Հեռացրեք դրոշակը դեմքիս վրայից – խտուտ է տալիս:
Փաթաթեք նրանով կատվի դիակը և թաղեք այգում:
Վերցրեք կրծքիցս երկաթե պսակը – սաստիկ քերծում է,
նետեք աղբարկղ,
ժապավեններն էլ տվեք պատահած մի պոռնկուհու,
թող որ դրանցով զարդարի իր խեղճ, հին թասակները:
Հեռախոսով կարդացեք դամբանականը,
Նախօրոք զգուշորեն լարը կտրելով:
Եվ չմոռանաք լճի մեջ թափել փշրանքներն հացի,
որ անպայման կան թաշկինակիս մեջ –
լճի անուղեղ ձկների համար:
Տերտերին ասեք, թող նստի տանը և մի լավ խմի:
Նվիրեք նրան մի շիշ լավ շնապս,
ծերուկը, անշուշտ, ուրախ կլինի կոկորդը թրջել
երկար, ձանձրալի քարոզից հետո:
Եվ շատ եմ խնդրում ոչ մի սգո երգ,
ոչ մի հուշարձան,
բազալտով լավ է փողոցը ծածկեք,
որտեղ չի ապրում ոչ մի շնչավոր, թռչունից բացի:
Պայուսակիս մեջ կգտնեք մի կույտ անպետք ձեռագրեր,
տվեք բոլորը իմ ազգականի փոքրիկ տղային,
թող որ իր համար ինչքան ուզում է նավակներ սարքի,
մի մեծ նավատորմ,
ներկված փողոցի կեղտաջրերում:
Իսկ ինչ որ մնաց. թանկարժեք քարով մատանիս, հետո
վարտիքներ բազում, կրակվառիչը
և զարթուցիչը`
նվիրեք մոտիկ հնավաճառին,
փոխարենն անշուշտ օղի առնելով:
Իսկ ինչ մնում է հարցաքննվելուս
ահեղ դատաստանի հրեշտակների մոտ,
հարությանն հոգուս և այլ հետմահու բազում գործերին –
ինքս կհոգամ,
քանի որ դա իմ անձնական գործն է: Այդպես չէ՞ միթե…
Դե, մնաք բարով…
Հա, քիչ էր մնում մոռանայի լրիվ,
ծխատուփիս մեջ դեռ մնացել է երեք ծխախոտ…