմ պատկերացումն ու գնահատականը նրա ստեղծագործական հնարավորությունների, գրական նկարագրի մասին: Հանգ ու վանկով, չափած-ձևած մի ստեղծագործող, որը, հավատարմությամբ հետևելով քննադատների խորհրդին, հետևողականորեն պտտվում էր դասականների բացած ակոսի  շրջանագծով: Եվ ահա, հանկարծ կարդում եմ 2003թ. հրատարակած նրա «Թևերի հեռուն» ժողովածուն` ամեն բանաստեղծություն կարդալուց հետո կասկածանքով ստուգելով կազմի վրա հեղինակի անուն-ազգանունը, դրան էլ չհավատալով` հեղինակի լուսանկարն եմ ուսումնասիրում: Ահա, տող առ տող կարդում եմ  նրա «Ոսպնյակներ» բանաստեղծությունը. արցախյան պատերազմի, ինչու միայն արցախյան, ընդանրապես պատերազմի մասին այսքան ճշգրիտ, ճշմարիտ, դաժան ու ցավոտ տողեր վաղուց չէի հանդիպել.

                 Ձեռնասայլակը ձեռքով հրում է զինվորը, և երազներով

                 տարված շնիկն ուշացած վազում է սայլակի ետևից:

                 Ծխախոտի գլանակն ատամներով սեղմած` կոթը

                 կտրելու աստիճան ամուր, աչքերը ծխավարագույրի

                 ետևում կկոցած, զինվորը հրում է, հրում ձեռնասայլակը,

                 հրում է անորոշ… Արդեն կորել է «դեպին»… Եվ սայլակի

                 ետևից շնիկը վազելով` հաչում է բացակա ոտքերի վրա,

                 որոնց միշտ քսմսվում էր:

   Կամ ահա, ընդամենը հինգ տողանոց «Տխուր կատակերգություն» բանաստտեղծությունը.

                 Ծերանոցը մեծերի մանկապարտեզ է, պարզապես

                   «խաղի» կանոնները

                 խախտում են

                   հայր ու մայրերի հետ տեղերը փոխած որդիները

                 և իրիկունները չեն գնում նրանց ետևից` տուն բերելու:

   Ցավալի է, բայց փաստ, որ Երևանն այսօր լցված է «մեծ ու հռչակավոր» գրողներով, որոնք վաղուց դադարել են գրելուց: Եվս մի երկու նախընտրական քարոզարշավ, և հայերենում չվարկաբեկված բառ այլևս չի մնա: Հնարավո՞ր է արդյոք մաքուր տողեր գրել սուտ խոստումների, բացահայտ խաբեությունների կեղտաջրի մեջ թաթախված ու ոտից գլուխ աղտոտված բառերով…

                Բառերն այնքան են բռնաբարվել,

                Որ մարդ ամաչում է երկու բառ գրել…

   Ամաչում է, և ահա այդպես ամաչելով` գրում է Վարդան Հակոբյանը: Ոչ թե երկու տող, այլ մի ամբողջ գիրք, որն առանց ամաչելու խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ բոլոր նրանց, ովքեր չեն ամաչում երբեմն-երբեմն գիրք կարդալու հատկությունը չկորցնելու համար…

«Գրական թերթ», 2003, 1 օգոստոսի

[sharify]