(Մաեստրոյի զրույցը հանրապետության զբոսաշրջության պատասխանատու քարտուղար պարոն Ան. Տարբերյանի հետ)
ՄԱԵՍՏՐՈ.- Պարոն Ան. Տարբերյան, ես եկել եմ Ձեզ մոտ իմ վրդովմունքն արտահայտելու:
Ան. ՏԱՐԲԵՐՅԱՆ.- Խնդրեմ, արտահայտեք:
ՄԱԵՍՏՐՈ.- Այսօր առավոտյան ես նամակ եմ ստացել ամերիկահայ բարեկամիցս, որը պատմում է, թե ինչ դժոխային տառապանքների միջով է անցել կնոջ հետ մեկ ամիս այցելելով Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ:
Ան. ՏԱՐԲԵՐՅԱՆ.- Վերջին շրջանում մենք այդպիսի բազմաթիվ նամակներ ենք ստանում ոչ միայն Ամերիկայից, այլև աշխարհի բազում երկրներից: Դա վկայում է, որ մեր փոստային ծառայություններն սկսել են վերակենդանանալ և նորմալ աշխատել:
ՄԱԵՍՏՐՈ.- Այո, բայց մարդիկ ահռելի գումարներ ծախսելով եկել են իրենց նախնյաց հայրենիք և հայտնվել տարրական պայմաններից զուրկ հյուրանոցներում, ուր ոչ բաղնիք կա, ոչ անգամ զուգարան, էլ չեմ խոսում ջրի մասին… Ամբողջ Երևանը ոտքի տակ են տվել և չեն հայտնաբերել ոչ մի զուգարան, առաջարկել են իրենց փողով կառուցել այդպիսիք, իսկ դուք հրաժարվել եք…
Ան. ՏԱՐԲԵՐՅԱՆ(Հանկարծակի աշխուժանալով).- Այ, հենց այդտեղից էլ հարկավոր էր սկսել, ուրեմն, նշանակում է մեր ծրագիրն սկսել է աշխատել: Այո, մենք որոշել ենք մեր զբոսաշրջությունը զարգացնել նորագույն եղանակով, որի պայմանական անունն է «Բարբարոսսա»: Բացատրեմ. նախ հասկանանք, թե ո՞վ է այսօրվա զբոսաշրջիկը. նա արևմուտքի բարձր զարգացած, բարեկեցիկ երկրի քաղաքացի է, որը ծնվել և մեծացել է հարմարավետ պայմաններում, կարճ ասած, կոմֆորտի մեջ՝ 24-ժամյա տաք և սառը ջուր, հրաշալի լոգարան, երբ ուզում ես մտիր լողացիր, անզուգական զուգարաններ, որտեղ մտնելիս անելիքդ մոռանում ես, տաքացնող ու զովացնող հարմարանքներ, ամեն քայլափոխին սրճարան, ռեստորան… Մի խոսքով, եվրոկոմֆորտ … Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդիկ մինչև կոկորդները զզված են այդ կոմֆորտից: Եվ դրա համար դուրս են նետվում այդ կոկած ու հղկված, ձանձրացած աշխարհից, գնում են այլ երկրներ՝ նոր, թարմ տպավորություններ որոնելու: Եվ ինչ, նրանց նորից դեմ են անում նույն եվրոկոմֆորտը: Պատկերացնո՞ւմ եք, նրանց հիասթափությունը: Հաշվի առնելով այս կարևոր հանգամանքը, մենք որոշեցինք պարգևել նրանց այն, ինչին ձգտում են նրանք ամբողջ հոգով՝ բնականը, նախնականը, վայրենին, բարբարոսը… Ահա, թե ինչու է մեր ծրագիրը կոչվում «Բարբարոսսա»: Պատկերացնո՞ւմ եք, ինչ հրճվանք կապրի արևմտյան զբոսաշրջիկը, եթե օրինակի համար հայտնվի մեր գեղատեսիլ Դիլիջանում և քայլի նրա փողոցներով մինչև ծնկները ցեխի ու կեղտի մեջ խրված, ի՛նչ մոռացված հուշեր կարթնանան նրա հոգում, երբ նա ցնծությամբ կհայտնաբերի, որ հյուրանոցի նրա «լյուքս» համարի պատուհանների բոլոր ապակիները կոտրված են, ներքնակները՝ պատառոտված, ամբողջ գիշեր հուզմունքից նա չի քնի, կլանված հետևելով պատերին, հատակին, մահճակալին, ամենուրեք, աշխուժորեն վազվզող փայտոջիլների, խավարասերների, սարդերի, մկների և, ինչու չէ, նաև առնետների եռուզեռին… Մարդկային կյանքի ի՛նչ թարմ, անմեկնելի առեղծվածներ կբացվեն նրա առաջ, երբ երկար չարչարվելուց հետո, նա ի վերջո կկարողանա բացել զուգարանի դուռը, համոզված եմ, անմիջապես էլ կկորցնի գիտակցությունը, որովհետև կոմֆորտի վարժված նրա թոքերը չեն դիմանա այն «բուրմունքներին», որոնք չի կարողացել ըստ արժանվույնս պատկերացնել Դանթեն իր «Դժոխքի» պարունակներից ամենադաժանագույնում անգամ… Իսկ երբ կեսգիշերին դուրս նետվելով հյուրանոցից, շալվարը բռնած կվազվզի մեւթ եւ ցեխակոլոլ փողոցներով՝ դեպի բնություն, քաղաքից ու քաղաքակրթությունից հեռու, և մի ծառի տակ մայր հողին կհանձնի, այն ինչ ստացել է մայր հողից, պատկերացնո՞ւմ եք երանության ի՛նչ ցնցուն զգացմունքներ կպարուրեն նրա հոգին… Հավատացեք, նա կյանքում թերևս առաջին անգամ կզգա, որ ինքը լիարժեք մարդ է՝ բնական, իսկական ու վայրենի: Ահա սա է մեր «Բարբարոսսա» ծրագրի էությունը՝ պարգևել բնականը, նախնականը, մարդկայինը արևմտյան կոմֆորտի մեջ իր նախնիների արմատները կորցրած ու նկարագիրն աղավաղած մարդուն… Չմոռանանք ամենակարևորը, առանց մեր բյուջեից մի լումա անգամ ծախսելու: Եվ կտեսնեք. մեկ-երկու տարի հետո Հայաստանը կողողվի զբոսաշրջիկներով, ինչի շնորհիվ մեր ժողովուրդը կհարստանա, և վերջապես դուրս կգա էս նախնական, բարբարոսական, անտեր վիճակից: