Քաղաքային բանտի խցիկում, չորչորուկ մահճակալի տակ կծկված, դեմքով դեպի պատը քնած էր խղճուկ, նիհար-միհար մի մարդ և գույնզգույն երազներ էր տեսնում. մեկ իր թագավորական շքեղ պալատն էր տեսնում՝ լույսերի մեջ շողշողացող, մեկ Ուստիանն էր երևում աչքին՝ թագուհու թանկարժեք արդուզարդով, մեկ Իշխան Սաքոն էր հայտնվում՝ հրաման կատարելու համար պատրաստ կանգնած, մեկ էլ լսում էր թագավորական ավտոտնակում չիր ու չամիչի մեջ դունչը խրած իշուկի անուշ զռռոցը… Հանկարծ սկսեց անհանգիստ շուռումուռ գալ՝ հիմա էլ երազի մեջ երևի սուրում է վագրին հեծած…
Ո՜վ կհավատա, որ պատառոտված ցնցոտիներով, մազակալած, ոսկրոտ դեմքով երկաթե չոր մահճակալին վեր ընկած, երազի մեջ խռխռացող այս խղճուկ մարդը, որը մեկ ախ ու վախ էր քաշում քնի մեջ, մեկ էլ տագնապով քացի էր տալիս պատին, մեր փառապանծ հերոս Քաջ Նազարն է, աննման իգիթ Քաջ Նազարը, որից հսկաներն էին սարսափում, և ահ ու դողի մեջ էին հարևան պետությունները, Քաջ Նազարը, որ մին զարկեր, ջարդեր հազար, ահա, անհայտ ու անփառունակ ամիսներ ու տարիներ է անցկացնում բանտի չորս պատերի մեջ…Եվ մի հարցնող լինի, թե ինչի՞ համար, ընդամենը մի քանի բեռնատար պոմիդորի, որ Իշխան Սաքոն գողանում էր հարազատ կոլտնտեսության դաշտերից, իսկ Քաջ Նազարը՝ վաճառում քաղաքի շուկայում…Ճիշտ է, ոչ թագավորական, բայց և վատ չէին ապրում՝ տուն-տեղ էին դրել, Իշխան Սաքոն «Վոլգա» էր քշում, Քաջ Նազարն էլ կարող էր, բայց հին օրերի կարոտը նրա մեջ ամուր էր նստած, և նա գերադասում էր էշով ման գալ, և իբր դա քիչ էր, հաճախ, երբ քեֆը լավ էր լինում, դրոշակն էլ բարձր բռնում էր ձեռքին, գոռգոռալով սկսում էր երգել, էշն էլ, տիրոջից վարակվելով, խանդավառված սկսում էր սրտակեղեք զռռալ, ու այդպես ձայները գլուխները գցած Նազարն ու էշը ժամերով պտույտ էին տալիս գյուղամիջում, մինչև որ գյուղի հասարակայնության պահանջով Ուստիանը դուրս էր թռնում տնից ու ցախավելը նիզակի պես ճոճելով քշում էր նրանց բաց դարպասով ներս… Ու այսպես երկար կշարունակվեր, եթե մի չարաբաստիկ օր միլիցիոները չհայտնվեր շուկայում Նազարի կողքին՝ առևտրի թունդ պահին. պարզվեց՝ գյուղի վարժապետներից մեկը մատնագիր էր գրել նրանց վրա: Իշխան Սաքոն թեթև պրծավ՝ հին օրերից մնացած ինչ-որ շքանշաններ ու պատվոգրեր ուներ: Իսկ Նազարը հայտնվեց բանտում: Դատարանում Նազարը պահանջեց, որ իրեն նստեցնեն էշի հետ միասին: Երկար խորհրդակցելուց հետո դատավորը մերժեց Նազարի պահանջը, բացատրելով, որ երկու էշ իրար հետ նստեցնել չի կարելի, և որ դա, ընդհանրապես դեմ է մարդասիրությանը:
– Էշն ի՞նչ կապ ունի մարդասիրության հետ,- զարմացավ Նազարը,- և հետո, ինձ թվում է, որ էշը դու ես:
– Ոչ, ես չեմ, – կտրուկ առարկեց դատավորը:
– Ինչո՞ւ,- հետաքրքրվեց Նազարը:
Դատավորը խորը մտքերի մեջ ընկավ, գլուխն առավ ափերի մեջ, հետո ջղայնացած ձեռքը խփեց սեղանին և հուսահատ ձայնով բղավեց.
– Ես հիմա չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց ես ներքուստ համոզված եմ: