Պատճառաբանությունը, որ հիմք էր ծառայել Մաեստրոյին չհրավիրելու համար, եղել Մաեստրոյի չափից դուրս խորացած տարիքը: Խորապես հուզված և ցնցված, Մաեստրոյին մխիթարելու նպատակով շտապեցի Մարտիրոս Սարյանի պուրակ, ուր իր մշտական աթոռին, մեջքով դեպի օպերայի շենքը, նստած էր մեծ գրողն ու հասարակական գործիչը:
Մաեստորն նստած էր աթոռին՝ անսահման ու անփարատելի վշտի կնիքը դեմքին:
ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, խորը ափսոսանքով տեղեկացանք, որ Ձեզ չեն հրավիրել մասնակցելու երիտասարդ գրողների ծաղկաձորյան խորհրդակցությանը: Բայց ինչո՞ւ եք վշտացել, չէ՞ որ դա երիտասարդների հավաք էր, իսկ Դուք, մեղմ ասած, վաղուց եք հրաժեշտ տվել այդ տարիքին:
ՄԱԵՍՏՐՈ.- Նույն պատճառաբանությամբ ինձ մերժեցին նաև 1975 թվականին, երբ նոր էր լրացել իմ ընդամենը 50-ամյակը: Չհրավիրեցին 1986-ին կազմակերպված խորհրդակցությանը՝ իմ 60-ամյակի շեմին… Ի՞նչ է, ես երբևէ երիտասարդ չե՞մ եղել:
ԹՂԹԱԿԻՑ.- Բայց, Մաեստրո, ի՞ն կա զարմանալու, առավել ևս՝ զայրանալու կամ վշտանալու, չէ՞ որ երիտասարդ տարիքն իր սահմաններն ունի և 40-ից հետո մարդուն այլևս չի կարելի երիտասարդ անվանել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
ՄԱԵՍՏՐՈ.- Սովորական մարդկանց մոտ միգուցե 40-ով լրանում է երիտասարդական տարիքը, բայց մի՞թե, զավակս, դու չգիտես, որ տարիքն անզոր է ինձ նման մեծությունների առաջ: Բա ապացուցելու բա՞ն է, որ ես անմահ եմ, իսկ անմահ ստեղծագործողների ահելն ու ջահելը ո՞րն է, արդեն փաստ է, որ ես ու ինձ նմանները միշտ ջահել ենք: Ես, օրինակ, ծերանալու, առավել ևս մեռնելու ոչ մի մտադրություն չունեմ… Այս տեսակետից առաջ լավ էր, հարգանք կար, պատիվ: Չէին նայում՝ լավ ես գրում, վատ ես գրում՝ 50-ամյակդ հենց լրացավ, կանչում, «Պատվո նշան» շքանշան էին կպցնում պիջակիդ, 60-ին՝ «Ժողովուրդների բարեկամության», 70-ին՝ «Հոկտեմբերյան հեղափոխության», 80-ին՝ «Նոյեմբերյան հեղափոխության», 90-ին՝ «Դեկտեմբերյան հեղափոխության» և այսպես շարունակ:
ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, այդ քանի՞ հեղափոխություն ստացվեց Ձեզ մոտ, իբր թե մեկից շատ գոհ էինք…
ՄԱԵՍՏՐՈ.- Հա, եղել են, էլի… Մի խոսքով՝ առաջ լավ էր: 50-ամյակիդ առթիվ միհատորյակ հատընտիր էին տպում բարձր տպաքանակով, 60-ին՝ երկհատորյակ, 70-ին՝ եռահատորյակ… Եվ գիտե՞ս հետաքրքիրն ի՞նչ էր, կարևոր չէր, այդ հատորները լրացնելու գործեր ունեի՞ր, թե ոչ: Քեզ հնարավորություն էին տալիս, թե ինչ կլցնեիր այդ երեք հատորների մեջ, ոչ մեկին չէր հետաքրքրում: Շատ դեպքերում տղերքն իրարից պարտքով վեպ ու պատմվածք էին վերցնում հետո վերադարձնելու պայմանով: Ի՜նչ համերաշխություն էր, ո՜նց էինք իրար աջակցում: Հիշում եմ, մեր բանաստեղծներից մեկը մի օր զանգեց, թե՝ Մաեստրո, ցավդ տանեմ, փրկի՛ր, թե չէ հատորս տապալվում է: Վեց մամուլանոց գիրք եմ պլանավորել, հրատարակչությունից արդեն ձեռագիրն ուզում են, որ տպեն, իսկ ես կանգնել եմ փաստի առաջ, տղերքի հետ միասին երեք մամուլը մի կերպ լրացրել ենք, մի էդքան էլ մնում է, շատ եմ խնդրում, վռազ մի երեք մամուլ քո գրածներից տաս, մի քանի ամսից կվերադարձնեմ…
ԹՂԹԱԿԻՑ.- Եվ ի՞նչ, տվեցի՞ք:
ՄԱԵՍՏՐՈ.- Բա ոնց, բա ընկերությունն էլ ո՞ր օրվա համար է:
ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ձեր իսկ սեփական ստեղծագործությունների՞ց տվեցիք, որ տպվեն ուրիշի գրքի մե՞ջ:
ՄԱԵՍՏՐՈ.- Էդպես էլ է լինում, բայց այդ անգամ ձեռքիս ղազախական պոեզիայի անթոլոգիա կար, մեջը թարգմանություններ ունեի, դրա համար էի պահել: Միջից մի երկու հազար տող ջոկեցի, տվեցի՝ մեքենագրեցին, մենակ խնդրել էի մեքենագրուհուն, որ քառյակների տեղերը փոխի:
ԹՂԹԱԿԻՑ.- Եվ այդ բանաստեղծությունները տպվեցին հայ բանաստեղծի ժողովածուի մե՞ջ:
ՄԱԵՍՏՐՈ.- Եվ գիտե՞ս, ի՜նչ հետաքրքիր բան ստացվեց: Երբ գիրքը լույս տեսավ, մամուլում բազմաթիվ գովեստներով լցված գրախոսություններ տպվեցին, և բոլոր քննադատներն ամենաշատը գովերգում էին հենց այն բանաստեղծությունները, որոնք ես էի ջոկել ղազախական անթոլոգիայից: Քննադատներից մեկը նույնիսկ նշել էր, որ այդ բանաստեղծություններում հեղինակը չափազանց հարազատ է մնացել գողթան երգերից եկող մեր ազգային ավանդական պոեզիայի արմատներին: Հետո, գիտե՞ս ինչ, հիմա անարխիա է, ով ինչ ուզենա, գրում է, տեղից վեր ելնողը կարող է նույնիսկ շատ լավ գրել:
ԹՂԹԱԿԻՑ.- Իսկ ի՞նչ է, առաջ չէ՞ր կարելի:
ՄԱԵՍՏՐՈ.- Ինչե՜ր ես խոսում… Ամեն ինչ որոշվում էր վերևից, ով ինչպես պիտի գրի, ինչ պիտի գրի… Այն հրաշալի տարիներին գրողի ոճը, տաղանդը, ձեռագիրը, թեման, ժանրը, նույնիսկ համարձակության չափն ու նախասիրությունները որոշվում էին ոչ թե նրա ունեցած-չունեցածով ու նկարագրի առանձնահատկություններով, այլ՝ նոմենկլատուրայի այս կամ այն դասի պատկանելությամբ: Օրինակ, ստորին դասի գրողներին թույլատրվում էր բացասական կերպար ընտրել ԲՇԳ-ի պետից ոչ բարձր պաշտոնյայի, տեղական ձեռնարկության բրիգադիրի կամ խանութի հասարակ գործակատարի: Հիմնական թեմաները կենցաղային կոնֆլիկտներն էին՝ սեր, միություն, բաժանում… Հետևաբար՝ թեթևաբարո քարտուղարուհի, կոլեկտիվի հավաքական կերպար, լավատեսական ավարտ…. ոճը՝ դասական, ձեռագիրը՝ ընթեռնելի: Թույլատրելի ժանրը՝ պատմվածք, վիպակ: Դրամատուրգիայով, կինոսցենարներով թույլատրվում էր զբաղվել վերին դասին: Իշխող թեմաները՝ քայքայվող գյուղն ու ուռճացող, ապազգային քաղաքներն էին… Խրախուսվում էր հերոսների բավականին լայն ընտրությունը: Իսկ գրական նոմենկլատուրային էլիտային թույլատրվում էր գրեթե ամեն ինչ, ընդհուպ մինչև հարազատ և միակ կոմկուսի շրջկոմի երկրորդ քարտուղարին քննադատելը: Սրանց նախասիրած ժանրերն էին՝ վեպը, պատմավեպը, ուղեգրությունը, սփյուռքը, հրապարակախոսությունը: Ոճը՝ խաղացկուն, հոնորարները՝ բարձր, տրամադրությունը՝ համապատասխանաբար:
Կային նաև ժողովրդական գրողներ, որոնց ժողովուրդը ճանաչում էր, ինքն էլ չհասկանալով, թե ինչու: Չէ, ինչ ուզում ես ասա, առաջ լավ էր: Բա իզո՞ւր էր Սայաթ-Նովայի նման բանաստեղծը գրել, որ երեկ լավ էր, քանց որ վաղը չէ մյուս օրը…
ԹՂԹԱԿԻՑ.- Ուրեմն էսօր ավելի լա՞վ է, քան թե վաղը…
ՄԱԵՍՏՐՈ.- Բա ո՜նց… ապրես: Ընդունակ տղա ես երևում: