«Կաշառակերության դեմ ծայրահեղացված պայքարը կարող է ծանր կացության մեջ դնել հանրապետության, ինչո՞ւ չէ, նաև համայն աշխարհի էներգետիկան»,- բարեգործական ճաշարանի մատուցողուհիների և խոհարարների հետ զրույցում հայտարարել է Մաեստրոն, բանասեր-բանահավաք Ան. Դադարյանի «Էներգիայի ձրի աղբյուր, որի պաշարներն ու հումքը Հայաստանում անսպառ են» վերտառությամբ նոր աշխատությունն աչքի անցկացնելուց հետո, որի առաջաբանն, ի դեպ, գրել է հենց ինքը՝ Մաեստրոն: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այդ առաջաբանը, որին ծանոթանալուց հետո վերոհիշյալ ստվարածավալ աշխատությունը կարդալը, կարծում ենք, այլևս անիմաստ է դառնում:
ՄԱԵՍՏՐՈ
Ինչպես պատմությունն է փաստում, արհեստավարժները որոնում են, բայց գտնում են այդ ասպարեզի հետ առնչություն չունեցող մարդիկ: Հիշատակենք ընդամենը մի փաստ: Բազմաթիվ խորագիտակ հնագետներ էին որոնում, սակայն Տրոյան հայտնաբերեց գերմանացի առտրական Շլիմանը: Այս ճշմարտությունը հաստատվեց նաև մեր դեպքում՝ մինչ մեր արհեստավարժ երկրաբանները նավթի ու գազի երկարատև և ապարդյուն որոնումների մեջ էին, էներգիայի անսպառ հանքավայր հայտնաբերեց… բանասեր-բանահավաք Ան. Դադարյանը: Նա գյուղից-գյուղ, շենից-շեն է շրջում՝ հավաքելով ժողովրդական բառ ու բան: Մի գյուղով անցնելիս տեղացիներից մեկին զարմացած հարցնում է՝ ինչո՞ւ է կոտրվել գյուղամիջի գերանը, որի վրա մի քանի անգործ, թոշակառու ալևոր էր միշտ նստոտում: Տեղացին բացատրել է, թե առաջ, երբ մի քանի անգործ թոշակառու էր նստում, գերանը դիմանում էր, իսկ հիմա անբողջ գյուղն է նստել, որովհետև ամբողջ գյուղն է անգործ, գերանը չի դիմացել՝ կոտրվել է: Սույն իրադրությունն արձանագրող ժողովրդական ասացվածքում ընդամենը մի բառ էր Ան. Դադարյանին շփոթեցնողը. ասացվածքում գյուղը կանգնում էր գերանը կոտրելու համար, իսկ այստեղ գյուղը նստել է… Սակայն ամեն ինչ իր տեղն է ընկել, երբ տևական ուսումնասիրություններից հետո նա պարզել է, որ այն հին ժամանակներում, երբ ծնվել է այս ասացվածքը, հայ մարդիկ կանգնած են նստել, ինչպես որ հիմա պպզած են նստում… Ուրեմն մեր բոլոր ասացվածքները մեծ ճշմարտություն են պարունակում… Ան. Դադարյանը հասկացել էր, թե ինչ կարևոր հայտնագործության եզրին է կանգնած. նրա մտքում կայծակի պես փայլատակել էր «Կաշառքը մութ տեղը լույս է տալիս» ասացվածքը և բանահավաքը պատկերացրել էր, թե էներգառեսուրսներից աղքատ մեր հանրապետության համար ի՞նչ վճռորոշ նշանակություն կարող է ունենալ, եթե կաշառքից լույս, այսինքն՝ էներգիա ստանալու գործընթացը դրվի գիտական- արդյունաբերական հզոր հիմքերի վրա: Ան. Դադարյանն իր սխեմաներն ու գծագրերը տրամադրել է մեր ֆիզիկոսներին և էներգատեխնիկներին, որոնք համոզված եմ, կարճ ժամանակ անց կտան այս մեծ հայտնագործության գիտական հիմնավորումը:
Իմ և Ան. Դադարյանի ստորագրությամբ մենք շտապ նամակ ենք ուղարկել կառավարություն և անձամբ նախագահին՝ խնդրելով անհապաղ դադարեցնել պայքարը կաշառակերության դեմ՝ բացատրելով, որ այդ պայքարով ծանր և անդառնալի վնաս կհասցնենք մեր էներգետիկային: Չէ՞ որ այդպես ժամանակին քանդեցինք մեր խաղողի այգիները, իբր թե պայքարելով հարբեցողության դեմ, այնինչ խաղողն ու գինին մեր ազգային հարստությունն են: Այդպես ժամանակին պայքարում էինք քար ու ժայռերի դեմ, մինչև որ մեծ գիտնական Մանվելյանն ապացուցեց, որ դրանք ևս մեր ազգային հարստությունն են…
Ինչևէ, նամակն ուղարկել ենք, անհամբեր սպասում ենք աչքալուսանքի: